Մատչելիության հղումներ

Արթիկում և Մարտունիում ընդդիմադիրները հայտնում են՝ իրենց թիմակիցներ են բերման ենթարկվել

Լրացված

Արթիկում և Մարտունիում ընտրություններից մեկ օր առաջ՝ ընդդիմադիր «Ապրելու երկիրը», «Հայրենիքը» և «Մեր հայրենիքը» հայտնում են՝ իրենց մի շարք թիմակիցներ են բերման ենթարկվել։

Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ։ Այս մասին հայտնել է կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանը՝ տեղի ունեցածը որակելով որպես իշխանությունների կողմից իրենց թիմի նկատմամբ «հերթական ապօրինի բռնաճնշում»։

«Սա իշխանությունների կողմից մեր թիմի նկատմամբ հերթական ապօրինի բռնաճնշումն է, որի նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում», - նշել է Թանդիլյանը։

«Հայրենիք» կուսակցության համայնքապետի թեկնածու Լևոն Վահրադյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ իրենց թիմակիցներից ևս կան բերման ենթարկվածներ և այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեում են։

Մարտունիում ևս այսօր առավոտյան բերման են ենթարկել ընդդիմադիր «Մեր համայնքը» դաշինքի ներկայացուցիչներին, այդ թվում՝ համայնքի ղեկավարի թեկնածու, ՀՀԿ խորհրդի անդամ Արամ Կարապետյանին։ Այս մասին հայտնում է ՀՀԿ անդամ Հենրիխ Դանիելյանը՝ տեղի ունեցածը որակելով որպես քաղաքական հետապնդում և ընդդիմության նկատմամբ ճնշման դրսևորում։

Միևնույն ժամանակ, Հակակոռուպցիոն կոմիտից «Ազատությանը» հայտնում են, որ ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում Հայաստանի մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և այլ վարութային գործողություններ։ Կոմիտեի փոխանցմամբ՝ կան նաև ձերբակալված անձինք: Թե կոնկրետ ովքեր են ձերբակալված անձինք, Հակակոռուպցիոնը չի հստակեցնում։

«Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել», - հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Հոկտեմբերի 25-ին ավագանու ընտրություններ են նախատեսված Հայաստանի 19-ը հիմնականում խոշոր համայնքներում:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG