Մոտ մեկ ամիս կալանքի տակ գտնվող և դատարան պառկած՝ պատգարակով բերվող Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը կալանավորման որոշումը չի կարողանում ստանալ, որ այն բողոքարկի Վերաքննիչ դատարան:
Կոռուպցիոն հոդվածներով մեղադրվող նախկին «սուպերնախարարի» պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել, որում նշվում է. - « Գագիկ
Խաչատրյանը արդեն 27 օր զրկված է հատուկ վերանայման բողոք ներկայացնելու իրավունքից օգտվելուց։ Բացի դա, թվացյալ իրավական ճգնաժամ է առաջանում Գագիկ Խաչատրյանի գործով, քանի որ երկու ամսվա կալանավորման որոշումից հետո Գագիկ Խաչատրյանը և իր պաշտպանները չեն կարողացել հատուկ վերանայման բողոք ներկայացնել և հետևաբար փաստացի զրկվել են
այդ կարևոր իրավունքից օգվելուց։ Սա արդեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում է»:
Թե ինչու նրանք դեռ չեն ստացել դատարանի որոշումը, Բարձրագույն դատական խորհրդից չեն պարզաբանում: Քիչ առաջ ԲԴԽ-ից «Ազատությանն» ասացին, որ դատարանի որոշումն այսօր է ուղարկվել Խաչատրյանին ու թիմին:
Գագիկ Խաչատրյանը կալանավորվել է սեպտեմբերի 2-ին։ Նա մեղադրյալ է միանգամից մի քանի գործերով. կա մի գործ, որը քննվում է դեռևս 2019 թվականից՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու, փողերի լվացման հանցակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու հետ կապված։
Այս օգոստոսին հարուցվեց ևս մեկ գործ՝ արդեն փողերի վատնման, գույքի ապօրինի օտարման, գումարի հանցավոր ծագումը քողարկելու, խոշոր չափով կաշառք ստանալու հետ կապված, որի շրջանակներում էլ ՊԵԿ նախկին նախագահը կալանավորվեց։