Տեղական ընտրություններից 4 օր առաջ՝ այսօր վաղ առավոտյան ձերբակալվել է Ստեփանավանի «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը և ևս 13 մարդ:
Հակակոռուպցիոն կոմիտեն նրանց մեղադրում է խմբի կազմում ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու համար:
«Փաստական տվյալներ են ստացվել, որ «Ուժեղ Հայաստանի» ցուցակը գլխավորող թեկնածուն, ընտրությանը մասնակցելու և ընտրության ժամանակ հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, ավագանու անդամների թեկնածուների, ինչպես նաև կուսակցության անունից հանդես եկող անձանց օժանդակությամբ, նույն համայնքում ընդգրկված տարբեր բնակավայրերի մի քանի տասնյակ ընտրողների տվել է ընտրակաշառք», - հայտարարում են իրավապահները՝ նշելով, որ կատարել են խուզարկություններ և վարույթային այլ գործողություններ:
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Գևորգյանը ծրագրել էր ևս 3 տասնյակ մարդու ընտրակաշառք տալ:
Ավելի վաղ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ վաղ առավոտից Ստեփանավանի տարածաշրջանում համատարած խուզարկություններ ու ձերբակալություններ են իրականացվում կուսակցության աջակիցների շրջանում։
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Արեգա Հովսեփյանի գնահատմամբ՝ իշխանությունները փորձում են խոչընդոտել ընդդիմության մասնակցությանը ընտրություններին՝ մրցակցությունից դուրս թողնելու համար։
Ի՞նչ քայլեր կձեռնարկեն Արսեն Գևորգյանի ձերբակալությունից հետո, հատկապես, որ ավագանու ընտրություններին հաշված օրեր են մնացել, Հովսեփյանն ասաց՝ դա քաղաքական որոշում կլինի, որի մասին կհայտարարեն։
Առավոտյան իրավապահները խուզարկություն իրականացնելու նպատակով «Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական շտաբի մոտ էին, երբ գրասենյակը դեռ չէր բացվել, իսկ աշխատակիցները տեղում չէին։ Պատգամավոր Անդրանիկ Գևորգյանի խոսքով՝ իրավապահներին հորդորել էին չկոտրել դուռը՝ վստահեցնելով, որ իրենք կբացեն այն և թույլ կտան իրականացնել խուզարկությունը։
Ստեփանավանում ավագանու ընտրությունները նշանակված են այս կիրակի: Ընտրապայքարին մասնակցում են չորս քաղաքական ուժեր՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հանրապետություն» և «Գործարար» կուսակցությունը:
Երեկ «Ազատությունը» պատմել էր Ստեփանավանի մի քանի բնակիչների մասին, որոնք պնդում էին, թե ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ին աջակցելու և «սխալ» քվեի պատճառով հեռացվել են աշխատանքից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր այս պնդումներին՝ հայտարարելով, որ համապատասխան տեսչական մարմնին հանձնարարել է ուսումնասիրել դեպքերն ու պատասխանատվության ենթարկել մեղավորներին։