Նոր Սահմանադրության ընդունումից հետո Հայաստանը կարող է ունենալ ստորագրված խաղաղության պայմանագիր, այսօր հայտարարեց Ազգային ժողովի նախագահը: Ռուբեն Ռուբինյանը թեև շարունակեց պնդել, որ սահմանադրական գործընթացը բացառապես ներքին օրակարգ է, միաժամանակ չհերքեց դրա հնարավոր արտաքին քաղաքական հետևանքները:
«Իսկ եթե ընդունվի, մենք կունենանք նոր Սահմանադրություն, որն առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ ընդունվել է ազատ, արդար, թափանցիկ հանրաքվեի արդյունքում: Մենք կունենանք նոր Սահմանադրություն, որը կհամապատասխանի մեր այսօրվա իրողություններին, և սրանից անջատ, քանի որ չհերքեցի, որ նոր Սահմանադրության ընդունումը կարող է ունենալ արտաքին քաղաքական հետևանքներ, մենք կարող ենք ունենալ նաև վերջնականապես ստորագրված և ավարտված խաղաղության պայմանագիր», - հայտարարել է Ռուբինյանը:
Ազգային ժողովի նախագահը դարձյալ պնդեց, թե նոր Սահմանադրության օրակարգը խաղաղության գործընթացի հետ կապել է ընդդիմությունը՝ հարց բարձրացնելով, թե արդյոք այդ փոփոխությունից հետո Ադրբեջանը կստորագրի նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը: Մինչդեռ ավելի քան մեկ տարի առաջ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահ, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն էր հայտարարել, որ Հայաստանին պետք է խաղաղության պայմանագիրը չվտանգող Սահմանադրություն: Մինչ այդ էլ վարչապետն էր նշել, որ նոր Սահմանադրության ընդունումը տարածաշրջանային նշանակություն կունենա:
«Այս քննարկումը բացվել է մեր հարգարժան ընդդիմադիր գործընկերների տված հարցից։ Այսինքն իրենք ասում են՝ չեն ստորագրի, մինչև նոր սահմանադրոթյւոն չլինի։ Եթե լինի նոր սահմանադրություն, վստա՞հ եք՝ կստորագրեն։ Մենք ասում ենք՝ շատ լավ, եթե հավելյալ երաշխիքներ են պետք, գուցե արժի գնալ այդ երաշքիների հետևից՝ ձեր առաջ բերած օրակարգի հարցի շուրջ»,- հավելել է ԱԺ նախագահը։
Նոր Սահմանադրության ընդունման դեմ պայքարող խորհրդարանական ընդդիմությունից աբսուրդ են որակում իշխանության մեկնաբանությունները, թե խաղաղության գործընթացը նոր Սահմանադրության ընդունման հետ կապել են իրենք իրենց հարցերով: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հիշեցրեց՝ տևական ժամանակ է՝ Ադրբեջանի նախագահը հրապարակային ասում է՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կստորագրի, եթե նոր Սահմանադրություն ընդունվի:
«Իշխանությունը վերջը պետք է պատասխանի՝ Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղություն է ուզում, թե պատերազմի առիթ է ման գալիս»,- հայտարարել է պատգամավորը։
Արդյոք իշխանությանը կհաջողվի ստանալ ընդդիմության աջակցությունն ու փաստաթուղթը դնել հանրաքվեի, պարզ չէ: Բայց վարչապետ Փաշինյանը դեռ քարոզարշավի փուլում էր մարդկանց զգուշացնում՝ եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չստանա, սեպտեմբերին աղետաբեր պատերազմ կլինի: Նրա թիմակից Ռուբեն Ռուբինյանին հարցրինք՝ եթե ամեն դեպքում նոր Սահմանադրության նախագիծը հասնի հանրաքվեի, բայց չանցնի, խաղաղության գործընթացը կվտանգվի՞:
«Ազատության» այս հարցին էլ Ռուբինյանը պատասխանեց, թե «կախված է՝ Սահմանադրությունը ինչ կերպով չի ընդունվի, ինչ տրամաբանությամբ և ինչ ձևակերպմամբ»:
Ընդդիմության գնահատմամբ՝ Հայաստանի համար այդ հանրաքվեի ցանկացած ելք վտանգավոր է, ուստի իրենք չեն խախտի ընտրողներին տված խոստումն ու թույլ չեն տա, որ փաստաթուղթը խորհրդարանից դուրս գա: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները մոտ մեկ ամիս է՝ կոչ են անում ընդդիմադիրներին չարգելափակել նախագծի ընդունումն ու թույլ տալ, որ ժողովուրդն իր քվեարկությամբ որոշում կայացնի:
«Ասում են՝ մոռացեք, հաղթահարեք դա, ձեր ֆիլտրի դերը մի իրականացրեք, ժողովրդի վրա գցեք։ Խոշոր հաշվով մեզ առաջարկում են ժողովրդի վրա գցել ամբողջ պատասխանատվությունը․ բա ընդդիմությա՞ն պատասխանատվությունը, որ ժողովրդից ստացել է՝ ժողովրդի վրա չգցել այդ պատասխանատվությունը։ Ինձ այստեղ գործուղել են, որ այդ հարցում կողմ չքվեարկեմ, ի՞նչ բացատրություն պետք է բերեմ»,- արձագանքել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Սպասվում է, որ առաջիկա օրերին կհրապարկվի նոր Սահմանադրության նախագիծը, թե ինչքան կտևեն քննարկումները, երբ այն կհասնի Ազգային ժողով, ոչ մի ժամկետ չի նշվում:
Նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է առնվազն 70 կողմ քվեարկությունը: Վերջին խորհրդարանական ընտրություններում սահմանադրական մեծամասնություն չստացած «Քաղաքացիական պայմանագիրն» առանց ընդդիմադիրների 6 ձայնի չի կարող ընդունել այդ որոշումը: Ընդդիմությունը համարում է, որ երկրի մայր օրենքը փոխվում է Բաքվի պահանջով, ուստի հայտարարում են, որ չեն աջակցի իշխանությանն նախագիծը հանրաքվեի դնելու հարցում: