Հայաստան ներթափանցած ադրբեջանցի զինծառայողին արտահանձնելու պահանջ չի եղել, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ադրբեջանն ինքն էլ քրեական գործ է հարուցել, կարող է ուզենա իրենք քրեական գործով էլ հետաքննություն անի: Էդ զինվորը, որ գնա Ադրբեջան, չի գնալու իր տուն, դատելու են, եթե հայտնվի Ադրբեջանում», - ասաց Փաշինյանը:
Վարչապետը նաև ասաց՝ եթե ադրբեջանցի զինվորը չկրակեր, նույն օրը նրան կվերադարձնեին Ադրբեջանին. - «Պրոբլեմ է, որ ինքը կրակել է, մարդկանց տուն է մտել: Եթե այդ ամենը չլիներ, նույն օրը զինվորին կվերադարձնեինք Ադրբեջանին»:
Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել է նաև, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ ադրբեջանցի զինծառայողը չի փոխանակվի:
Վարչապետն ասաց՝ չի կարծում, թե սա այն հարցն է, որ կարող է խաղաղության գործընթացն ինչ-որ ձևով վտանգել, միաժամանակ հայտարարեց. «Մեր ընդդիմադիր գործընկերները այնպիսի հայտարարություններ են անում, որ բացարձակապես զարմանալի է: պատկերացրեք այդ գնահատականները, ինչ տալիս է ընդդիմությունը, այդ նույն գնահատականները տար իշխանությունը, հիմա արդեն խաղաղությունը չէր լինի»:
Ընդդիմությունը քննադատում է իշխանությանը, թե այդ ի՞նչ անվտանգության երաշխիքներ է իշխանությունը ձևավորել, որ ադրբեջանցի զինծառայողը հայտնվել է Հայաստանում:
«Ի՞նչ, խաղաղությունը պետք է չեղարկե՞լ, սա՞ է թեզը: Մենք ասում ենք՝ խաղաղությունը հաստատված է, Ադրբեջանն էլ է ասում: Ադրբեջանից հնչում են հայտարարություններ, որոնք խաղաղության կոնտեքստում նեգատիվ են, Հայաստանից էլ, տարբերությունն այն է, որ Հայաստանում նման հայտարարություններ անում է ընդդիմությունը, ադրբեջանական կողմից, այդ թվում, իշխանություն ներկայացուցիչները, բայց այս ամենով հանդերձ, հետևաբար Հայաստանի իշխանություններն էլ պե՞տք է նման հայտարարություններ անեն», - ասաց Փաշինյանը:
Քննադատելով ընդդիմության հայտարարությունները, Փաշինյանն այսօր կրկնեց. «Աստված չանի, մեր մի զինվոր շփոթված անցնի, ոչ մի միջադեպ չլինի, այս բոլոր ոչ ադեկված քննարկումների գնահատականների ու հայտարարությունների արձագանքն այդ իրավիճակում ենք տեսնելու»:
Վերջին օրերին ընդդիմության ներկայացրած գլխավոր պահանջն այն է, որ Հայաստանում հանցագործություն կատարած ադրբեջանցուն հենց այնպես չհանձնեն Բաքվին:
Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը, որը, ըստ պաշտոնական Բաքվի, ինքնակամ լքել է Լաչինի զորամասը, հատել էր Հայաստանի հետ սահմանն ու մտել Սյունիքի մարզի Շաքի գյուղի տներից մեկը: Տանտիրուհին, իր երկու անչափահաս երեխաներին զինվորից պաշտպանելիս, ոտքի ծանր հրազենային վիրավորում է ստացել, կորցրել ձեռքի մատները, ադրբեջանցի զինվորը հոկտեմբերի 1-ին ձերբակալվել է:
Հոկտեմբերի 2-ին նա կալանավորվեց սահմանը ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, Հրազդանի ապօրինի շրջանառության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հոդվածներով, Ադրբեջանում նրան մեղադրում են դասալքության համար:
Վարչապետն ավելի վաղ բացառել է նաև դիվերսիայի հնարավորությունը: Իբրև հիմնավորում Փաշինյանը նշում է, թե ադրբեջանցին ձերբակալվելիս չի դիմադրել, նրա ավտոմատի պահունակն էլ ամբողջական է եղել:
Նախկինում զինվորներին վերադարձնելու դեպքեր եղել են
Այս օրերին Մուսաևի մասին խոսելիս վարչապետ Փաշինյանը պարբերաբար հիշեցնում է, որ Երևանն ու Բաքուն սահմանը հատած, մոլորված զինվորներին վերադարձնելու պայմանավորվածություն ունեն:
Այս մասին առաջին անգամ Նիկոլ Փաշինյանը խոսել էր 2019 թվականի մարտին՝ իշխանության գալուց մոտ մեկ տարի անց: Այն ժամանակ նա շեշտել էր, որ փոխանակումը չի կարող տեղի ունենալ այն դեպքում, երբ ադրբեջանական կողմից ներխուժած անձինք սպանություններ են կատարել:
Հետագայում և Երևանը, և Բաքուն զինվորականների կամ քաղաքացիական անձանց իսկապես վերադարձրել են:
2021 թվականի փետրվարին, օրինակ, ռուս խաղաղապահների միջնորդությամբ ազատ արձակվեցին երկու ադրբեջանցի զինծառայողները, որոնք ձերբակալվել էին Սյունիքի մարզի Տեղ գյուղի շրջակայքում Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից։
2021 թվականի սեպտեմբերին Ադրբեջանից Հայաստան վերադարձած երկու քաղաքացու փոխարեն ադրբեջանական կողմին փոխանցվեց Արցախում կալանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևը:
2025-ին Արավուս գյուղի մոտ մոլորվել ու Ադրբեջանի տարածքում էին հայտնվել 17-ամյա Կարեն Ջահանյանը և Անդրեյ Գյագունցը: Նրանք նույն օրը վերադարձան Հայաստան՝ անհետանալուց 24 ժամ չանցած։
Վերջին վեց տարիների ընթացքում վերադարձի այլ դեպքեր ևս եղել են, իսկ 2023-ին Հայաստանում սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Հուսեին Ախունդովն և նրա հետ Հայաստան ներթափանցած ու 11 տարվա ազատազրկման դատապարտված Ագշին Բաբիրովը փոխանակվել էին 32 հայ գերիների հետ: