16:06
Ընտրախախտումների մասին է ահազանգել նաև Արթիկում «Հայրենիքի» թեկնածու Լևոն Վահրադյանը:
«Տեղամասեր կան, որ ինչ-որ մեկը հեռախոսն ականջին դրած ման է գալիս ու ասում է՝ «ընտրեք համար էսինչին»: Հարցնում են՝ «ի՞նչ եք անում», ասում է՝ «ես ազատ մարդ եմ»: Խոսքը Լուակերտի մասին է: Արթիկում 5-րդ դպրոցի մասին՝ կուտակումներ կային: Բազմաթիվ տեղամասերից ահազանգեր կան, որ երկու վստահված անձով են ներսում, այսինքն, պասերով՝ ներսից դուրս, դրսից ներս», - ասաց Վահրադյանը:
Թե ո՞ր քաղաքական ուժն է երկու վստահված անձով, նա հստակ պատասխան չտվեց. «Դե գիտեք էլի՝ որ ուժն է, մեզ հաստատ չէին թողնի տենց»:
15:19
Ժամը 14:00-ի դրությամբ, ԿԸՀ տվյալներով, ընտրություններին մասկնացության ցուցնաիշով առաջատարը շարունակում է մնալ Սեփանավանը:
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները հետևյալն են՝
- Արարատ Մարզ Արտաշատ համայնք - 17.40%
- Արմավիր Մարզ Արաքս համայնք - 21.37%
- Արմավիր Մարզ Արմավիր համայնք - 17.51%
- Արագածոտն Մարզ Շամիրամ համայնք - 30.36%
- Գեղարքունիք Մարզ Գավառ համայնք - 17.95%
- Գեղարքունիք Մարզ Մարտունի համայնք - 20.99%
- Գեղարքունիք Մարզ Վարդենիս համայնք - 19.92%
- Լոռի Մարզ Ֆիոլետովո համայնք - 10.35%
- Լոռի Մարզ Ստեփանավան համայնք - 37.95%
- Կոտայք Մարզ Ծաղկաձոր համայնք - 32.68%
- Կոտայք Մարզ Հրազդան համայնք - 25.54%
- Կոտայք Մարզ Գառնի համայնք - 15.10%
- Շիրակ Մարզ Ախուրյան համայնք - 20.88%
- Շիրակ Մարզ Արթիկ համայնք - 27.76%
- Սյունիք Մարզ Գորիս համայնք - 28.30%
- Սյունիք Մարզ Մեղրի համայնք - 29.95%
- Վայոց ձոր Մարզ Եղեգնաձոր համայնք - 30.07%
- Վայոց ձոր Մարզ Վայք համայնք - 24.97%
- Վայոց ձոր Մարզ Ջերմուկ համայնք - 25.90%
- Տավուշ Մարզ Դիլիջան համայնք - 18.92%
- Տավուշ Մարզ Իջեվան համայնք - 19.14%
15:04
Արտաշատի 12/8 ընտրատեղամասում 1347 ընտրողների 10 տոկոսն էլ դեռ չի մասնակցել ընտրություններին, հանձնաժողովի նախագահն այսքան պասիվ ընտրություններ չի մտաբերում:
14:39
Արտաշատի 12/12 ընտրատեղամասում այս պահին 1243 ընտրողների 10 տոկոսն էլ չի մասնակցել ընտրություններին:
14:26
Ստեփանավանի գյուղական բնակավայրերից ահազանգեր կան, որ վարչական ղեկավարները գտնվում են ընտրատեղամասերի տարածքում և ուղղորդում ընտրողներին: «Ազատությունն» արձանագրեց, որ Վարդաբլուր գյուղում հենց ընտրատեղամասի դիմաց առավոտից կանգնած է վարչական ղեկավար Հակոբ Վարդանյանի ավտոմեքենան:
«Ազատությանը» տեսնելուն պես նա լքեց տարածքը, սակայն նրա ավտոմեքենան դեռ կայանած է ընտրատեղամասի մոտ: «Ազատությանը» դեռ չի հաջողվել հանդիպել վարչական ղեկավարի հետ, որն ըստ դիտորդների ու վստահված անձանց, առավոտից եղել է ընտրատեղամասի մոտ: Ընտրական տեղամասը տեղակայված է գյուղապետարանի առաջին հարկում:
13:51
Արթիկի 33/08 ընտրատեղամասում կուտակումներ էին: Ոստիկանները հորդորեցին հեռանալ ընտրատեղամասի տարածքից՝ կուտակումներից խուսափելու համար:
33/08 ընտրատեղամասում ավելի քան 1500 ընտրողից ընտրություններին մասնակցել է 350-ը:
13:41
Արթիկի թիվ 33 ընտրատեղամասում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վստահված անձը հայտնեց՝ նկատել է ՔՊ լիազորված անձի կողմից քաղաքացիներին ուղղորդելու դեպքեր:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լիազորված անձը քաղաքացիներին դրսից ուղղորդում է դեպի ներս՝ արդեն ներսում ընթանում է առաջ ուղղորդելը իրենց որոշման կայացման համար», - ասաց նա:
