Մատչելիության հղումներ

Աբովյանի համայնքապետի ՔՊ թեկնածուն Հովհաննես Աբրահամյանն է

«Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստ, արխիվ
«Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստ, արխիվ

Դեկտեմբերին Աբովյանի համայնքի տեղական ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը: Նա ՔՊ Աբովյանիի տարածքային կառուցի ղեկավարն է: Որոշումը կայացվել է երեկ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած կուսակցության վարչության նիստում:

Վարչության անդամներից Հասմիկ Հակոբյանը «Ազատությանը» փոխանցեց, որ մինչև Աբրահամյանի թեկնածության հաստատումը ՔՊ Աբովյանի տարածքային կառույցում ներքին ընտրություններ են եղել և ամենաշատ ձայներ ստացած 2 թեկնածուներից մեկին էլ երեկ ՔՊ վարչությունն ընտրել է:

Որքանո՞վ է ՔՊ-ական Հովհաննես Աբրահամյանը մրցունակ թեկնածու, հաշվի առնելով, որ Աբովյանում իր թեկնածությունը առաջադրելու մտադրություն ունի նաև գործող համայնքապետ, կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, նախկին պատգամավոր Էդուարդ Բաբայանը։ Աբովյանը ղեկավարող Բաբայանը 2021-ին առաջադրվել էր ԲՀԿ-ից կողմից: Մամուլը գրում է, որ այժմ Բաբայանը մտադիր է ինքնուրույն մասնակցել ընտրություններին:

ՔՊ վարչության անդամ Հասմիկ Հակոբյանը ասաց, թե գնում են ընտրության՝ առավելագույն ձայներ ստանալու նպատակով:

Իսկ ճի՞շտ են արդյոք տեղեկությունները, որ իշխող ՔՊ-ն Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի օրինակով մտադիր է եղել համագործակցել նաև Էդուարդ Աբրահամյանի հետ. Հակոբյանն ասաց՝ իրենց քննարկումները փակ ֆորմատով են եղել, և իրենք որոշել են ներկայանալ իրենց կուսակցությունով:

Իշխող ՔՊ-ն առաջիկա ՏԻՄ ընտրություններին որոշ համայնքներում, օրինակ, Գորիսում և Գավառում մասնակցում է «Համերաշխություն» անվանումով դաշինքով, իսկ որոշներում՝ միայնակ:

Այս տարի ՏԻՄ ընտրություններ են նշանակված Հայաստանի 46 համայնքներում: ՔՊ-ն մասնակցում է խոշորացված բոլոր համայնքներում՝ «Հանուն խաղաղ զարգացման» կարգախոսով:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության համար չորս օր է սահմանել՝ սեպտեմբերի 27-ը, հոկտեմբերի 25-ը, նոյեմբերի 29-ը և դեկտեմբերի 13-ը:

Սեպտեմբերի 27-ին արդեն ընտրություններ են անցկացվել չորս համայնքում՝ Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում։

Այսօր մեկնարկել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը, որը կտևի մինչև հոկտեմբերի 25-ը: Դրանք կանցկացվեն 19 համայնքներում, այդ թվում Արտաշատ, Արմավիր, Գավառ, Վարդենիս, Հրազդան, Արթիկ, Գորիս, Մեղրի, Ստեփանավան քաղաքներում և այլուր:

Այս ընտրություններում խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանը» առաջադրվել է միայն Ստեփանավանում, «Հայաստան» դաշինքի մաս կազմող Դաշնակցությունը Մարտունի, Արտաշատ, Հրազդան, Ծաղկաձոր համայնքներում: Դաշինքի մաս կազմող մյուս ուժը՝ «Առաջ» կուսակցությունն էլ միայն Արմավիրի Արաքս համայնքում է առաջադրվել: Առաջիկա ընտրություններին մասնակցում են նաև արտախորհրդարանական որոշ ուժեր, օրինակ, «Ապրելու երկիրը»:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG