Մատչելիության հղումներ

Մեկ ամսում երկրորդ ադրբեջանցին է հատե՞լ սահմանը. իրավապահ կառույցները լուռ են

Հայ-ադրբեջանական սահման, արխիվ
Հայ-ադրբեջանական սահման, արխիվ

Վերջին մեկ ամսվա ընթացքում երկրորդ ադրբեջանցին է հատե՞լ Հայաստանի սահմանը: Պաշտպանության նախարարությունը, անվտանգության ծառայությունն ու մյուս իրավապահ կառույցները լուռ են, չեն հերքել: Արտաքին գործերի նախարարը վստահեցնում է, թե դեպքի մասին Ազգային ժողովում լուրերից է տեղեկացել, որ մոլորված հովիվ է:

Ըստ լրատվամիջոցների, այս անգամ ադրբեջանցին Տավուշի կողմից է հատել սահմանը: Պարզ չէ՝ նա Հայաստանի սահմանն այսօ՞ր է անցել, թե՞ օրեր առաջ: Լրատվամիջոցները սեփական աղբյուրներով են փորձում տեղեկություններ պարզել: Առաջինը «5-րդ ալիք»-ը հայտնեց՝ Բերդի Այգեձոր գյուղի կողմից է եկել, հայ հովիվներն են նկատել:

Չինարիի ու Այգեձորի համայնքապետերը հրաժարվեցին խոսել, «Ազատությանն» ասացին՝ ոչինչ չգիտեն: Տեղի բնակիչներից մեզ պատմեցին, որ լսել են ադրբեջանցին սպիտակ դրոշով է եկել, ենթադրում են՝ խնդիրներ ունի, մեկն էլ ասաց՝ հովիվ է, մոլորվել է: Ըստ նրանց՝ Ռազմական ոստիկանությունը Բերդից արդեն Երևան է նրան տեղափոխել:

«Վայ էդ քաղաքական ուժին, ով մտածում է, որ երկրի անվտանգության սպառնալիքը մոլորված հովիվն է: Այդպիսի բաներ լինում են, իրենց կողմից էլ հովիվ կարա մոլորվի, մեր կողմից էլ», - ասաց Միրզոյանը:

Դեռ Երևանո՞ւմ է, թե՞ արդեն Բաքվին են հանձնել ադրբեջանցուն, հայտնի չէ: Արտաքին գործերի նախարարը կողմ է, որ եթե մոլորված է, հանգիստ ճանապարհեն. «Եթե մոլորյալ է, իմ առաջարկը էն ա, որ մոլորյալներին մոլորյալներով հանգիստ ճանապարհել ամեն մեկին իր հայրենիք»:

Մեկ ամսվա ընթացքում երկրորդ դեպքը վկայում է Հայաստանի սահմանների իրական վիճակի մասին, ուժային կառույցների լռությունն արդեն խնդիր է, քննադատում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Այսինքն, եթե Հայաստանի նման երկրում տեղի է ունեցել դեպքը, ուժայինները չեն կարող ասել, եղել է, թե չէ, կամ ըստ քաղաքական նպատակահարմարության պետք է որոշի՝ եղել է, թե չի եղել, դա խնդիր է: եթե չգիտի, որ հովիվ է հատել, մենք ասում ենք՝ բա եթե դիվերսանտ լինի, ինչ կլինի», - նշեց Վարդանյանը:

Պետական կառույցների լռությունից՝ ընդդիմադիր պատգամավորը ենթադրում է, որ հայկական կողմը փորձում է Բաքվի հետ հասկանալ անելիքը, որից հետո էլ որոշի՝ ինչ հայտարարի:

«Պաշտոնական գերատեսչությունները կարող են խուսափել իրենց գործունեության վերաբերյալ հարցերից, կամ Ադրբեջանի հետ փորձել հասկանալ ինչ անել, հետո խոսեն: Երկու դեպք էլ վատն են: Այստեղ հարցեր են առաջանում քո ինքնիշխանության հետ կապված, քո ներքին հարցերն ում հետ ես համադրում, համադրում ես, թե չես համադրում», - նշեց Քրիստինե Վարդանյանը:

Ընդդիմադիր պատգամավորի պնդմամբ՝ պետական կառույցների այս գործելաոճի պատճառով է, որ երկրում խուճապ է տարածվում: 20 օր առաջ էլ ադրբեջանցի զինվորականն էր հատել Սյունիքի սահմանը, հասել Շաքի գյուղ: Պետական կառույցները դարձյալ լուռ էին ու մարդիկ այս դեպքի մասին տեղեկացան լրագրողներից:

Ադրբեջանցի զինվորականը գիշերել էր Անի Ավետիսյանի տանը: Հետո երբ նրանք տուն էին վերադարձել, կրակել էր Անիի ոտքին, որ փորձել էր երեխաներին պաշտպանել ադրբեջանցու կրակոցներից: Ծանր վնասվածք ստացած կինը դեռ հիվանդանոցում է: Թեև նախաքննությունը չի ավարտվել, վարչապետ Փաշինյանն արդեն հերքել է դիվերսիայի փորձը և մեղադրել երեխաներին ադրբեջանցուց պաշտպանող հայ կնոջը, թե չի սպասել ոստիկաններին:

Այսօրվա դեպքի մասին ադրբեջանական լրատվամիջոցներում էլ շատ տեղեկութուններ չկան, պետական մարմինները լուռ են, կայքերից մեկը գրել է, թե Հայաստանի սահմանն անցած ադրբեջանցին Թովուզի շրջանից է, սահմանամերձ հատվածում իր անասուններին է արածեցրել ու Չինարի գյուղի մոտից էլ անցել է սահմանը:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG