Մատչելիության հղումներ

Մարդասիրական օգնություն տեղափոխող ավտոշարասյունը մեկնել է օկուպացված Օլեշկի

Ռուսաստանի և Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպաններ Յանա Լանտրատովան և Դմիտրո Լյուբինեցը զրուցում են լրագրողների հետ Օլեշկի մարդասիրական օգնություն տեղափոխող ավտոշարասյան դիմաց, 30-ը հոկտեմբերի, 2026թ.
Ռուսաստանի և Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպաններ Յանա Լանտրատովան և Դմիտրո Լյուբինեցը զրուցում են լրագրողների հետ Օլեշկի մարդասիրական օգնություն տեղափոխող ավտոշարասյան դիմաց, 30-ը հոկտեմբերի, 2026թ.

Այսօր առավոտյան մարդասիրական օգնություն տեղափոխող ավտոշարասյունը մեկնել է Ուկրաինայի Խերսոնի մարզի Օլեշկի քաղաք, որը ռուսական օկուպացիայի տակ է արդեն մի քանի տարի: Ավտոշարասյունը քաղաք է տանում սնունդ, դեղորայք, խմելու ջուր, հիգիենայի պարագաներ և վառելիք գեներատորների համար։

Ինչպես տեղեկացնում է «Ազատության» ռուսական ծառայությունը, ավտոշարասյան հետ Օլեշկի են մեկնել լրագրողներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից և Ուկրաինայից։

Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպան Դմիտրո Լուբինեցն ասել է, որ շարասյունը կժամանի Օլեշկիի կենտրոնական հիվանդանոց։ Օգնության բաշխումը նախատեսված է սկսել Մոսկվայի ժամանակով ժամը 14:30-ից հետո (Երևանի ժամանակով 13:30-ից)։ Քաղաքը լքել ցանկացող բնակիչները կարող են տարհանվել մինչև ժամը 14:00-ն։ Այս նպատակով պատրաստվել է 25 ավտոբուս, որոնք կարող են առնվազն 750 մարդու տեղափոխել:

Ռուսական կողմը երեկվանից ականազերծում էր Օլեշկի տանող ճանապարհները: Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրատովան հայտնել է, որ ականազերծման աշխատանքների ժամանակ զոհվել է երկու մարդ, այդ թվում՝ մեկ սակրավոր։

Մահվան հանգամանքները և երկրորդ զոհի ինքնությունը չեն բացահայտվել: Լանտրատովայի խոսքով՝ արդեն ձեռնարկվել են անվտանգության անհրաժեշտ միջոցառումներ:

Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածք վերադառնալ ցանկացող բնակիչների տարհանումը կիրականացվի Ռուսաստանի Անապա քաղաքով անցնող երթուղով։ Այնտեղից մարդիկ, ուկրաինական պատվիրակության հետ միասին, Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմական տրանսպորտային ինքնաթիռով կտեղափոխվեն Բելառուսի Գոմել քաղաք։ Չվերթը նախատեսվում է իրականացնել հոկտեմբերի 31-ին։ Հետագա երթուղին դեռևս որոշված չէ։

Մարդասիրական գործողությունը տեղի է ունենում Օլեշկիում ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի միջնորդությամբ հաստատված հրադադարի շրջանակում, որն ուժի մեջ է հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 1-ի ուշ գիշեր: Առաքելության մասնակիցների խոսքով՝ ուրբաթ առավոտվա դրությամբ հրադադարի խախտումներ չեն գրանցվել: Գործողությունը համակարգում են Լանտրատովան և Լյուբինեցը։

Օլեշկին ռուսական օկուպացիայի տակ է 2022 թվականից: Ուկրաինայի իշխանությունների գնահատականներով՝ քաղաքում մոտ 2000 բնակիչ կա:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG