Մատչելիության հղումներ

Հիջաբի դեմ պայքար, Իսրայելի հետ մտերմություն և «մեծ եղբայր» Թուրքիայի հետ լարվածություն՝ Ադրբեջանում

Ի՞նչ կապ ունեն իրար հետ ադրբեջանցի աղջիկների հիջաբը, բաքվեցի դպրոցի տնօրենի՝ հրդեհված մեքենան ու Ադրբեջանի և Թուրքիայի միջև աճող լարվածությունը: Այո, եղբայրական երկրների միջև կուլիսային լարվածությունն արդեն բացահայտ դրսևորումներ է ստանում:

Իսկ ո՞րն է պատճառը, ի՞նչ դեր ունի Հայաստանը և ինչքանով է այս ամենը լուրջ:

Ադրբեջանն արգելում է դպրոցներում հիջաբ կրել, նախարարությունը այդ մասին անգամ պաշտոնական ուղեցույց է հրապարակել, երկրում բողոքում են այս որոշման դեմ:

Բողոքների ֆոնին վառել են նաև դպրոցի տնօրենի մեքեն. Ադրբեջանի պետական ԱՊԱ-ն ասում է՝ ահա և ապացույց՝ «արտաքին ուժերի հրահրմամբ գործող սադրիչների դեմ միջոցներ է պետք ձեռք առնել, որ իրենց երկրի աշխարհիկ մոդելի վրա չհարձակվեն հանկարծ»:

Իսկ ի՞նչ կապ ունի այս ամենի հետ հարևան ու եղբայրական Թուրքիան

Պաշտոնապես՝ կապ չկա։ Բայց հստակ է, որ հիջաբն արգելելու որոշումը Թուրքիային դուր չի գալիս ու չնայած դրան՝ Ադրբեջանը շարունակում է այն առաջ մղել ու կիրառել։

Թուրքիայի նախագահը շաբաթներ առաջ, ՄԱԿ-ում առանց Ադրբեջանի անունը տալու պնդել էր՝ նրանք, ովքեր սահմանափակում են հիջաբը, ոտնահարում են «կանանց ամենահիմնարար իրավունքները»։

Երկրի ներսում, մինչդեռ, ոչ բոլորն են էրդողանի պես դիվանագետ:

Օրինակ, թուրք գրականագետ Ահմեթ Քերիմ Արթուքը Բաքվի մասին խոսելիս հայտարարել է. «Իր աշխարհիկ ավտորիտարիզմի, իսլամաֆոբիայի և արտաքին քաղաքականության մեջ սիոնիստ ճնշողների հետ համագործակցության պատճառով այս վարչակազմը չի կարող մեր եղբայրը լինել»:

Մինչ այդ էլ իրենց երկու պետություն, մեկ ազգ կոչող Թուրքիայի ու Արդբեջանի միջև սև կատու էր անցել, երբ ՄԱԿ-ի վեհաժողովում ի նշան Իսրայելի դեմ բողոքի, թուրքերը դուրս էին եկել դահլիճից, ադրբեջանցիները՝ մնացել։

Բաքուն ու Թել Ավիվը վաղուց են փոխշահավետ տուր ու առի մեջ. Ով եթե ոչ հայերը, գիտեն դա: Իսրայելական զենքը ադրբեջանական բանակի արդիականացման, Արցախում պատերազմի ելքը որոշող ամենակարևոր գործոններից էր: Իսկ ադրբեջանական նավթը կարևոր է Թել Ավիվի համար:

Թուրքիային այս ջերմությունը դուր չի գալիս․ Գազայում պատերազմից սկզբից ի վեր՝ 2023 թվականից, Թուրքիան ցեղասպանություն է որակում Իսրայելի հարվածները խաղաղ պաղեստինցիների դեմ: Բաքուն, բայց, այս թեմայով չեզոք է եղել ու մնացել:

Ի՞նչ դեր ունի Հայաստանը. 2020-ին Լեռնային Ղարաբաղում պատերազմն իրոք ամրապնդեց Ադրբեջանի և Թուրքիայի ռազմավարական գործընկերությունը: Բայց այս պատերազմից հետո, երբ եկավ խաղաղության թեման և տարածաշրջանային առաջնորդության հարցը, եղբայրները կարծես մի քիչ լարվեցին:

Ադրբեջանին դուր չի գալիս, երբ Հայաստան-Թուրքիա կարգավորման հարցը քննարկվում է անկախ և առանց Բաքվի հետ հարաբերությունների համատեքստի:

Անկարան, կարծես, առիթը բաց չի թողնում ընդգծելու, որ 44-օրյա պատերազմում Բաքուն հաղթանակի հասավ իր օգնության շնորհիվ։ Մյուս կողմից, Թուրքիայում ավելի ու ավելի հաճախ են ասում, թե պատրաստ են Հայաստանի հետ հարաբերություններում առաջ գնալ՝ առանց Բաքվին սպասելու։ Սա նույնպես Բաքվին դուր չի գալիս, բայց այնպես չէ՝ կտրուկ կամ վերջնագրերով են խոսում. ամենաբարձր մակարդակով իրար հասցեին ուղիղ քննադատություն չի հնչել, Ադրբեջանի լրատվական դաշտը, որը մեծապես նախագահ Ալիևի ձեռքի տակ է, առայժմ զգույշ է խոսում:

Կարծիք կա, որ այս երկու երկրները համենայն դեպս առաջիկայում դեռ կպահպանեն մտերմությունը։ Նրանց միջև բազմաթիվ նավթա-գազային ու ռազմական համաձայնություններ կան, որ երկուսն էլ խզել չէին ուզի:

Եվ ամենայն հավանականությամբ, դեռ կպահպանվի Հեյդար Ալիևի նկարագրած «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը, ոչ թե որովհետև այդպես միաձույլ են ամեն հարցում, այլ որովհետև այդպես ձեռնտու է:


​
XS
SM
MD
LG