«Ազատ դեմոկրատներ»-ի վստահված անձը հայտնեց, որ եղել են նաև իրեն ահաբեկելու դեպքեր. «Որ ընտրություններից հետո Դուք Ձեր հալը կտեսնեք»:
«Հանձնաժողովի նախագահը ֆիքսել է, տվել է համապատասխան հրահանգներ, սակայն անձը չի հանգստացել. «Նորից փորձել է շանտաժի լեզվով ինձ հետ խոսել»:
«Նույնիսկ չէին ուզում ֆիքսել խախտումը, որին ես ականատես էի եղել, բայց ստիպեցի, միգուցե խնդրանքով, որ այդ փաստը ֆիքսված լինի գրանցամատյանների մատյանում», - նշեց Սեդա Վարագյանը:
13:08
Ըստ ԿԸՀ հրապարակած տվյալների՝ ՏԻՄ ընտրություններում ժամը 11:00-ի դրությամբ ամենաակտիվը Ստեփանավանի, ամենապասիվը՝ Ֆիոլետովոյի ընտրողներն են։
Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները հետևյալն են՝
- Արարատի մարզի Արտաշատ համայնք- 6.60%
- Արմավիրի մարզի Արմավիր համայնք- 6.05%
- Արմավիրի մարզի Արաքս համայնք-7.57%
- Արագածոտն մարզի Շամիրամ համայնք- 8.91%
- Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք- 6.22%
- Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք- 6.81%
- Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք- 6.96%
- Լոռու մարզի Ֆիոլետովո համայնք- 2.27%
- Լոռու մարզի Ստեփանավան համայնք- 13.06%
- Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք- 11.92%
- Կոտայքի մարզի Հրազդան համայնք- 10.34%
- Կոտայքի մարզի Գառնի համայնք- 5.95%
- Շիրակի մարզի Ախուրյան համայնք- 6.43%
- Շիրակի մարզի Արթիկ համայնք- 8.93%
- Սյունիքի մարզի Գորիս համայնք- 9.99%
- Սյունիքի մարզի Մեղրի համայնք- 11.52%
- Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք- 11.39%
- Վայոց ձորի մարզի Վայք համայնք- 8.58%
- Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնք- 10.69%
- Տավուշի մարզի Դիլիջան համայնք- 6.82%
- Տավուշի մարզի Իջևան համայնք- 6.21%
12:54
Արթիկի 33/07 ընտեղամասում մարդիկ ավելի ակտիվ են. 1004 ընտրողից 300-ն արդեն մասնակցել են ընտրություններին:
12:46
Հրազդանի 26/12 ընտրատեղամասում նույնպես, ըստ հանձնաժողովի նախագահի, մասնակցութունը խորհրդարանական ընտրությունների համեմատ ավելի ցածր է, այս պահին ավելի քան 700 ընտրողներից մասնակցել է 17.1 տոկոսը:
12:36
Ստեփանավանի Գյուլագարակ, Գարգառ և Վարդաբլուր գյուղերի ընտրատեղամասերում մինչև ժամը 12-ը տեսախցիկները չեն աշխատել: Գարգառի ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը չկարողացավ բացարել, թե ինչով էր պայմանավորված խնդիրը, միայն ասաց, որ, ենթադրաբար, խնդիրը եղել է տեսանկարահանման համակարգի հետ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, մասնավորապես, հայտնում է, որ Գյուլագարակ, Վարդաբլուր, Գարգառ, ինչպես նաև Ագարակ գյուղերի ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը տեխնիկական պատճառներով է խափանված եղել և այս պահին բոլոր չորս տեղամասերից ուղիղ հեռարձակումը վերականգնված է
ԿԸՀ-ն պարզաբանել է. «Տեղամասերից ուղիղ հեռարձակումն ապահովող Յուքոմ ընկերության մեր գործընկերների պարզաբանմամբ նշված տեղամասերի կապն ապահովվում է «Պուշկինո»-ի հեռուստաաշտարակի միջոցով։ Հեռուստաաշտարակի էլեկտրաէներգիայի մատակարարման անցած գիշեր տեղի ունեցած խափանումից հետո պարզվել է, որ արդյունքում կապի ապահովման սարքավորումներ են վնասվել»։
12:18
Հրազդանի 26/11 ընտրատեղամասում 1518 ընտրողներից ավագանու ընտրություններին այս պահին մասնակցել է 231 քաղաքացի։ Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ՝ մասնակցությունը խորհրդարանական ընտրությունների համեմատ ավելի ցածր է:
11:46
«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Գոհար Մելոյանը հայտարարել է, որ Ստեփանավան համայնքի ընտրական տեղամասերից ահազանգեր են ստացել, որ տպագրված դրոշմանիշները պատշաճ որակի չեն։
«Պահանջում ենք, որ տպագրական այս խոտանը չհանգեցնի քվեաթերթիկների անվավերության», - նշել է նա։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ տեղեկացնում է, որ ինքնասոսնձվող դրոշմանիշերի տպագրումն իրականացվել է Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան։
«Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների քվեարկության մեկնարկի ժամանակ մի քանի տեղամասային ընտրական հանձնաժողովներում ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ, մասնավորապես՝ մինչև քվեաթերթիկին փակցնելը որոշ դեպքերում վնասվել է ինքնասոսնձվող դրոշմանիշի պաշտպանիչ շերտը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օպերատիվ ձեռնարկել է անհրաժեշտ բոլոր միջոցները և նման դեպքեր այլևս չեն կրկնվել», - ասված է ԿԸՀ հայտարարությունում:
Ավելի ուշ Մելոյանը նաև հայտարարել է. «Առավոտից շրջում եմ ընտրատեղամասերով, մի շարք ընտրախախտումներ արձանագրել ենք, որոշներն էլ կանխարգելել ենք: Նաև տեղեկատվություն է շրջանառվում, որ մարդկանց փորձում են ճնշել, ասում են, որ հատուկ տեսախցիկներով վերահսկելու են, թե ով ում է ընտրել»:
11:30
«Ականատես» դիտորդական առաքելությունը ահազանգ է ստացել, որ հոկտեմբերի 23-ից Երևան–Գորիս թիվ 607 երթուղով Գորիսի բնակիչների համար իրականացվում են անվճար ուղևորափոխադրումներ՝ այսօրվա ընտրությունների ընդառաջ։
Ըստ առաքելության ստացած տեղեկությունների՝ «Սասունցի Դավիթ» կայարանի դրամարկղում Գորիսի բնակիչներին հայտնել են, որ ուղևորության համար տոմս ձեռք բերելու անհրաժեշտություն չկա։ Միաժամանակ, ըստ ահազանգի, ուղևորներին տրամադրվել են «Համերաշխություն» դաշինքի քարոզչական բուկլետներ՝ դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Առուշ Առուշանյանի պատկերով։
«Ականատես»-ը կոչ է արե Գլխավոր դատախազությանը, Հակակոռուպցիոն կոմիտեին և ՆԳՆ ոստիկանությանը անհապաղ ստուգել ներկայացված տեղեկությունները, տալ իրավական գնահատական և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ հնարավոր ընտրախախտումները կանխելու համար։
11:00
Դիլիջանում ընտրությունները բավականաչափ պասիվ են ընթանում: Ժամը 11-ի դրությամբ ընտրատեղամասերում հատուկենտ ընտրողնն են երևում: Հանձնաժողովների անդամները նշում են, որ համապետական ընտրությունների համեմատ այս պահի դրությամբ պասիվություն կա:
Մասնավորապես՝ Դիլիջանի թիվ 38/04 ընտրատեղամասում ընդգրկված մասնագետներից մեկը, համեմատություններ անելով խորհրդարանական ընտրությունների հետ նշեց, որ այսօր ժամը 11-ի դրությամբ ընտրատեղամաս էր այցելել ընդամենը 65 ընտրող, այնինչ հունիսին կայացած ընտրությունների ժամանակ նույն ժամանակահատվածում մի քանի անգամ ավելի էր թիվը:
Դիլիջանում ավելի քան 15 հազար ընտրող կա, հունիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրողների թիվը պակասել է շուրջ 3000-ով՝ կապված նրա հետո, որ արտերկրում ապրող, բայց այստեղ հաշվառված քաղաքացիները, Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխություններով, ընտրության իրավունք չունեն:
