Հայաստանի տարածք ապօրինի մտած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը հաջողացրել է աննկատ Հայաստանի տարածքում մնալ 5 օր՝ սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 1-ը:
Համաձայն այսօր հրապարակված մեղադրական եզրակացության, ժամկետային զինծառայող Մուսաևը, լքելով Լաչինում գտնվող իր ծառայության վայրը, սեպտեմբերի 26-ին Սյունիքի մարզի Իշխանասար բնակավայրի վարչական տարածքով հատել է Հայաստանի պետական սահմանը։
Թեև Մուսաևը Հայաստանի տարածք է մտել դեռևս սեպտեմբերի 26 -ին, ըստ ԱԱԾ հաղորդագրության, Ադրբեջանի իշխանությունները իրենց ժամկետային ծառայողի զորամասը լքելու մասին տեղեկությունը հայկական կողմին փոխանցել են 3 օր ուշ՝ սեպտեմբերի 29-ին:
Թե ինչ է արել ադրբեջանցի զինծառայողը Հայաստանի տարածքում սեպտեմբերի 26-ից մինչև սեպտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածը, պարզ չէ: Պաշտոնական հաղորդագրության մեջ այդ մասին ոչինչ չի ասվում: Միայն նշվում է, թե արդեն սեպտեմբերի 30-ին Մուսաևը հասել է Սիսիանի Շաքի գյուղ և մուտք գործել Անի Ավետիսյանի բնակարան, որտեղ գտնվել է մինչև հոկտեմբերի 1-ը:
Ստացվում է, որ զինված ադրբեջանի զինծառայողին հաջողվել է սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 1-ը անարգել շրջել է Հայաստանի տարածքով, ապա հաստատվել Շաքի գյուղում: Այդ ողջ ընթացքում ոչ սահմանապահ ծառայությունը, ոչ պաշտպանական գերատեսչությունը, և ոչ էլ համայնքային իշխանությունները նրան չեն հայտնաբերել: Արդեն հոկտեմբերի 1-ին Մուսաևին իրենց տանը հայտնաբերել են Անի Ավետիսյանի անչափահաս երեխաները: Ընդ որում, այդ ողջ ընթացքում Մուսաևը Հայաստանի տարածքում շրջել է զինված:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Մուսաևը զինված է եղել «AKM» տեսակի ինքնաձիգով, իր մոտ ունենալով 140 հատ մարտական և 10 հատ անգնդակ փամփուշտ, ինչպես նաև մեկ սվին-դանակ:
Թե ինչո՞ւ էր Մուսաևը իր մոտ 140 փամփուշտ ու ավտոմատ պահում, եթե որևէ մեկին վնասելու դիտավորություն չուներ, պարզ չէ: Այդ մասին պնդել էր Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ վստահեցնելով, թե Մուսաևը «սպանելու մտադրություն չի ունեցել, մոլորվել է ու սոված է եղել»:
Ադրբեջանցու հետ կռվի բռնված ու ծանր հրազենային վնասվածքներ ստացած Անի Ավետիսյանը մինչդեռ «Ազատության» հետ զրույցում պնդել էր՝ եթե չդիմադրեր՝ ոչ ինքը և ոչ էլ երեխաները կենդանի չէին մնա:
Մինչև տան տերերը կհայտնաբերեին զինված ադրբեջանցուն, վերջինս Ավետիսյանների տնից հափշտակել է բջջային հեռախոս, ժամացույց, մեկ տաբատ, գումար, բանկային քարտ և 2 ձախ կոշիկ:
Արդեն հոկտեմբերի 1-ին ժամը 14-ի սահմաններում, երբ Անի Ավետիսյանի անչափահաս 2 երեխաները Մուսաևին հայտնաբերել են իրենց տանը, զինված ադրբեջանցին երեխաներին զրկել է ազատությունից:
«Մուսաևը, անչափահասներ Ռոզի Ավետիսյանին և Քաջիկ Ավետիսյանին ազատությունից ապօրինի զրկելու դիտավորությամբ իր մոտ ապօրինի պահվող վերոհիշյալ «AKM» տեսակի ինքնաձիգով սպառնացել, ստիպել է նրանց նստել հյուրասենյակի բազմոցին և հանձնել իրենց մոտ գտնվող բջջային հեռախոսները։ Այդ եղանակով ճնշելով նրանց դիմադրելու հնարավորությունը՝ Մուսաևը անչափահասներին պարտադրել է գտնվել բնակարանի հյուրասենյակի իր մատնանշած վայրում՝ զրկելով առանձնատնից դուրս գալու, ազատ տեղաշարժվելու հնարավորությունից՝ նրանց կամքին հակառակ ապօրինաբար զրկելով ազատությունից», - նշված է գործի նյութերում:
Այդ ընթացքում արդեն մայրը՝ Անի Ավետիսյանը, դստեր հետ հեռախոսազրույցից տեղեկանալով, որ բնակարանում զինված մարդ կա, շտապել է իր տուն: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Մուսաևը, Անի Ավետիսյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, բնակարանի ներսում վերոհիշյալ ինքնաձիգից արձակել է վեց կրակոց։
Դրանցից մեկը դիպել է Անի Ավետիսյանի ձախ ազդրին՝ պատճառելով միջանցիկ հրազենային վիրավորում, ինչից հետո Անի Ավետիսյանին գցել է մահճակալին և բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին, այդպիսով դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածքներ:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Անին ամբողջությամբ կորցրել է ձախ ձեռքի բութ մատը, 3-4-րդ մատները՝ մասնակի: Ձախ ազդրի շրջանում ստացել բազմաբեկոր կոտրվածքի, մկանների և նյարդանոթային վնասում, ինչն առաջացրել է ուժեղ արյունահոսություն։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ այս արարքները կատարելուց հետո Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը դիմել է փախուստի և թաքնվել Շաքիի տներից մեկի անասնագոմի տարածքում, որտեղ նույն օրը՝ ժամը 16։15-ին, հայտնաբերվել և ձերբակալվել է իրավապահ մարմինների ծառայողների կողմից։
Մեղադրական եզրակացության մեջ երեխաների ստացած վնասվածքների մասին ոչինչ չի նշվում: Մինչդեռ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մորը պաշտպանելու ժամանակ երեխաներից մեկը ձեռքի կոտրվածք էր ստացել:
Ինչպե՞ս է ստացվել, որ ժամկետային Մուսաևին հաջողվել է 5 օր Հայաստանում անցկացնել և աննկատ մնալ բոլոր մարմիններից
ՔՊ-ական Արմեն Խաչատրյանն ասում էր, թե ճիշտ է՝ 5 օր է մնացել Հայաստանում, բայց Ադրբեջանը հայկական կողմին ավելի ուշ է տեղեկացրել իր զինծառայողի անհետացման մասին: Իսկ եթե դիվերսիոն ներթափանցում լինի, ինչի մասին հայկական կողմը բնականաբար չի զգուշացվի, այդ դեպքում ի՞նչ է արվելու դա կանխելու համար:
Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի իշխանական անդամը այսօր նշում էր, թե գործողությունների գաղտնի պլան կա, որը գործի է դրվում, երբ սահմանախախտման մասին տեղեկություն է ստացվում, դրանում ներգրավվում են ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, ՊՆ, և 10-ը մետրը մեկ սանրում են տարածքը, որտեղով որ շարժն իրականացվել է: Եվ այդ գաղտնի պլանն, ըստ Արմեն Խաչատրյանի, բավական հնացած է: Այն մշակվել է դեռևս Խորհրդային Միության տարիներին, և այժմ Շաքիի դեպքից հետո ուժային կառույցները՝ ԱԱԾ, ՊՆ, Ոստիկանությունը սկսել են վերամշակել այն:
«Բոլոր հատվածներում կա հսկողություն, ողջ գործառույթը պետք է հանձնվի սահմանապահ զորքերին», - նշեց Խաչատրյանը:
Ի դեպ, Իշխանասարի սահմանային հատվածը, որտեղով ժամկետային Մուսաևը ներթափանցել էր Հայաստան, ըստ իշխանական պատգամավորի, ոչ թե Պաշտպանության նախարարության, այլ հենց Ազգային անվտանգության ծառայության վերահսկողության ներքո է գտնվում: Եվ թերևս հենց դա էր պատճառը, որ Շաքիի միջադեպից հետո պաշտոնանկ արվեց ԱԱԾ փոխտնօրեն գեներալ-մայոր Դավիթ Սանամյանը:
Վերջինիս հիմնական պատասխանատվության ուղղությունը ԱԱԾ Սահմանապահ զորքերի համակարգումն ու վերահսկողությունն էր։ Սանամյանը, սակայն, պաշտոնանկությունից հետո շատ արագ կրկին պաշտոն ստացավ և դարձավ ԱԱԾ տնօրենի խորհրդական: Այս փաստը հաստատեց նաև Արմեն Խաչատրյանը: