Մատչելիության հղումներ

Ստեղծվել է աշխատանքային խումբ՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար

Վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիոն կառավարման արդյունավետության հետ կապված խնդիրները քննարկելու համար:

Ըստ e-gov.am-ում հրապարակված որոշման՝ աշխատանքային խումբը եռամսյա ժամկետում պետք է գտնի այդ խնդիրների լուծման հնարավորությունները և հստակեցնի հետագա քայլերը:

Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանը:

Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովն էին պայմանավորվել համատեղ աշխատանքային խումբ ստեղծել՝ խնդիրները քննարկելու համար:

Տևական ժամանակ է՝ Երևանն առաջարկում է, որ Հայկական երկաթուղիների կառավարումը փոխանցեն և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկրի: Ռուսական կողմից արձագանքում էին՝ կոնցենսիայի պայմանների փոփոխության կամ պայմանագրի դադարեցման դեպքում կարող են ետ պահանջել իրենց կատարած ներդրումները՝ 400 միլիոն դոլարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո «Ռուսական երկաթուղիների» գլխավոր տնօրենն «Ազատությանն» ասել էր, թե կոնցեսիան դադարեցնելու հարցը չեն քննարկել, այդ մասին որևէ ակնարկ չկար նաև Հայաստանի կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրությունում:

Այսօր արդեն լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «մենք խնդիր չունենք ռուսական կոնցեղիայի հետ, մեր խնդիրն է, որ մեր երկաթուղին պետք է լինի մրցունակ»: Ըստ Փաշինյանի, ՌԴ-ից ասել են՝ կլուծեն երկաթուղին մրցունակ դարձնելու հարցը, հայկական կողմն էլ համաձայնել է:

«Ռուսական երկաթուղիների» գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովը Հայաստան էր ժամանել Նիկոլ Փաշինյանի հրավերով:


​
XS
SM
MD
LG