Մատչելիության հղումներ

Մելանյա Թրամփի ջանքերով Օլեշկիում հրադադար է հաստատվում

Լրացված
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփ, արխիվ
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփ, արխիվ

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հաջողությամբ լոկալ հրադադար է ապահովել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Օլեշկի քաղաքում, հաղորդում է Սպիտակ տունը:

Հաղորդագրության համաձայն, թե՛ Մոսկվան և թե՛ Կիևը համաձայնել են ժամանակավորապես դադարեցնել ուկրաինական այդ քաղաքում ռազմական գործողությունները՝ թույլ տալու մարդասիրական օգնությանը տեղ հասնել և պատրաստել քաղաքացիական անձանց տարհանումը հատկացվելիք ապահով ուղով:

Հրադադարն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 29-ին:

«Իրավիճակը Օլեշկիում սոսկալի է: Օլեշկին ռազմաճակատային քաղաք է՝ աղետի եզրին: Օլեշկիում մնացող բնակչությունը բաղկացած է հիմնականում տարեցներից, որոնք բժշկական ուշադրության, դեղորայքի, սննդի և խմելու ջրի հրատապ կարիք ունեն», - հայտարարել է ԱՄՆ առաջին տիկինը, - «Օլեշկիի բնակիչները սահմանափակ էլեկտրականություն ունեն, շրջապատված են ականապատված ճանապարհներով և ենթարկվում են կանոնավոր ռազմական հարձակումների: Ավելի քան պարզ էր, որ առանց իմ միջամտության քաղաք մարդասիրական օգնություն հասցնելը և տարեցների տարհանումը անհնար կլինեին»:

Ըստ Սպիտակ տան, Մելանյա Թրամփը և նրա ներկայացուցիչներն աշխատել են ուղղակիորեն ռուսաստանյան և ուկրաինական ղեկավարությունների հետ՝ սահմանելու տեղային հրադադարի պայմանները: ԱՄՆ առաջին տիկինը՝ Բացառիկ միջնորդի իր պաշտոնական կարգավիճակում, երկու պետությունների հետ քննարկումներ է նախաձեռնել և համաձայնեցրել կողմերի դիրքորոշումները հրադադարի նպատակների, տեխնիկական ընթացակարգերի, ժամկետների, գործընթացների և պայմանների շուրջ։

«Ոչ զինվորական, քաղաքացիական առաջնորդները երկու կողմերից միասին աշխատելու են՝ այցելելու Օլեշկիի բնակիչներին իրենց տներում և որոշելու նրանց համար պահանջվող աջակցության մակարդակը: Բնակիչները, ովքեր ցանկանում են տարհանվել, համակարգված աջակցություն կստանան և կտեղափոխվեն իրենց նախընտրած ուղղություններով: Ես կանխատեսում եմ, որ ոմանք կցանկանան գնալ Ռուսաստան, ոմանք՝ Ուկրաինա», - ասել է Մելանյա Թրամփը:

Նա հավելել է, որ ապահովել է նաև տեղում ռուսական և ուկրաինական թիմերի ուղեկցումը և ամբողջ գործընթացի լուսաբանումը ամերիկյան անաչառ լրատվական կազմակերպությունների կողմից:

Օլեշկիում իրավիճակը հայտնվել է ԱՄՆ առաջին տիկնոջ ուշադրության կենտրոնում Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի միջոցառումներից մեկի ժամանակ:

«Ես և իմ ներկայացուցիչներն անմիջապես գործի դրեցինք հաղորդակցության ուղին, որ ավելի վաղ հաստատել էինք Ռուսաստանի և Ուկրաինայի հետ 34 երեխաների վեց վերամիավորումների ընթացքում», - նշել է Մելանյա Թրամփը՝ հավելելով, որ այդ պահից սկսած բոլոր կողմերը շուրջօրյա աշխատանք են կատարել:

Օլեշկին Ուկրաինայի հարավում է` Խերսոնի մարզում, Դնեպրի՝ Խերսոն քաղաքի հանդիպակաց ափին: Պատերազմից առաջ քաղաքում շուրջ 24 հազար մարդ է ապրել: Պատերազմի սկսվելուց ի վեր Օլեշկին մարտական գործողությունների առաջնագծում է, և քաղաքի բնակչության մեծամասնությունը տեղահանվել կամ տարհանվել է: Այժմ այնտեղ մնում է, ըստ գնահատականների, 1700-2000 մարդ՝ հիմնականում տարեցներ, որոնք ի վիճակի չեն եղել հեռանալ, և մոտ հինգ տասնյակ երեխաներ:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG