«Ավտոմատի վրա մեղադրյալի մատնահետքը չի հայտնաբերվել». ինչո՞ւ է քննիչը «մակերեսային քննել» Փարաքարի համայնքապետի սպանությունը

«Հերյուրանք է». նախկին փոխոստիկանապետի արձագանքը

Նախկին փոխոստիկանապետը հերքում է, թե սպառնալիքներով ցուցմունք է կորզել Փարաքարի համայնքապետի սպանության գործով՝ հերյուրանք որակելով գլխավոր մեղադրյալի իր հասցեին արած պնդումները:

Վոլոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանը երեկ դատարանում պնդել էր, թե ինքը չի սպանել ընդդիմադիր համայնքապետին, իսկ ինքնախոստովանական ցուցմունքը տվել է փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանի կողմից իր ընտանիքի հասցեին հնչեցրած սպառնալիքների ներքո:

«Առանձնապես մեկնաբանություն չունեմ, քրեական վարույթի շրջանակներում բավականին ապացույցներ կան ձեռք բերված, իր ասածը ընդամենը հերյուրանքներ է, ինքն էլ անփորձ երիտասարդ է», - ասաց Վարդանյանը:

Վարդան Վարդանյանը, արխիվ
Վարդան Վարդանյանը, արխիվ

Մինչդեռ երեկ դատարանում ցուցմունք տված մեղադրյալ, 20-ամյա Գևորգ Հարությունյանը մանրամասներ էր հայտնել, թե ինչպես է նախկին բարձրաստիճան ոստիկանը նախ սպառնացել, որ վնաս կտան փոքր քրոջը, ապա նաև մատնացույց արել ամայի մի տարածքում քարի տակ պահված սպանության գործիք զենքի տեղը և այն ճանապարհը, որով իբրև թե փախել է սպանությունը կատարելուց հետո:

Ինչո՞ւ է Վոլոդյա Գրիգորյանի գործով գլխավոր մեղադրյալը տալիս հենց նախկին փոխոստիկանապետի անունը, ինչո՞ւ է հենց նրա հասեցին նման մեղադրանքներ հնչեցնում: «Ազատության» այս հարցին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության նախկին պետ Վարդան Վարդանյանն այսօր չցանկացավ պատասխանել. «էլ մեկնաբանություն չունեմ, կարծում եմ սրանով ամեն ինչ ասված է»:

«Ազատություն». - Այսինքն չե՞ք սպառնացել:

Վարդան Վարդանյան. - Իհարկե ոչ, ձեռք են բերվել մի շարք ապացույցներ, որոնք ապացուցում են իր սպանություն կատարելու փաստը:

«Ազատություն». -Բայց ավտոմատի վրա մատնահետք չկա (ըստ փաստաբանի):

Վարդան Վարդանյան. - Մնացածը կարծում եմ դատաքննության փուլում էդ ապացույցները ի հայտ կգան: Իր ասածները հերյուրանքներ են:

«Ազատություն». - Զենքի տե՞ղն էլ դուք մատնացույց չեք արել իրեն:

Վարդան Վարդանյան. - Դե ես արդեն ասեցի:

Արդյոք պատրա՞ստ է նաև դատարանում պնդել, որ գլխավոր մեղադրյալը հերյուրանքներ է տարածում իր հասցեին, նախկին բարձրաստիճան ոստիկանն ասաց՝ «տեսնենք»: Այլ հարցերի Վարդան Վարդանյանը հրաժարվեց պատասխանել, հաստատելով, որ այլևս ոստիկանության համակարգում չի աշխատում:

Վարդանյանը Ներքին գործերի նախարարի հրամանով պաշտոնանկ է արվել այս տարվա սկզբին:

ՆԳ նախարարի արձագանքը

Այս թեմային «Բուն TV»-ի տաղավարում անդրադարձել է նաև Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ պնդելով՝ որ Վարդան Վարդանյանն անմեղ է և դատարանում արված հայտարարությունն իրականանության հետ կապ չունի:

«Դեպքի ժամանակահատվածում ես եղել եմ Վաղարշապատի ոստիկանության բաժնում, գիտեմ A-Z ինչպես է տեղի ունեցել պրոցեսը, ինչ ապացույցներ է վարույթն իրականացնող մարմինը ձեռք բերել և իրավաչափ եղանակով հաստատել: Դրա համար եմ ասում, որ անհեթեթ հայտարարություն է հնչել դատարանում», - ասաց Սարգսյանը:

Իսկ թե ինչո՞ւ է Վարդանյանը պաշտոնանկ արվել, նախարարը պատասխանեց. «Ընդամենը կադրային շարժի արդյունքում»:

«Ավտոմատի վրա մեղադրյալի մատնահետքը չի հայտնաբերվել». փաստաբան

Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի սպանության գործով գլխավոր մեղադրյալի՝ դատարանում արված երեկվա աղմկահարույց հայտարարությունից հետո Գլխավոր դատախազությունն առայժմ հանցագործության մասին հաղորդում չի ներկայացրել:

Մինչդեռ մեղադրյալի փաստաբան Հովսեփ Սարգսյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ հանրային մեղադրողի պարտականությունն է Գևորգ Հարությունյանի ցուցմունքը հիմք ընդունելով քրեական վարույթ նախաձեռնել կամ դա հանձնարարել Հակակոռուպցիոն կոմիտեին՝ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ կեղծ ապացույցներ ստեղծելուն դրդելու համար:

Փաստաբանը պնդում է, որ Քննչական կոմիտեն մակերեսային քննություն է կատարել, չի կատարել մի շարք փորձաքննություններ, որոնք կարող էին ապացուցել Գևորգ Հարությունյանի անմեղությունը:

Մասնավորապես, ըստ փաստաբանի, սպանության գործիք ավտոմատի վրա չեն հայտնաբերվել մեղադրյալ Գևորգ Հարությունյանի մատնահետքներն ու ԴՆԹ նմուշները, փոխարենը հայտնաբերվել է այլ անձի ԴՆԹ նմուշ:

Մերձավան - Ոստիկանները Փարաքարի համայնքապետի և ընկերոջ սպանության վայրում, 24-ը սեպտեմբերի, 2025 թ.
Մերձավան - Ոստիկանները Փարաքարի համայնքապետի և ընկերոջ սպանության վայրում, 24-ը սեպտեմբերի, 2025 թ.

Պարզ չէ նաև, թե ինչպես է գործը հսկող դատախազը հաստատել քննիչի մեղադրանքն ու ուղարկել դատարան:

«Հայտնաբերված հանցագործության գործիք հանդիսացող ավտոմատ հրազենի վրա և դրանից կրակված գնդակների և պարկուճների վրա որևէ մատնահետք կամ ԴՆԹ հատկանիշներ պարունակող նմուշներ չեն հայտնաբերվել, որոնք կարող էին նույնականացվել Գևորգ Հարությունյանի հետ: Այսինքն քննությամբ չի ձեռք բերվել որևէ տվյալ, որ Գևորգ Հարությունյանը կապ ունի հանցագործության հետ կապ ունեցող հրազենի հետ: Հայտնաբերվել է մեկ արական սեռի անձի ԴՆԹ նմուշ, որը չի նույնականացվել Գևորգ Հարությունյանի հետ», - ասում է փաստաբանը՝ հավելելով՝ «մենք ունենք փաստացի հանցագործության գործիք զենքը, բայց չունենք կատարողին»:

Ի դեպ, փաստաբանը փոխանցմամբ, ըստ գործի նյութերի, մյուս մեղադրյալի՝ Նարեկ Օհանյանի տնից հայտնաբերվել են ձեռնոցներ և պայուսակ, որոնց վրա առկա են եղել Գևորգ Հարությունյանին պատկանող ԴՆԹ նմուշներ: Փաստաբանն ասում է՝ պետք է հասկանալ, թե այդ ձեռնոցները, պայուսակն ու հեռադիտակը ինչ կապ ունեն այլ վայրում հայտնաբերված սպանության գործիք ավտոմատի հետ:

Ըստ փաստաբանի՝ քննիչը խորամուխ չի եղել մի շարք այլ հանգամանքներ պարզելու համար

Մասնավորապես նրա խոսքով՝ Գևորգ Հարությունյանը բանակում չի ծառայել, զինծառայությունից ազատվել է ողնաշարի խնդիրների պատճառով:

Քննիչը, ըստ փաստաբանի, ունեցել է այդ տվյալները, բայց գործի քննության ընթացքում այդպես էլ փորձաքննություն չի արել և չի ստուգել արդյոք այդ հիվանդության մասին վկայող փաստաթղթերը համապատասխանո՞ւմ են իրականությանը, և եթե այո, արդյոք այդ պարագայում մարդը կարո՞ղ էր սպանություններ կատարել, թե՞ ոչ:

«Գրիժաների պարագայում, ըստ մասնագետների, նա չէր կարող ակտիվ գործողություններ կատարել, ցանկացած ակտիվ գործողության դեպքում իր մոտ սուր ցավեր են առաջանում, ընդհուպ մինչև գիտակցության կորուստ: էս տվյալները քննիչը ունեցել է նախաքննության ընթացքում: Բայց չի արել դատաբժշկական փորձաքննություն», - նշում է փաստաբանը:

Հովսեփ Սարգսյանի փոխանցմամբ՝ քննիչը նաև նույնականացման փորձաքննություն չի արել, պարզելու համար արդյոք տեսախցիկների արձանագրած սպանության կադրերում երևացող անձը որևէ նմանություն ունի մեղադրյալի հետ, թե՝ ոչ:

«Դեպքի պահին Գևորգ Հարությունյանն ունեցել է 145 կգ քաշ, հիմա 140 է, պետք էր պարզել էդ ֆիզիանոմիայով, կամ սիլուետով անձը արդյոք կարո՞ղ է նույնացվել տեսագրության մեջ վազող ու կրակող անձի հետ, դա էլ չի արվել: Նույնականացման վերաբերյալ փորձաքննություն չի արվել», - ասում է փաստաբանը:

Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանն ու նրա ընկերը սպանվել էին անցած տարի սեպտեմբերին՝ Մերձավանում: Դեպքից մի քանի օր անց Քննչական կոմիտեի ղեկավարը հայտարարել էր, թե սպանության համար մեղադրվող Գևորգ Հարությունյանը ինքնախոստովանական ցուցմունք է տվել՝ ասելով, թե շարժառիթը վրեժխնդրությունն է եղել:

Այս գործով Գևորգ Հարությունյանից բացի կալանավորվել էր նաև Մերձավանի բնակիչ Նարեկ Օհանյանը, նա էլ մեղադրվում է սպանությունը կազմակերպելու համար:




​
XS
SM
MD
LG