Մատչելիության հղումներ

Աշխատանքային խումբը պետք է ասի՝ պատրա՞ստ են ռուսները ներդրումներ անել հայկական երկաթուղում

Հայկական երկաթուղին, արխիվ
Հայկական երկաթուղին, արխիվ

«Ռուսական երկաթուղիների» գլխավոր տնօրենի հետ քննարկումից մեկ օր անց Հայաստանի վարչապետը հայտարարում է՝ երկաթուղու հարցով ռուսական կողմի հետ քննարկումներն առաջիկայում լինելու են ոչ թե կոնցեսիան այլ երկրի վաճառելու, այլ հայկական երկաթուղու մրցունակությունը բարձրացնելու շուրջ:

Նիկոլ Փաշինյանը, որ տարեսկզբից պնդում էր, թե սեփական երկաթուղին տնօրինելուն այլընտրանք չկա, քանի որ ռուսական կառավարման պատճառով այն շրջանցելու միտում կա, այսօր արդեն նշեց. - «Բայց եթե Ռուսաստանի մեր գործընկերներն ասում են, որ իրենք գիտեն ինչպես լուծել այդ հարցը, իրենք կարող են լուծումներ առաջարկել: Ես երեկ ասել եմ՝ շատ լավ, եկեք ձևավորենք աշխատանքային խումբ, որը եռամսյա ժամկետում կտա հարցերի պատասխաններ, թե ոնց է հայկական երկաթուղին դառնում մրցունակ, հատկապես որ զուգահեռ գործընթացներ կան»:

Երեկ վարչապետ Փաշինյանի հրավերով Երևան ժամանած «Ռուսական երկաթուղիների» տնօրենը Կառավարությունում բանակցություններից հետո ասել էր, թե կոնցեսիան դադարեցնելու հարց չի քննարկվել, այս մասին խոսք չկար նաև Կառավարության հաղորդագրությունում։

Մինչդեռ ընդամենը մեկ ամիս առաջ վարչապետն անգամ հայտարարում էր, թե Բիշքեկում Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններից հետո տպավորություն էր ստացել՝ Երևանն ու Մոսկվան պայմանավորվել են երկաթուղու կոնցեսիոն իրավունքը երրորդ երկրի վաճառելու ուղղությամբ։ «Ես կարծում եմ, որ դա լավագույն լուծումն է, մյուս տարբերակներն ինձ իրատեսական չեն թվում», - աել էր Նիկոլ Փաշինյանը։

Բիշքեկի բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահը խոսել էր ներդրումներից, շեշտել, թե դա կախված է բեռնափոխադրումների ծավալներից։

Երեկվա բանակցություններից հետո էլ դեռ հստակ չէ՝ Մոսկվան պատրա՞ստ է անհրաժեշտ ներդրումներն անել։ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ իր որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբն առաջիկայում նաև այդ հարցի պատասխանը կտա. - «Մենք պայմանավորվել ենք, որ աշխատանքային խումբը պետք է պատասխանի կոնկրետ հարցերի, և այդ հարցերը ձևակերպում է Հայաստանի կառավարությունը: Այդ հարցերից մեկն այն է, թե պատրա՞ստ է ռուսական կողմն անել ներդրումներ այս ոլորտում»։

Բացի ներդրումներից ու երկաթուղու արդիականացման անհրաժեշտությունից, վարչապետն անցած ամիսներին նաև նշում էր, թե հայկական երկաթուղին շրջանցելու խնդիրն ուղիղ կապ ունի ռուսական կառավարման հետ։ Եթե անգամ ռուսները ներդրումներ անեն, այս խնդիրն ինչպե՞ս է լուծվելու։ Փաշինյանն այսօր ասաց՝ եթե ռուսական կողմը ներդրում անի, ուրեմն վստահ է, որ նման խնդիր չկա։

«Մենք ասում ենք՝ շատ լավ, եթե այդպիսի համոզվածություն կա և մենք մոլորության մեջ ենք, դուք բերեք ներդրում արեք, եթե բերեք ներդրում անեք, նշանակում է՝ գիտեք, որ հետ է գնվելու, որովհետև ոչ մեկ ներդրում չի անելու՝ մտածելով, որ դա հետ չի գնվելու: Այսինքն՝ քաղաքական հարց է, ինչքանով կարելի անվանել քաղաքական, բայց շատ լավ, անվանում եք քաղաքական՝ թող լինի քաղաքական, այսինքն՝ այդ քաղաքական քննարկման լուծումն այդտեղ է, որովհետև եթե դրվում է այդ փողը, ուրեմն մեր փաստարկն այնքան էլ ճիշտ չէ, և մենք սխալ ենք հասկանում իրավիճակը, բայց եթե գումարը չի դրվում, նշանակում է՝ մենք ճիշտ ենք հասկանում իրավիճակը», - մանրամասնեց վարչապետը:

Ռուսական կողմն այս ընթացքում շատ կտրուկ էր արձագանքում կառավարումն այլ երկրի վաճառելու Երևանի առաջարկին, անգամ զգուշացնում էին, որ պայմանագրի դադարեցման դեպքում կարող են ետ պահանջել իրենց կատարած ներդրումները՝ 400 միլիոն դոլարը:

Ռուսական ընկերությունը 30 տարով է ստանձնել հայկական երկաթուղու կառավարումը, ժամկետը լրանում է 2038 թվականին, այն ևս 10 տարով երկարաձգելու համար կողմերը պետք է միմյանց համապատասխան առաջարկ ներկայացնեն մինչև 2027-ի օգոստոսը:



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG