«Վարչապետից մինչև թաղապետ՝ ոչ մի պաշտոն չեմ բացառում, միայն կաթողիկոսին բացառեք». Ալեն Սիմոնյան

«Տիգրան Ավինյանի ոտքի տակը ոչ ոք չի փորում»,- Ալեն Սիմոնյանը հերքել է, թե քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ հակասությունների մեջ է։

ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում տարածել էր վարչապետի տիկին Աննա Հակոբյանի տեսանյութը, որտեղ վերջինս խցանումների համար քննադատում էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ առանց նրա անունը տալու։

«Աննա Հակոբյանի տեսանյութը տարածել եմ, որովհետև ես Երևանում եմ ապրում։ 2018 թվականին Երևանի ավագանու անդամ էի, ուզում էի քաղաքապետ դառնալ, և այդ ժամանակվանից այդ խոսակցությունը մնացել է»,-ասաց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով՝ ինքը քննադատում է խցանումների գոյությունը։

Լրագրողների հարցին՝ արդյոք Սիմոնյանը հավակնում է քաղաքապետի պաշտոնին, Ալեն Սիմոնյանը բազմանշանակ պատասխան տվեց:

«Ես ոչ մի պաշտոն չեմ բացառում։ Ես ոչ մի բան չեմ բացառում՝ վարչապետից մինչև թաղապետ, միայն կաթողիկոսին բացառեք։ Չեմ բացառում նաև, որ ինչ-որ պահից քաղաքականությամբ այլևս չզբաղվեմ»,- հայտարարեց ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը։

​
XS
SM
MD
LG