Մատչելիության հղումներ

Իսրայելի նախագահի «արգելված թռիչքն» ու Անկարայի և Բաքվի միջև նոր լարվածությունը

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի այցը Բաքու նոր տարաձայնությունների առիթ է դարձել «եղբայրական» Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Հերցոգը, շրջանցելով Անկարայի սահմանած արգելքը, Ադրբեջան է հասել սովորական ուղևորատար ինքնաթիռով՝ անցնելով Թուրքիայի օդային տարածքով։

Թուրքական կողմը պնդում է՝ տեղյակ չի եղել, որ ադրբեջանական ավիաընկերության չվերթով Իսրայելի նախագահն է մեկնում Բաքու։ 2024-ից Թուրքիան արգելել էր Իսրայելի նախագահի ինքնաթիռի անցումն իր օդային տարածքով, ինչի պատճառով վերջինս չեղարկել էր Բաքվում COP29 համաժողովին մասնակցելու ծրագրերը։

Այս անգամ, սակայն, Հերցոգը հասել է Բաքու, մասնակցել Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության՝ CICA-ի գագաթնաժողովին և հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Թուրքիան, սակայն առիթը բաց չէր թողել դժգոհությունը հայտնելու համար։ Գագաթնաժողովում Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանն ու մի շարք այլ երկրների ներկայացուցիչներ ցուցադրաբար լքել են դահլիճը։

Բաքվում, մինչդեռ, չեն ընդունում թուրքական կողմի դժգոհությունը։ Ադրբեջանական APA գործակալությունը հատուկ պարզաբանում է հրապարակել՝ շեշտելով, որ Հերցոգի համար որևէ հատուկ չվերթ չի կազմակերպվել, նա տոմս է գնել և մյուս ուղևորների պես սովորական չվերթով մեկնել Բաքու։ Գործակալությունը Թուրքիայում բարձրացած աղմուկն «անհիմն» է որակել՝ ակնարկելով, որ այնտեղ ամեն առիթ օգտագործում են Ադրբեջանին քննադատելու համար։

Հիջաբի շուրջ վեճից մինչև Իսրայել

Հերցոգի այցի շուրջ այս պատմությունը տեղի է ունենում Անկարայի և Բաքվի միջև արդեն իսկ սրված հարաբերությունների ֆոնին։

Վերջին շաբաթներին երկու երկրների տարաձայնությունների հիմնական պատճառը Ադրբեջանում դպրոցական հագուստի նոր կանոններն են։ Դրանց կիրառման հետևանքով մի շարք դպրոցներում հիջաբ կրող աշակերտուհիներին և ուսուցչուհիներին թույլ չեն տվել մասնակցել դասերին։ Սկսվել են բողոքի ցույցեր, ոստիկանությունը հայտնել է ավելի քան 30 մարդու ձերբակալության մասին։

Թուրքիայում այս որոշումը դժգոհություն է առաջացրել։ Էրդողանի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը Բաքվին կոչ է արել հրաժարվել սահմանափակումներից։ Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունն էլ թուրք պաշտոնյաների հայտարարությունները որակել է «պոպուլիստական և անպատասխանատու»՝ հիշեցնելով, որ «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը չի նշանակում միջամտել միմյանց ներքին գործերին։

Տարաձայնությունների մյուս աղբյուրը Իսրայելն է։ Մինչ Թուրքիան Գազայում պատերազմի պատճառով կտրուկ քննադատում է Իսրայելին, Ադրբեջանը շարունակում է երկրի հետ սերտ քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցությունը։

Այս հարաբերությունները նաև գործնական հիմք ունեն։ Իսրայելական սպառազինությունը կարևոր դեր է ունեցել Ադրբեջանի բանակի արդիականացման և Լեռնային Ղարաբաղում պատերազմների ընթացքում։ Ադրբեջանն էլ Իսրայելի նավթի կարևոր մատակարարներից է։

Անկարայի և Բաքվի դիրքորոշումների տարբերությունը նկատվեց նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, երբ Իսրայելի դեմ բողոքի ընթացքում թուրքական պատվիրակությունը լքել էր դահլիճը, իսկ ադրբեջանականը՝ մնացել։

Այդուհանդերձ, կողմերը փորձում են ցույց տալ, որ հարաբերություններում ճգնաժամ չկա։ Հոկտեմբերի 15-ին Հաքան Ֆիդանը Բաքվում հանդիպել է Ալիևին ու ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովին։ Ֆիդանն ընդգծել է, որ տարաձայնությունները պետք է լուծել բանակցություններով, ոչ թե սոցիալական ցանցերում փոխադարձ մեղադրանքներով։

Երկու երկրների ռազմավարական համագործակցությունը շարունակվում է, սակայն վերջին միջադեպերը ցույց են տալիս, որ «մեկ ազգ, երկու պետություն» հարաբերություններում ամեն ինչ չէ, որ հարթ է։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG