Փաշինյան-Ալիև հանդիպումը դրական է անցել. Ռուբինյան

Դուբլինում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը դրական է անցել, այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ առանց մանրամասնելու, թե ինչ արդյունքներ են արձանագրվել:

«Ես չեմ մասնակցել դուբլինյան հանդիպմանը։ Վաղը վարչապետը և կառավարության անդամները կլինեն ԱԺ-ում, և հարցուպատասխանի ընթացքում առիթ կլինի, որպեսզի ներկայացնեն մանրամասները։ Գիտեմ՝ դրական է անցել, այլ մանրամասներ, կարծում եմ, կառավարությունը պետք է ներկայացնի», - ասել է ԱԺ նախագահը։

Փաշինյանն ու Ալիևը հանդիպել էին նոյեմբերի 12-ին՝ Դուբլինում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։ Երկու երկրների տարածած նույնաբովանդակ հաղորդագրությունների համաձայն՝ առաջնորդները քննարկել էին խաղաղության գործընթացը, սահմանազատումը, տնտեսական համագործակցությունն ու Հայաստանի տարածքով անցնող «Թրամփի ուղի» (ԹՐԻՓՓ) նախագիծը:

​
XS
SM
MD
LG