Մատչելիության հղումներ

3 հայ գերիների փաստաբանները, ըստ Դավիթ Բաբայանի, Ադրբեջանի գերագույն դատարան են դիմել

Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը ադբրեջանական բանտից News.am-ին է փոխանցել մի ուղերձ, որում հայտնում է, որ «վերջին 10-12 օրվա ընթացքում երկու կարևոր բան է տեղի ունեցել իրենց դատավարության հետ կապված»։

«Ամսի 18-ին մեզ տրամադրել են արդեն վերաքննիչ դատարանի վճռի էլեկտրոնային տարբերակը։ Բնական է, որ այնտեղ, ինչպես նաև նախկինում, ոչ մի ստորագրություն չկա, ոչ մի պաշտոնական նշույլ անգամ չկա։ Այնուամենայնիվ, բերել են և մեզ են տվել՝ 47 հատոր ընդհանուր ծավալով։ Երկրորդը այն է, որ մեր պաշտպանները ներկայացրել են վճռաբեկ բողոք իրենց գերագույն դատարան։ Երեք հոգու պաշտպաններն են ներկայացրել, մյուսներին չեն ներկայացրել կամ տեղյակ չենք, որ ներկայացրել են», - նշել է նա՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ովքեր են այդ երեք հոգին:

Բաքվում ցմահ ազատազրկման դատապարտված Բաբայանը նշել է, որ չնայած պաշտպանները բողոք են ներկայացրել, իրենց հետ չեն հանդիպել.- «Բավականին լավ մեկնաբանված բողոք է ներկայացվել, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ պաշտպանին, որովհետև այնտեղ նշված են բոլոր չարաշահումները օրենքների նկատմամբ, միջազգային իրավունքի նկատմամբ»։

Այժմ, նրա փոխանցմամբ, Բաքվի գերագույն դատարանում մեկնարկում է բողոքի փուլը: Բաբայանն ընդգծում է՝ չգիտի՝ երբ են այդ գործը քննելու, բայց գիտի՝ ինչով է ավարտվելու. «Այսինքն նույն ձևով այդ իրավական, քաղաքական, բարոյական խախտումները, այդ կոպտագույն չարաշահումները տեղի են ունենալու։ Բայց մեզ համար դա չի կարևորը, ուղղակի փաստն է կարևոր, որ այդ ձևական ատյանով անցնենք հետագայում և պատմության համար, և մեր հետագա քայլերի համար»։

Ինչ վերաբերում է վերաքննիչ դատարանի վճռին, Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ այն 99.9 տոկոսով «արտագրված է իրենց դատախազության և առաջին ատյանի դատարանի որոշումից, որևէ ձևով չի տարբերվում»։

«Ինձ մեղադրում են տնտեսական հսկայական չարաշահումների մեջ, թեպետ երբեք բիզնեսով չեն զբաղվել։ Ես ասում եմ՝ այնպես եք ներկայացրել, կարծես, թե ես «Բրիթիշ պետրոլիումը» իմ սեփականություն է։ Կամ, ասենք, ինձ մեղադրում են, որ 1988 թվականի սեպտեմբերից մինչև 1991 թվականի սեպտեմբերի 28-ը եղել եմ ինչ-որ կոմիտեում, որը որոշումներ էր ընդունում պատերազմի ու խաղաղության մասին։ Լավ, ասում եմ հեգնանքով, 1988 թվականի սեպտեմբերը պարզ է, 10-րդ դասարան եմ տեղափոխվել, միգուցե սա է չափանիշը, բայց ինչի՞ 1991 թվականի դեկտեմբերի 28-ը, ոչ թե 27-ը կամ 29-ը, դա անհասկանալի է։ Այսինքն սա մի անմակարդակ գրաքննություն անցած մի փաստաթուղթ է», - նշել է նա։

«Ասեմ նաև, որ վերաքննիչ դատարանի նյութերում վերջին՝ 47-րդ հատորը, 333 էջ ծավալով ընդհանրապես չի ընդունվել։ Այնտեղ գրված է որոշման հիմնավորումը, թե ինչու են այդ բոլոր որոշումները թողնում անփոփոխ, ընդհանրապես չի ներկայացվել», - հավելել է Բաբայանը։

Ադրբեջանական բանտերում այժմ 19 հայ գերի է պահվում, նրանք դատապարտվել են 15 տարուց մինչև ցմահ ազատազրկման։ Մարդու իրավունքների կոպիտ խախտումներով հայտնի Ադրբեջանում դատավարությունն անցնում է փակ՝ միջազգային դիտորդների ու լրատվամիջոցների բացակայությամբ:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG