Ադրբեջանի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցությունը քննադատել է երկրում հիջաբով դասերի հաճախելու սահմանափակման մասին Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորների հայտարարությունները:
Օքթայ Սարալը երեկ էր անդրադարձել Ադրբեջանում դպրոցական հագուստի սահմանափակման պատճառով արդեն մի քանի օր ընթացող ցույցերին, որոնք սկսվեցին, երբ նոր պահանջների կիրառումից հետո մի շարք դպրոցներում հիջաբ կրող աշակերտուհիներին և ուսուցչուհիներին թույլ չէին տվել մասնակցել դասերին: Երեկ Բաքվում տեղի ունեցած ցույցի հետևանքով մոտ չորս տասնյակ մարդ էր ձերբակալվել:
Թուրք պաշտոնյան գրել էր, որ գլխաշոր կրող աշակերտների կրթության իրավունքի խոչընդոտումն անընդունելի է: «Ակնկալում ենք, որ Ադրբեջանը հնարավորինս շուտ ետ կկանգնի այս սխալից», - գրել էր նա:
Մի քանի օր շարունակ անուղղակի մեղադրելուց հետո, Ադրբեջանի իշխող կուսակցությունն այսօր շատ ուղիղ է անդրադարձել Թուրքիային՝ «անպատասխանատու» որակելով թուրք պաշտոնյաների հայտարարություններն ու նշելով, որ դրանք կարող են խաթարել ադրբեջանա-թուրքական հարաբերությունները: Ըստ կուսակցության՝ նման պնդումները հակասում են ադրբեջանա-թուրքական եղբայրական հարաբերությունների ոգուն և նպաստում են հասարակության մեջ արհեստական լարվածության ստեղծմանը:
«Խորապես ցավալի է, որ Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորները պոպուլիստական և անպատասխանատու հայտարարություններ են անում՝ առանց հաշվի առնելու հարցի էությունը, Ադրբեջանի սահմանադրական կարգը և մեր երկրում կրոնական ազատության իրավական հիմքերը», - հայտարարել է «Յենի Ազերբայջան»-ը:
Ադրբեջանում հիջաբը սահմանափակելու դեմ դժգոհության ալիքը սկսվել էր սեպտեմբերին՝ դպրոցական հագուստի վերաբերյալ կառավարության որոշումից հետո:
Նոր պահանջների կիրառումից հետո մի շարք դպրոցներում հիջաբ կրող աշակերտուհիներին և ուսուցչուհիներին թույլ չեն տվել մասնակցել դասերին։ Սոցիալական ցանցերում այս օրերին բազմաթիվ տեսանյութեր են տարածվում, որոնցում երևում են դպրոցների մոտ «Ազատություն հիջաբին» կարգախոսով բողոքի ակցիաներ անցկացնող աշակերտներ և ծնողներ։
Որոշ տեսանյութերում էլ աշակերտները լալիս են և գրկախառնվում են ուսուցիչների հետ՝ դպրոցից հեռացվելուց հետո։ Տեղական լրատվամիջոցների համաձայն՝ առնվազն երկու դպրոցների աշակերտներ բոյկոտել են դասերը։
Երեկվա ձերբակալություններից հետո Ադրբեջանի իշխող ուժը դարձյալ հիշեցրել է աշխարհիկության մասին. - «Ըստ Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության՝ Ադրբեջանը աշխարհիկ պետություն է ... Հետևաբար, անընդունելի է Ադրբեջանի աշխարհիկ պետական կառուցվածքը և կրթական քաղաքականությունը քաղաքական մանիպուլյացիաների առարկա դարձնելը»:
«Յենի Ազերբայջան»-ում կարծում են, որ գլխաշոր կրելու նման «զգայուն հարցերի քաղաքական մանիպուլյացիաների և պառակտման գործիքի օգտագործումը չի ծառայում ոչ թուրք ժողովրդի միասնությանը, ոչ էլ մուսուլմանական աշխարհի համերաշխությանը»։
Կուսակցությունը նաև նշել է, որ «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը ադրբեջանա-թուրքական հարաբերությունների հոգևոր և քաղաքական հիմքն է, որի էությունը չպետք է աղավաղվի։ Ըստ իշխող ուժի՝ այս սկզբունքը ոչ մի կերպ հիմք չի տալիս մեկ պետությանը միջամտել մյուսի ներքին գործերին կամ պարտադրել իր քաղաքական և գաղափարախոսական մոտեցումները:
Ադրբեջանի խորհրդարանի Գիտության և կրթության հանձնաժողովի պատգամավոր Էլնարա Ակիմովան «Ազատության» ադրբեջանական ծառայության հետ զրույցում ասել է, թե ոչ ոք չի ժխտում, որ բոլորն ունեն կրոնական համոզմունքների ազատություն: Սակայն երբ խոսքը վերաբերում է հիջաբին, ամենակարևոր նրբերանգներից մեկը տարիքային գործոնն է. այստեղ խոսքը ոչ թե մեծահասակների, այլ երեխաների մասին է:
«Մեծահասակ դառնալուց հետո մարդը կարող է և պետք է ազատորեն արտահայտի իր համոզմունքները։ Սակայն դպրոցական տարիքը, հատկապես՝ միջնակարգ կրթության շրջանը, հարմար փուլ չէ նման խորհրդանշական և գաղափարախոսական որոշումների համար», - նշել է Ակիմովան:
Առայժմ պարզ չէ՝ արդյոք իշխանությունները պատրաստվո՞ւմ են վերանայել հիջաբի մասին կանոնները, թե՞ շարունակելու են դրանց կիրառումը։ Հստակ չէ նաև, թե որքան լայն տարածում ունեն բողոքի գործողությունները։ Թեև հաղորդվում է տարբեր քաղաքերում տեղի ունեցած ակցիաների մասին, դրանց մասնակիցների թվի և աշխարհագրության վերաբերյալ անկախ աղբյուրների կողմից հաստատված ամբողջական տվյալներ չկան։