Մատչելիության հղումներ

Ադրբեջանում առաջարկում են փոխել զորամասը ինքնակամ լքելու պատիժները

Ադրբեջանում առաջարկում են զորամասը կամ ծառայության վայրը ինքնակամ լքող զինծառայողների նկատմամբ նաև տուգանք կիրառել՝ միաժամանակ պահպանելով կալանքի պատիժը: Օրենսդրական փոփոխությունները քննարկվել են երկրի խորհրդարանի՝ Միլի Մեջլիսի իրավական քաղաքականության և պետականաշինության հանձնաժողովի այսօրվա նիստում, հաղորդում է APA գործակալությունը։

Նախագծով՝ սպաները, ենթասպաները և պայմանագրային զինծառայողները՝ առանց հարգելի պատճառի մեկից տասը օր ծառայության վայրից բացակայելու համար կպատժվեն 200-ից 300 մանաթ տուգանքով (117-176 դոլար) կամ մինչև 15 օր վարչական կալանքով։ Գործող օրենսդրությամբ նման խախտման համար նախատեսված է մինչև 20 օր կալանք։

Մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում առաջարկվում է 300-ից 500 մանաթ (176-294 դոլար) տուգանք կամ 10 օրից մինչև մեկ ամիս վարչական կալանք։ Ներկայումս կրկնակի խախտման համար նախատեսված է 15 օրից մինչև մեկ ամսվա կալանք։

Այսպիսով, փոփոխություններով ոչ միայն տուգանքի հնարավորություն է նախատեսվում, այլև որոշ դեպքերում կրճատվում է վարչական կալանքի նվազագույն ժամկետը։

Օրենդրական այս փոփոխության առաջարկը հաջորդում է ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի՝ Հայաստան ներթափանցելու դեպքին: Մուսաևը ենթադրաբար ժամկետային զինծառայող է, Բաքուն հայտարարել էր, որ նա ինքնակալ լքել է Լաչինի զորամասը: Հոկտեմբերի 1-ին Մուսաևը մտել էր Սյունիքի Շաքի գյուղի տներից մեկը և կրակել տանտիրուհու վրա՝ նրան ծանր վնասվածք պատճառելով։

Հայաստանում երկու ամսով կալանավորված զինծառայողը մեղադրվում է սահմանն ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու համար։ Ադրբեջանում նրան մեղադրում են դասալքության համար։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG