«Նոր ընտրություններ ենք անելու ու ջախջախենք իրենց». Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

«Նոր ընտրություններ ենք անելու ու գնալու ենք ջախջախենք իրենց»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է անելու իշխանությունը, եթե ընդդիմությունը չաջակցի նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու նախաձեռնությանը։

«Նոր ընտրություններ անելու ոչ մի խնդիր չունենք։ ՀՀ իշխանությունը պատկանում է ժողովրդին, կգնանք իրենց մոտ, կասենք՝ էս ա, էս ա խաղաղություն ա, վերջին կետն ա, վերջին էջն ա, եկեք փակենք այդ էջը մեկընդմիշտ, որ ոչ երեխա չզոհվի, որ օտարերկյա գործակալներ չգան, օլիգարխներ չլինեն։ Կքվեարկեն...լավ, չէ՝ կհեռանանք»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Խորհրդարանական ընդդիմադիր ուժերը հայտարարել են, որ դեմ են քվեարկելու նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի ներկայացնելու հարցին՝ այն որակելով «Ալիևի սահմանադրություն»։ Ընդդիմության պնդմամբ՝ նոր Սահմանադրության նախագծից Անկախության հռչակագրին հղումը հանելու նախաձեռնությունը պայմանավորված է Ադրբեջանի պահանջով։

Բաքուն որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման պահանջում է Հայաստանի Սահմանադրության նախաբանից հանել Անկախության հռչակագրին հղումը, որում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ է տեսնում: Այդ փաստաղթում հիշատակում կա Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միավորման մասին: Արդեն հայտնի է, որ նոր Սահմանադրության նախաբանը չի պարունակելու հղում Անկախության հռչակագրին:

Իշխանությունները, մինչդեռ, պնդում են, որ Սահմանադրության ընդունումը Հայաստանի ներքին գործն է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար զգուշացնում է՝ եթե ընդդիմադիրների բարձրացրած հարցերին իշխանությունը դրական պատասխաններ տա և դրանց հետո անգամ խորհրդարանական ընդդիմությունը դեմ գնա նոր Սահմանադրությանը, նրանց դեմ հանրային ճնշում կգեներացվի:

Երեկ էլ խորհրդարանում վարչապետը հայտարարեց՝ չի նահանջի նոր Սահմանադրության օրակարգից և կհասնի նրան, որ գործող ընդդիմությունը՝ կալանավորված Սամվել Կարապետյանի ու Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժերը չլինեն Ազգային ժողովում:

«Վերջնական ու անշրջելի խաղաղության ճանապարհին մի խոչընդոտ ունենք ու այդ խոչընդոտը խորհրդարանական ընդդիմությունն է»,- հայտարարեց Փաշինյանը

«Ազատության» տեղեկություններով՝ նոր Սահմանադրության նախագծի հրապարակումից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով կդիմի ժողովրդին, իսկ տեքստը կհրապարակվի առաջիկա օրերին։

Ավելի վաղ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ նախագիծը կհրապարակվի մինչև նոյեմբերի վերջ։

Նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է առնվազն 70 կողմ քվեարկությունը: Վերջին խորհրդարանական ընտրություններում սահմանադրական մեծամասնություն չստացած «Քաղաքացիական պայմանագիրն» առանց ընդդիմադիրների 6 ձայնի չի կարող ընդունել այդ որոշումը: Ընդդիմությունը համարում է, որ երկրի մայր օրենքը փոխվում է Բաքվի պահանջով, ուստի հայտարարում են, որ չեն աջակցի իշխանությանն նախագիծը հանրաքվեի դնելու հարցում:

​
XS
SM
MD
LG