«Յանդեքս Արմենիա»-ի վերլուծություններով՝ օրվա պիկ ժամերին՝ առավոտյան և երեկոյան, Երևանում հաճախ 10 բալանոց խցանում է լինում. ընկերության տվյալները ցույց են տվել, որ խցանումների խնդիրը անցած տարվա համեմատ խորացել է՝ եթե 2025-ի հոկտեմբերին 23 աշխատանքային օրերի 61 տոկոսի դեպքում էր խցանումների առավելագույն ցուցանիշը հասել 9 և ավելի բալի, ապա այս տարի արդեն հոկտեմբերին նման պատկեր է եղել 22 աշխատանքային օրերի 82 տոկոսի դեպքում:
Վերջին 12 տարում Հայաստանում ավտոմեքենաների թիվը հասել է շուրջ 1 միլիոնի, իսկ միայն Երևանում տարեկան ավելանում է շուրջ 15 հազար ավտոմեքենա։ Սա Երևանի քաղաքապետարանի պաշտոնական վիճակագրությունն է: Բայց սա, քաղաքապետ Ավինյանի խոսքով, խցանումների միակ պատճառը չէ:
«Ավտոմեքենաների վարորդների որոշ տեսակի իրավախախտումները բերում են շղթայական.... սա ասում եմ փաստված տվյալ մեր վերլուծություններով: Կան կոնկրետ տեսակի իրավախախտումներ, որոնց դեմ պայքարը պետք է էականորեն խստացնենք: Երրորդ՝ մեր հանրային տրանսպորտի առաջնահերթությունը, առանձնացված գծերը... դրանք քննարկման ենթակա չեն, դրանք ուղղակի պետք է սկսենք իրականացնել», - նշեց Տիգրան Ավինյանը:
Որ առաջնահերթությունը տրվի հանրային տրանսպորտին, քաղաքապետարանը մայրաքաղաքի մի շարք փողոցներում դրանց համար հատուկ գոտիներ է առանձնացրել, քանի որ ակնհայտ է՝ եղածը բավարար չէ, այս և հաջորդ տարիներին դրանց թիվն ավելացնելու են:
Կան նաև այլ առաջարկներ. Երևանի կենտրոն մտնող մասնավոր մեքենաների թիվն, ըստ քաղաքային իշխանության, պետք է նվազի։ Մարզերից ու ծայրամասերից եկող որոշ տեսակի մեքենաներ, ըստ այս առաջարկների, պետք է մնան քաղաքի սկզբնամասերում կառուցվելիք ավտոկայանատեղիներում։
Հաջորդ կետով խոստանում են ամբողջությամբ համալրել հանրային տրանսպորտի պարկը, որ կանգառներում մարդիկ ավելի քիչ սպասեն: Ավինյանը մի առաջարկ էլ ծնողներին ունի՝ երեխաներին ծայրամասերից կենտրոնների դպրոց չբերել, ասաց՝ իր երեխաներն օրինակ՝ Ավան վարչական շրջանում են դպրոց գնում:
Մինչ այս առաջարկները կքննարկվեն, մեկն արդեն այսօր ընդունվեց՝
փողոցներում կանգնած չշահագործվող մեքենաները սկսելու են հեռացնել:
Իսկ քաղաքապետարանը կարո՞ղ է պետական կառույցների հարակից տարածքներում հաճախ երկրորդ շարում կանգնած մեքենաները հեռացնել, հատկապես, եթե դրանք պետական համարանիշներով են: Դրանք, ի դեպ, նեղացնում են երթևեկելի հատվածը, խոչընդոտում տրանսպորտային հոսքին և լրացուցիչ խցանումներ առաջացնում։
«Իրականում ամենամեծ հարցն էր, որը սկզբնական կարգավորման մեջ մենք ունեինք: Հիմա փաստացի այն ձևով, ինչպես ընդունվել է Երևանի ՏԻՄ օրենքը կարելի է մեկնաբանել, որ դեռևս ունենք այդ քարշակները ներդնելու հնարավորությունը: Դա էլ մեր ՆԳՆ գործընկերները, այնուամենայնիվ, առարկում էին, իրենց առարկությամբ մի հատված հանել ենք, հիմա պետք է վերջնական քննարկում ունենանք: Այս պահի դրությամբ քաղաքական պայմանավորվածությունն այն է, որ մեր ՆԳՆ գործընկերները պետք է այդ քարշակներով զբաղվեն, մենք ուզեցել ենք հավելյալ միջոցներ ներդնել, մասնավորին էլ ներգրավել, որովհետև 3-4 քարշակով Երևանում այդ խնդիրը հնարավոր չէ լուծել», - ասաց քաղաքապետը:
Ավինյանը վստահեցնում է՝ քաղաքապետարանում արդեն արձանագրել են համակարգային խնդիրները և դրանց համապատասխանեցնում են ավագանու որոշումները։ Այս ամենից բացի, ըստ քաղաքային իշխանության ղեկավարի, խնդրի լուծման համար մշակել են համալիր միջոցառումների փաթեթ, որն այս տարի հանրային քննարկման կդնեն:
«Որոշ տեսակի ավտոմեքենաների քանակն ուղղակիորեն ազդում է NO2-ի թվերի աճին քաղաքում: Սկսելու են որոշակի ստանդարտների ներդրումների քննարկումներ Երևանում, տարբեր վարչական շրջաններում տարբեր ստանդարտներ ներդնելով ու կարգավորելով ավտոմեքենաների քանակը դրանով: Որը չի նշանակում, որ մարդն իր ավտոմեքենայով չի կարողանալու տվյալ վարչական շրջան մտնել: Դա նշանակում է, որ կարողանալու է մտնել ինչ-որ սահմանափակումներով: կան տարատեսակ լուծումներ, կան կենտ ու զույգ համարներով ավտոմեքենաների սահմանափակումները: Կան տուրքերի ներդրմամբ սահմանափակումները: Բոլոր լուծումները դրվելու են հանրային քննարկման, որ լուծումները կտեսնենք կա ընդհանուր առմամբ կոնսենսուս, ու այդ լուծումները լուծում են մեր ընդհանուր երթևեկության անընդհատության խնդիրը», - նշեց նա:
Մինչ Ավինյանը շարունակում է խոսել խցանումները թեթևացնելու ուղղությամբ իրենց արածից, չարածից ու անելիքներից Երևանում օր-օրի ավելանում են խցանումները, դժգոհություններն էլ հասել են պիկին: