Եթե Նոր Նորքում ես ապրում, երեխադ չպիտի դպրոց գնա, օրինակ, Մալաթիա Սեբաստիայում, անիմաստ խցանում է առաջանում. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի առաջարկն է սա:
«Երեխադ պիտի դպրոց գնա էնտեղ, որտեղ գնում է ոտքով», - զայրանում է քաղաքապետը:
Այլ գործոններ էլ կան՝ ըստ Ավինյանի. ի՞նչ գործ ունեն հին մեքենաները քաղաքում, այստեղ էլ սահմանափակում է պետք, իսկ վարորդներն անկարգ են, նաև նրանց մեղքով են խցանումները:
Քաղաքապետ Ավինյանը երևանյան անտանելի խցանումների հիմնավորումներ էլի ունի: Գլխավորն, ըստ նրա, այն է, որ տնտեսական աճի պայմաններում մարդիկ լավ եկամուտ ունեն, մեքենա են առնում ու խցանում քաղաքը:
Ուրեմն պետք է սահմանափակումներով զսպել մեքենաների շարժը քաղաքում, առավոտյան քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտարարեց Ավինյանը. - «Լուծումները բուլդոզերով տանելու եմ առաջ: Մեր ընդդիմությունը հայբուդուրը դնելու է, հիմա բողոքում են երթևեկության ծանրաբեռնվածությունից, հետո բողոքելու են, թե էս ի՞նչ եք անում՝ սահմանափակում եք մեր շարժը»:
Բայց երթևեկության ծանրաբեռնվածությունից միայն ընդդիմություն չէ, որ բողոքում է: «Երևանում տեղից տեղ գնալը ինֆարկտի բուն է». օրերս մեքենայից լայվով ենթադրաբար քաղաքապետին էր դիմել Հայաստանի թիվ մեկ պաշտոնյայի կինը՝ Աննա Հակոբյանը:
«Կան մարդիկ, ում համար այս հարցի պատասխանը վաղուց գտած լինելը աշխատանքային պարտականություն է: Ճիշտ է, ակնհայտորեն մի քիչ ավելի բարդ պարտականություն է, քան միլիոնավոր դոլարների ներդրում կատարող ընկերություններին շինարարական թույլտվություն տալն է», - շատ թափանցիկ ակնարկել էր տիկին Հակոբյանը:
Պաշտոնական տվյալներով՝ 2023 թվականին Երևանում բնակելի շենքի ու համալիրի 87 շինթույլտվություն է տրվել, 2024-ին՝ 85, 2025-ին՝ 31, այս տարվա առաջին 8 ամիսներին՝ 20 շինթույլտվություն: Զուգահեռ երկարաձգվում են չավարտված շենքերի շինթույլտվությունները:
Ավինյանը մինչդեռ պնդում է, որ նոր շենքները չեն մարդկանց ու ավտոների քանակն ավելացրել քաղաքում: Տեղահանված արցախցիները, ռուս - ուկրաինական պատերազմի հետևանքով Երևան եկածներն են բնակչության թիվն ավելացրել, այսօր հակադարձեց քաղաքապետը: Նա շատ գոհ է այդ նոր շենքների շինարարության տուրքեից, դրանով, ասաց, ֆուտբոլի դաշտեր ու կոյուղիներ են կառուցում:
Մինչ երևանյան անշարժացած փողոցների խնդիրը քաղաքական նրբերանգներ է ստանում, բայց այդպես էլ չի լուծում, մարդիկ իրենք են հնարներ փնտրում:
«Ես մեքենաս կայանել եմ Բարեկամությունում, մետրոյով եմ եկել, հիմա նույն ձևի մետրո կնստեմ, կգնամ Բարեկամություն, էնտեղից տուն», - ասում է Արմեն Մկրտչյանը:
Երևանցի տղամարդը հավելում է՝ գո՞ւցե մեքենաների թիվը կրճատել փորձող քաղաքային իշխանությունը Աջափնյակի մետրոն գլուխ բերեր, եթե այսօր հանրային տրանսպորտի հարցը լուծված լիներ, շատերը սեփական մեքենաները բակերում կթողներին:
«Ազատության» հետ զրույցներում մարդիկ ասում են՝ արդեն սովորել են՝ առավոտյան գործի, դասի հասնելու համար երկու ժամ շուտ պիտի դուրս գան տնից, տուն հասնեն հոգնած ու միայն անկողին մտնելու ցանկությամբ:
Մի տղամարդ Կիլիկիայից Գնունի ոտքով էր եկել, այդպես էլ տուն կվերադառնա, որովհետև ավելի արագ է ստացվում, քան տրանսպորտով:
Մեկ տարի առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այլընտրանքային փոխադրամիջոցներին՝ հեծանիվներին զարկ տալու մասին էր խոսում: Հենց ինքը կառավարության շենքից Բաղրամյան 26 գնալու ճանապարհին խցանման մեջ էր հայտնվել՝ հեծանիվով ու եզրակացրել՝ «խցանում էլ կա, խցանում էլ, դա խցանում չէ, քաոս է»:
Քաոսի մասին խոսում են բոլորը՝ երկրի առաջին դեմքը, մայրաքաղաքի առաջին դեմքը, առաջին տիկինը, ընդդիմադիրները, քաղաքացիները... Իսկ լուծումներ դեռ չկան, կա միայն հստակ արձանագրում՝ խցանում է, որովհետև մեքենաները շատ են: