Մատչելիության հղումներ

Գագիկ Խաչատրյանի առանձնատնից՝ Ազգային պատկերասրահ. շուրջ 30 առգրավված կտավ ցուցադրության է դրվել

Երեկվանից Ազգային պատկերասրահի ժամանակավոր ցուցադրությունների սրահում ցուցադրվում են նախկին «սուպերնախարար» Գագիկ Խաչատրյանի, նրա որդու տներից դեռ մեկ ամիս առաջ առգրավված 70 կտավներից շուրջ 30-ը: Քննչական կոմիտեի նախագահը, գլխավոր դատախազը, կրթության նախարարը այս ցուցադրության առաջին այցելուներն էին:

Ցուցադրության զարդը Գևորգ Բաշինջաղյանի 1913 թվականի կտավն է, ու Քննչական կոմիտեի տարածած տեսանյութում նկատում ենք, թե որքան գոհ է կոմիտեի նախագահը քննչական գործողությունների արդյունքում նախկին բարձրաստիճան պաշտոնյայի տնից պատկերասրահ հասած կտավի փաստից:

Գրիգոր Խանջյան, Անատոլի Ավետյան, Սարգիս Մուրադյան, Վահան Խորենյան. բայց միայն հայ հեղինակների գործեր չեն Խաչատրյանի հավաքածուում, այստեղ նաև ԽՍՍՀՄ ժողովրդական նկարիչ Տկաչովի «Ծիծաղ և արցունքներ» աշխատանքն է, «Կթվորուհի Տանյան», «Նիկոլայ հրաշագործի սրբապատկերը», ավստրիացի նկարիչ Բալհեյմի «Տրիոլցի աղջիկն» է այստեղ, նաև մի շարք գործեր, որոնք անանուն են, համենայնդեպս ցուցադրության կազմակերպիչ իրավապահների համար: Մշակութային այս արժեքները այցելուների աչքը կշոյեն, բայց Խաչատրյանի փաստաբանական թիմի պնդմամբ՝ նախաքննական մարմինը սրանով ակնհայտ ապօրինություն է անում։

«Էդ գույքը չի կարելի օգտագործել, օրենքը նման հնարավորություն չի տալիս», - ասում է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի անդամ Ամրամ Մակինյանը։

Մակինյանը շեշտում է՝ թեպետ Քննչականը հայտնել է, թե այս կտավները իրեղեն ապացույց են ճանաչվել, սակայն այդպիսի որոշում իրենք չեն ստացել, վարույթն իրականացնող մարմինը այդ կտավների ծագման և դրանց օրինականության վերաբերյալ գեթ մեկ պարզաբանում չի փորձել ստանալ Խաչատրյաններից։ Եթե, այնուամենայնիվ, դրանք իրեղեն ապացույց են և պիտի պահվեն պատկերասրահում, դրանք ցուցադրել չի կարելի, նույնն է թե, որևէ մեկի կոստյումը իրավապահներն առգրավեն ու որոշեն, որ պիտի կրեն այն։

Պատկերասրահն ունի պահոցներ և հավաքածուն պիտի այնտեղ պահվեր, ոչ թե ցուցադրվեր, շեշտում է Մակինյանը: Ի դեպ, Խաչատրյանի պաշտպանները հայտարարում են․ «Եթե պետք է՝ Խաչատրյաններն անձամբ կարող են կազմակերպել այդ կտավների բաց ցուցադրությունը, իսկ վարույթ իրականացնող մարմնի գործողությունը պետք է բխեն բացառապես օրենքից»։ Ինչպես են իրեղեն ապացույցները դրվել ցուցադրության, և ցուցադրությունն էլ, այսպես ասած, անոնսում են գլխավոր դատախազն ու Քննչական կոմիտեի նախագահը՝ կոմիտեից, դատախազությունից այս հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալ չհաջողվեց։


Կոռուպցիոն հանցագործությունների մեջ մեղադրվող Խաչատրյանը արվեստասեր է, նկարների հավաքորդ: Նրա փաստաբանական թիմից տեղեկացրին՝ բոլոր աշխատանքները նա ու ընտանիքի անդամները նվեր են ստացել:

Դեռ մեկ ամիս առաջ Քննչականի տարածած կտավների առգրավման կադրերում տեսնում ենք նաև նախկին բարձրաստիճանի դիմանկարները, դրանք պատկերասրահում չեն ցուցադրվում:


​
XS
SM
MD
LG