Ի տարբերություն Դիլիջանի՝ Ստեփանավանում համեմամտաբար ավելի ակտիվ են ընտրողները, այստեղ մոտ 14 հազարից ավելի ընտրող կա: Սետփանավանից ահազանգեր կան ընտրատեղամասերի դիմաց եղած կուտակումների մասին:
Այս ընտրություններով միավորվում են նախկինում արդեն իսկ խոշորացված Լոռի Բերդ, Գյուլագարակ և Ստեփանավան համայնքները: Վարչատարածքային բաժանման մասին օրենքում նման փոփոխություն խորհրդարանը կատարել է ամռանը:
08:30
Այսօր Հայաստանի 21 համայնքում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդմամբ՝ ժամը 08։00-ին բացվել են բոլոր 517 ընտրական տեղամասերը, և քվեարկությունը մեկնարկել է սահմանված կարգով։
19 համայնքում ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, իսկ Լոռու մարզի Ֆիոլետովո և Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում՝ մեծամասնական ընտրակարգով։
Համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվում Արտաշատում, Արմավիրում, Արաքսում, Գավառում, Մարտունիում, Վարդենիսում, Հրազդանում, Ծաղկաձորում, Գառնիում, Արթիկում, Ախուրյանում, Գորիսում, Մեղրիում, Եղեգնաձորում, Վայքում, Ջերմուկում, Իջևանում, Դիլիջանում և Ստեփանավանում։
Աշնանային այս ընտրափուլն ունի երկու ծայրահեղ դրսևորում. մի կողմից՝ թեժ պայքար Ստեփանավանում, Մեղրիում, Մարտունիում, Արթիկում ու նաև Արտաշատում, մյուս կողմից՝ փաստացի զրո մրցակցություն Արմավիրում, Գառնիում և Վայքում, որտեղ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» քվեաթերթիկում միայնակ է:
Նախընտրական իրավիճակը
Ընտրություններից մեկ օր առաջ Արթիկում և Մարտունիում ընդդիմադիր «Ապրելու երկիրը», «Հայրենիքը» և «Մեր հայրենիքը» հայտնեցին՝ իրենց մի շարք թիմակիցներ են բերման ենթարկվել, այդ թվում՝ Արթիկում «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և Մարտունիում «Մեր համայնքը» դաշինքի համայնքի ղեկավարի թեկնածու Արամ Կարապետյանը։
Միևնույն ժամանակ, որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, որ բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի ընդդիմադիր քաղաքապետ Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանն ու ավագանու 3 անդամ։
«Ազատությունը» այս տեղեկությունների վերաբերյալ դիմել էր Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղից հայտնել են, որ ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում Հայաստանի մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և այլ վարութային գործողություններ։ Կոմիտեի փոխանցմամբ՝ կան նաև ձերբակալված անձինք։ Սակայն թե կոնկրետ ովքեր են ձերբակալվածները և արդյոք նրանց թվում են Եղեգնաձորի պաշտոնյաները, Հակակոռուպցիոնը չէր հստակեցրել։
Ստեփանավանում էլ ընտրակաշառքի գործով կան ձերբակալվածներ: Նույն գործով իրավապահները ձերբակալվել էին նաև համայնքի ղեկավարի ընդդիմադիր թեկնածու Արսեն Գևորգյանն ու նրա 13 աջակիցները:
Ընդդիմությունն էլ հակադարձում է՝ մեղադրանքներն անհիմն են, իսկ իրենց հաղթանակը՝ անխուսափելի, անգամ թեկնածուի կալանավորված լինելու պայմաններում:
«Ականատես» դիտորդական առաքելությունն էլ քարոզարշավի վերջին օրը Ստեփանավանի ընտրություններում բարեգործության արգելքի առերևույթ խախտման դեպքեր էր արձանագրել:
Մասնավորապես միավորվող երկու համայնքների գործող ղեկավարները՝ մի դեպքում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Արայիկ Ներսիսյանը, մյուս դեպքում՝ «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն Գրիգորյանը ուսուցչի օրվա առիթով մանկավարժներին հյուրասիրել և ծաղիկներ են նվիրել: