Մատչելիության հղումներ

Սահմանադրության փոփոխության հարցը Ադրբեջանը ներկայացնում է ոչ թե որպես պահանջ, այլ՝ նախապայման. Միրզոյան

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարում է, որ Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրության փոփոխության վերաբերյալ ոչ թե պահանջ է դնում, այլ նախապայման է ներկայացնում:

«Ադրբեջանը ոչ թե Հայաստանի առաջ պահանջ է դնում, այլ հրապարակային ասում է՝ մենք չենք ստորագրի, նախաստորագրել ենք, մեր քաղաքական կամքը ցույց ենք տվել, հանձնառություն ստանձնել ենք և իրականությունը կա, բայց չենք ստորագրի, քանի դեռ Հայաստանը չի փոխել Սահմանադրությունը», - հայտարարեց Միրզոյանը Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայ-ամերիկյան TRIPP նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման հարցի քննարկումը:

«Նախապայմանը պահանջ բառից էականորեն տարբեր է»,- ընդգծեց ԱԳ նախարարը՝ հավելելով, որ իրավիճակն ունի նրբություններ, որոնք պետք է հաշվի առնել։

Ադրբեջանը Հայաստանի Անկախության հռչակագրի՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին ձևակերպումները տարածքային պահանջ է համարում և Հռչակագրին հղումը Սահմանադրությունից հանելը խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման է դարձրել:

Հայաստանի վարչապետը օգոստոսի վերջին նոր Կառավարության ծրագիրը Ազգային ժողովում ներկայացնելիս հայտարարեց՝ Անկախության հռչակագրին հղումը նոր Սահմանադրությունում չպետք է լինի: Ժամկետներից Նիկոլ Փաշինյանը չխոսեց, միայն ասաց՝ նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի առաջիկա ամիսներին:

«Այո, Ադրբեջանն ասում է՝ «ես նախաստորագրել եմ համաձայնագիրը, բայց պատրաստ չեմ այն ստորագրել, քանի դեռ ձեր Սահմաադրությունը այսպիսին է», մենք ասում ենք՝ մեր Սահմանադրության մեջ ոչ մի մտահոգիչ բան չկա, այն, ինչ մտածում եք, որ մտահոգիչ է, ամենակարճ ճանապարհն այդ մտահոգությունները փարատելու՝ հենց նախաստորագրված համաձայնագիրը ստորագել ու վավերացնելն է, որովհետև այդ պայմանագրում բոլոր այդ հարցերի պատասխանը տրվում է: Այսինքն, մենք չենք կիսում այս հարցում Ադրբեջանի մոտեցումը, Ադրբեջանն էլ ասում է՝ «ես էլ չեմ կիսում ձեր մոտեցումը», - ասաց Միրզոյանը:

Միաժամանակ արտգործնախարարը պնդեց, որ այս պահին չկա Հայաստանի Սահմանադրության մասով որևէ պահանջ, որի շուրջ հիմա բանակցում են Հայաստանն ու Ադրբեջանը. «Ուրիշ բան, որ հրապարակային իրենց մտքում կա այդպիսի պայման»:

«Հայաստանի Հանրապետությունը նույնիսկ մինչև վաշինգտոնյան գագաթնաժողովն ասել է, որ մենք օր առաջ պատրաստ ենք սկսել խորհրդակցություններ, որոշելու ստորագրման տեղն ու ժամը, մեր այս մոտեցումը հիմա էլ է կիրառելի: Դա հա, էլի կան հարցեր, որ դեռ պետք է բանակցենք, հասկնանք», - ասաց Միրզոյանը՝ առանց հստակեցնելու, թե ինչ հարցերի մասին է խոսքը:

Ըստ Միրզոյանի, պետք է ստորագրել, վավերացնել համաձայնագիրը. «Եվ անցնենք առաջ, ու Հայաստանի համար իսկապես նոր դարաշրջան փացենք»:

2025-ի օգոստոսի 8-ին՝ Երևանն ու Բաքուն Սպիտակ տանը նախաստորագրեցին հայ – ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը: ԱՄՆ նախագահի ներկայությամբ նախաստորագրված փաստաթուղթը կողմերը պատմական որակեցին, իսկ դրան հաջորդած ամիսներին հայտարարում էին, թե երկու երբեմնի թշնամիների միջև խաղաղությունը փաստացի հաստատված է:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG