Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպան Յանա Լանտրատովան հայտարարել է, որ արտասահմանյան լրատվամիջոցների թղթակիցների հետ մարդասիրական առաքելությամբ մեկնում են Օլեշկի, հայտնում է ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը։
Օլեշկին Ուկրաինայի Խերսոնի մարզում գտնվող քաղաք է, որը ռուսական զինուժը գրավել է: Քաղաքում արդեն երկու օր է՝ ուժի մեջ է մտել մարդասիրական առաքելության համար հայտարարված հրադադարը, որը համաձայնեցվել էր ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի դիվանագիտական ջանքերի շնորհիվ:
Ռուսաստանի օմբուդսմենն ընդգծել է, որ քաղաքում հրադադարի ընթացքում միջադեպեր չեն եղել. զինվորականները մաքրում են ճանապարհն ականներից։
Ինչպես ավելի ուշ հաղորդել է բելառուսական պետական լրատվական «Բելտա» գործակալությունը, ռուսական պատվիրակությունը ժամանել է Գոմելի օդանավակայան՝ Խերսոնի մարզ թռիչք կատարելու համար։
Լանտրատովան պարզաբանել է, որ հրադադարը կտևի մինչև նոյեմբերի 1-ը, ժամը 22:59-ը: Ըստ ծրագրի՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները նախ պետք է սնունդ և դեղորայք բերեն քաղաք, որը երկար ժամանակ զրկված է էլեկտրաէներգիայից, ջրից և ջեռուցումից, իսկ վերջին ամիսներին՝ նաև սննդից։
Դրանից հետո քաղաք մտնող և դուրս եկող ճանապարհները մասամբ կմաքրվեն ականներից և կկազմակերպվեն ելքի ուղիներ նրանց համար, ովքեր ցանկանում են հեռանալ։ Տարհանումը նախատեսված է հոկտեմբերի 30-ին: