Մատչելիության հղումներ

Օլեշկիից տարհանվել է 750-ից ավելի մարդ

Ուկրաինա - Օլեշկիի տարհանված բնակիչներին տեղափոխող ավտոբուսները, 30-ը հոկտեմբերի, 2026թ.
Ուկրաինա - Օլեշկիի տարհանված բնակիչներին տեղափոխող ավտոբուսները, 30-ը հոկտեմբերի, 2026թ.

Ուկրաինայի՝ ռուսների կողմից օկուպացված Օլեշկի քաղաքից երեկ 25 ավտոբուսներով տարհանվել է 750-ից ավելի մարդ: Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպան Յանա Լանտրատովան հայտարարել է, որ մարդասիրական առաքելությունը Օլեշկիում ավարտվել է, այն անցել է «կազմակերպված և առանց միջադեպերի»:

Լանտրատովայի խոսքով՝ բռնակցված Ղրիմի հյուսիսում Արմյանսկի շրջանում շարասյուները պետք է բաժանվեին. Ուկրաինա մեկնել ցանկացողները շարունակելու էին ճանապարհը, Ռուսաստանում ապրել ցանկացողներն ուղարկվելու էին ժամանակավոր բնակության կետեր:

Մարդասիրական միջանցքի ապահովմանը մասնակցած ուկրաինական պատվիրակությունը տարհանվածների հետ ուղևորվել է Անապա: Ուկրաինայի խորհրդարանում իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան այսօր փոխանցել է, որ Անապայից այսօր չորս օդանավերով ժամանել են Բելառուսի Գոմել քաղաք, որտեղից ավտոբուսներով մի քանի ժամից կհասնեն Ուկրաինա:

Ուկրաինական և ռուսաստանյան պատվիրակությունները Օլեշկի էին ժամանել երեկ, օկուպացված քաղաք էին տարել մարդասիրական օգնություն, այդ թվում՝ սննդամթերք, դեղորայք, խմելու ջուր, հիգիենայի պարագաներ և վառելիք գեներատորների համար:

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը, ում միջնորդությամբ Օլեշկիում հաստատվել է հումանիտար հրադադարը, գրել է, որ մարդասիրական գործողությունները Խերսոնի մարզում անցկացվում են կողմերի միջև ձեռք բերված համաձայնություններին համապատասխան:

Օլեշկին Ուկրաինայի հարավում է` Խերսոնի մարզում, Դնեպրի՝ Խերսոն քաղաքի հանդիպակաց ափին: Պատերազմից առաջ քաղաքում շուրջ 24 հազար մարդ է ապրել: Պատերազմի սկսվելուց ի վեր Օլեշկին մարտական գործողությունների առաջնագծում է, և քաղաքի բնակչության մեծամասնությունը տեղահանվել կամ տարհանվել է: Մինչև տարհանումը այնտեղ մնում էր, ըստ գնահատականների, 1700-2000 մարդ՝ հիմնականում տարեցներ, որոնք ի վիճակի չեն եղել հեռանալ, և մոտ հինգ տասնյակ երեխաներ:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG