Բարձրագույն դատական խորհուրդը քննում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և ևս վեց բարձրաստիճան հոգևորականների քրեական գործով ինքնաբացարկ հայտնած դատավոր Հակոբ Մանուկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։
Ավելի վաղ Արդարադատության նախարարն էր Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություն ներկայացրել։
Քրեական գործը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան էր մուտքագրվել 2026 թվականի հուլիսի 27-ին և մակագրվել դատավոր Հակոբ Մանուկյանին։ Օգոստոսի 7-ին՝ առաջին դատական նիստի օրը, դատավորը ինքնաբացարկ էր հայտնել՝ պատճառաբանելով Կաթողիկոսի փաստաբան Արա Զոհրաբյանն է ժամանակին իրեն փաստաբանի արտոնագիր տվել: Դատավորի գնահատմամբ՝ այս հանգամանքը կարող էր անաչառ դիտորդի մոտ կասկած հարուցել իր օբյեկտիվության վերաբերյալ։
Գարեգին Երկրորդն ու վեց բարձրաստիճան հոգևորականները մեղադրվում են դատական ակտը չկատարելու համար:
Կաթողիկոսը պաշտոնանկ էր արել Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, իսկ դատարանը պարտավորեցրել էր վերականգնել հոգևորականին իր պաշտոնում: Մայր Աթոռը, սակայն, չվերականգնեց ու կարգալույծ արեց նրան՝ հայտարարելով, որ այս հարցերը դատարանի տիրույթում չեն, սա միջամտություն է եկեղեցու ինքնավարությանը: