Ադրբեջանցի զինծառայողի կողմից Շաքի գյուղի իր տանը ծանր վիրավորում ստացած Անի Ավետիսյանի քրոջը զարմացրել է վարչապետի հարցազրույցը, որտեղ Նիկոլ Փաշինյանն, ըստ Արփի Ավետիսյանի, շատ թեթև էր ներկայացնում հոկտեմբերի 1-ին տեղի ունեցածը:
«Երևի պետք է ծածկեին, չմրսեր», - հեգնում է ծանր վնասվածքներ ստացած Անի Ավետիսյանի քույրը:
Արձագանքելով Փաշինյանի այն պնդմանը, թե ադրբեջանցին դիվերսանտ չէ, պարզապես գնացել է այդ տանը քնել է, Արփի Ավետիսյանը հակադարձում է, եթե այդ զինվորը վնասելու մտադրություն չունենար, երեխաների վրա չէր փորձի կրակել:
«Եթե մոլորված էր, եթե վնաս չէր ուզում տալ, թող գնար հանձնվեր, ոչ թե ընտանիք դներ կոտորեր», - ասաց Արփի Ավետիսյանը:
Ի դեպ «Ինֆոքոմ»-ին տված հարցազրույցում, թեև Փաշինյանը մի կողմից նշում էր, թե դեպքի շուրջ քննություն է ընթանում, սակայն մյուս կողմից բացառում էր դիվերսիայի հնարավորությունը: Իբրև հիմնավորում Փաշինյանը նշում է, թե վիրավորված ադրբեջանցին ձերբակալվելիս չի դիմադրել, նրա ավտոմատի պահունակն էլ ամբողջական է եղել:
Մինչդեռ, դատելով Անի Ավետիսյանի ստացած վնասվածքներից, ադրբեջանցին մի քանի կրակոց է արձակել: Ավելին, քրոջ պատմածով Նասիմի Մուսաևը նաև փորձել է կրկին լիցքավորել ավտոմատը, երբ Անին արդեն դանակով փորձել է փրկել երեխաների կյանքը:
Ինչպե՞ս կարող էր պահունակը ամբողջական լինել, եթե ադրբեջանցի զինծառայողը արդեն կրակոցներ էր արձակել: Ծանր վիրավորում ստացած Շաքիի բնակչուհու քույրը նաև հարցնում է, եթե ադրբեջանցին այդքան խաղասեր էր, վնասելու մտադրություն չուներ, ինչո՞ւ էր երեխաներին պատանդ վերցնում. «Դե եթե թողներ, չէր սպասի ծնողները գան հասնեն, արդեն ինքը գնացած կլիներ»:
Ի դեպ, Արփի Ավետիսյանի խոսքով՝ ադրբեջանցի զինծառայողը երեխաներին պատանդ վերցնելու ժամանակ եղել է Անիի ավագ որդու շորերով: Նա սկզբում ցանկացել է փոխել շորերը, նորից հագնել իր զինվորական հագուստը, սակայն մտափոխվել է:
Արփի Ավետիսյանը «Ազատությանը» ավելի վաղ պատմել էր, որ մինչև Անի Ավետիսյանը Սիսիանից կհասներ Շաքի գյուղ, ադրբեջանցին երկու անչափահաս երեխաներին պատանդ է պահել, հետո արդեն երբ մայրը տուն է հասել, տեսել է, որ զինծառայողը ուզում է կրակել երեխայի վրա, ձեռքով փորձել է պահել, կրակոցի հետևանքով կորցրել է ձեռքի երեք մատները, ազդրի ոսկորները փշրվել է:
Տուժած կինն օրերս բարդ վիրահատություն է տարել, ևս երեքը դեռ առջևում են:
«Պետք էր սպասել ոստիկաններին»
Այսօր խորհրդարանում Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Փաշինյանն, ըստ էության, մեղադրեց Անի Ավետիսյանին ոստիկանությանը չսպասելու և իր երեխաներին ինքնուրույն փրկելու համար՝ տեղի ունեցածը որակելով սովորական կրիմինալ դեպք:
«Մայրական բնազդը երբեմն ամեն ինչից շատ ուժեղ է, հասկանալի է, բայց երբ որ ոստիկանություն են զանգում, դիմում են ոստիկանություն, ուրեմն պետք ա սպասել ոստիկանության գործողություններին, - հայտարարեց Փաշինյանը և նշեց, - Դա սովորական կրիմինալ իրավիճակ է, և եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, բացարձակապես ոչ մի բան մեծ հավանականությամբ տեղի չէր ունենա»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հրապարակված հարցազրույցում, ըստ էության, նշեց, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ ադրբեջանցի զինծառայողը չի փոխանակվի: Վերջին օրերին ընդդիմության ներկայացրած գլխավոր պահանջը հենց դա էր, Հայաստանում հանցագործություն կատարած ադրբեջանցուն հենց այնպես չհանձնել Բաքվին:
Փաշինյանը փորձեց հիմնավորել, թե կողմերը նախկինում պայմանավորվել են, որ եթե զինվորը սահմանը հատում, մոլորվում է, նրան պետք է վերադարձնել:
«Տարբեր թեմաներ են, որովհետև նախկինում էլ այսպիսի իրավիճակներ եղել են, որովհետև այդպիսի դեպքեր, որ զինվորներն այս կողմ, այն կողմ անցնում են.... մենք ունենք պայմանավորվածություն, որ զինվորների անցնել դառնալու պրոցեսները անջատենք նայելու բոլոր դեպքերից: Որովհետև, պատկերացրեք, հիմա մենք իրենց ասենք, որ ենթադրենք գերիներից մեզ տվեք, որ այս զինվորին տա՞նք: Վաղը կարող է մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու», - ասաց վարչապետը:
Խնդիրը, սակայն, այն է, որ ադրբեջանցի զինվորը ոչ թե պարզապես հատել է սահմանը, այլ մուտք է գործել Շաքիի բնակչի տուն, ըստ հարազատների, պատանդ վերցրել երեխաներին, իսկ մորը ծանր վնասվածքներ հասցրել: Փաշինյանն իր հարցազրույցում ասաց, թե Մուսաևը որոշ ժամանակ կմնա Հայաստանում, ըստ էության, ակնարկելով, որ դատապարտվելուց հետո հետագայում նրան կփոխանցեն Ադրբեջանին:
«Այո, առնվազն ինչ-որ ժամանակ կմնա Հայաստանում: Այո, դատապարտվելու է: Իրավական պրոցեսը առանձին է, ինքը կարող է դատապարտվի x տարվա ազատազրկման և մնա Հայաստանի Հանրապետությունում», - նշեց նա:
«Չպետք է ադրբեջանցին այստեղ ինչ ուզի անի, ասեն՝ մոլորվել է, հետ ենք տալիս». գերիների հարազատները փոխանակում են ակնկալում
Մինչդեռ Ադրբեջանի բանտերում տարիներ շարունակ պահվող հայ գերիների հարազատները ակնկալում են, որ Հայաստանի պետական սահմանը հատած ու Շաքիի բնակչհուն ծանր վնասվածքներ հասցրած ադրբեջանցի զինծառայողին հենց այնպես չեն արտահանձնի Բաքվին, այլ փոխանակում կլինի ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիների հետ:
«Շատ-շատ կուզեի, որ փոխանակում լիներ, շատ կուզենային նաև, որ իրենք հասկանային, որ եթե մեր գերիները ոչ մի բան չեն արել, բայց Ադրբեջանում ցմահից մինչև 20 տարվա ազատազրկման են դատապարտվել, ապա չի կարող պատահել, որ ադրբեջանցին գա ու խաղաղ բնակչին վնասի, ու իրենք բանտիկը կկապեն վրան ու հետ տան՝ ասելով, թե մոլորվել է, դա ճիշտ չէ, հենց հիմա մարդը պայքարում է իր ոտքի համար», - «Ազատությանն» ասաց գերիներից մեկի հարազատը՝ անանուն մնալու պայմանով:
Գերիների հարազատների համոզմամբ՝ փոխանակման հնարավորությունը իշխանությունների կողմից պետք է օգտագործվի Հայաստանի 19 քաղաքացիներին վերադարձնելու համար:
Սյունիքի մարզի Շաքի գյուղում վնասազերծված ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը հոկտեմբերի 2-ին կալանավորվեց սահմանը ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, Հրազդանի ապօրինի շրջանառության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հոդվածներով, Ադրբեջանում նրան մեղադրում են դասալքության համար: