«Բնական նյարդ կա թեմայի վերաբերյալ, ես էլ ունեմ այդ նյարդը». Ավինյանը՝ Երևանի խցանումների մասին

«Բնական նյարդ կա թեմայի վերաբերյալ, բոլորը ունեն այդ բնական նյարդը, ես էլ ունեմ այդ բնական նյարդը», - այսօր Երևանի ավագանու նիստում հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքի խցանումներին։

«Երևանում տեղից տեղ գնալը ինֆարկտի բուն է». օրերս մեքենայից ուղիղ եթերով ենթադրաբար քաղաքապետին էր դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը: Այսօր, ամենայն հավանականությամբ, Ավինյանի պատասխանը հենց Հակոբյանին էր ուղղված։

Կոնկրետ լուծումներ դեռ չկան, բայց քաղաքապետն այսօր խոսեց նորից խնդրի հիմնական պատճառների մասին՝ առանձանցնելով՝ ամենախնդրահարույցը։

«Շենքերը չեն ստեղծում խցանումներ, մարդկանց ավտոմեքենաներն են ստեղծում այդ խցանումները»,- պնդեց Ավինյանը՝ նշելով, որ Հայաստանում տնտեսական աճի և ֆինանսական ներհոսքերի արդյունքում մարդիկ ավելի մեծ հնարավորություններ ունեն և նոր մեքենաներ են ձեռք բերում։

Նույն հարցերը երեկ նաև բարձրացվել էին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Այսօր էլ Ավինյանը շարունակեց՝ սահմանափակումներ պետք է լինեն ու դրանք կարող են վերաբերել ոչ թե մարզերից Երևան մուտք գործող մեքենաներին, այլ մեքենաների տեսակին՝ կախված արտանետումներից և առողջությանը հասցվող վնասից։

Խցանումների պատճառների մասին խոսելիս ընդգծեց՝ «վարելու ցածր մշակույթ ունենք և հանրային տրանսպորտին բավարար առաջնահերթություն չենք տալիս»։

Ավինյանն առաջարկում է տեսախցիկներով ավելի հետևողական արձանագրել խաչմերուկների փակումը, հանրային քննարկման դնել նաև դպրոցների հասանելիության հարցը։

«Երեխաները պետք է հաճախեն իրենց բնակության վայրին մոտ գտնվող դպրոցներ, այլ ոչ թե քաղաքի մյուս հատվածներում գտնվող ուսումնական հաստատություններ, ինչը լրացուցիչ տրանսպորտային հոսքեր է առաջացնում»,- ասաց Ավինյանը։

Սակայն, այսօր էլ չհստակեցվեց՝ ինչ մեխանիզմներով, որ տարածքներում և երբ կարող են կիրառվել ավտոմեքենաների երթևեկության սահմանափակումները։

Քաղաքապետի խոսքով՝ խցանումների խնդրի լուծումները պետք է քննարկվեն հանրության հետ։

Ու մինչ Երևանի խցանումները քաղաքական բանավեճերի թեմա են դառնում, քաղաքում երթևեկությունը շարունակում է կաթվածահար մնալ, և մարդիկ փորձում են ինքնուրույն ելքեր գտնել։



​
XS
SM
MD
LG