Ժողովրդի վստահությունն ընդլայնելու խոստում տված «Ուժեղ Հայաստան»-ը 19 համայնքից կմասնակցի ընդամենը մեկի՝ Ստեփանավանի ավագանու ընտրություններին: Հոկտեմբերի 25-ին 19-ը հիմնականում խոշոր համայնքներում ավագանու ընտրություններ են և խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժը տեղական իշխանության պայքարը սահմանափակում է միայն մեկ համայնքով:
Խորհրդարանական ընտրություններից օրեր անց մանդատները վերցնելու որոշումը ընդդիմադիր խմբակցության ղեկավարը բացատրեց նաև նրանով, որ պայքարը շարունակելու են համայնքներում ու այդպես «կկտրեն Փաշինյանի կուսակցության թևերը»: Խոստումից երկու ամիս անց ինչո՞ւ նահանջեց «Ուժեղ Հայաստան»-ը, ինչո՞ւ մյուս համայնքներում չեն մասնակցում, ո՞ւր մնաց քաղաքական հակառակորդի թևերը կտրելու խոստումը: Խորհրդարանական երկրորդ ուժի պատգամավորները հրաժարվեցին «Ազատության» հարցերին պատասխանել, Նարեկ Կարապետյանն էլ զանգերին չարձագանքեց:
Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակը կգլխավորի Արսեն Գևորգյանը, ՔՊ-ինը՝ Արայիկ Ներսիսյանը
Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակը գլխավորելու է Արսեն Գևորգյանը: Այստեղ խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր ուժերը միասին ՔՊ-ից շատ ձայն էին ստացել: Ու ավագանու ընտրություններին իշխող ուժը որոշել է, որ ցուցակը չի գլխավորի թիմակից գործող համայնքապետը: Թեկնածուն կլինի Արայիկ Ներսիսյանը, որ նախկին իշխանության օրոք էլ ՀՀԿ-ի ցուցակով էր դարձել Լոռի Բերդի ղեկավարը:
Համայնքային ընտրությունների առաջադրումների ժամկետն ավարտվել է, բայց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ չի հրապարակել ցանկը, թե որ համայնքներում ովքեր են առաջադրվել, առջևում թեկնածուների գրանցման փուլն է:
ՀՅԴ-ն Մարտունի, Արտաշատ, Հրազդան համայնքներում և Ծաղկաձորում մասնակցելու է ՏԻՄ ընտրությունների. Սաղաթելյան
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ասաց՝ ՀՅԴ-ն մասնակցելու է խոշորացված Մարտունի, Արտաշատ, Հրազդան համայնքներում և Ծաղկաձորում: Դաշինքի մաս կազմող «Առաջ» կուսակցությունն էլ միայն Արմավիրի Արաքս համայնքում: Դաշնակցական Սաղաթելյանը պնդեց, թե շատ համայնքներում թեկնածու չառաջադրելու պատճառը վախի մթնոլորտն է: Թե կոնկրետ ո՞ւմ և ինչպե՞ս են ճնշում, վախեցնում, պատգամավորը հստակ փաստեր չնշեց:
«Հանցավոր խմբի տրամաբանությամբ ուժային կառույցները՝ ոստիկանություն, նույնիսկ հարկային մարմաիններ, քննչական, դատախազություն, Ազգային անվտանգություն, պլյուս մարզպետարաններ, այս բոլորը միասնաբար, այսինքն, ցանկացած տեղի ընդդիմադիր թեկնածու, երբ ցանկություն է հայտնում առաջադրվելու, այս խումբն անցնում է գործի», - նշեց Սաղաթելյանը:
Հոկտեմբերին սպասվող ընտրություններում ակտիվ կմասնակցի իշխող ուժը: Որտեղ էլ պարտության ռիսկ են կանխատեսել, դաշինք են կազմել ընդդիմադիր թեկնածուի հետ, լրագրողներին վերջին ճեպազրույցում բացատրել էր Նիկոլ Փաշինյանը: Գորիսում միավորվել են ՔՊ-ն ու ՔՊ-ի դեմ 2021-22-ին թունդ պայքարող համայնքապետ Առուշ Առուշանյանը:
Ապրելու երկիրը» կպայքարի 6 համայնքում, ԲՀԿ-ն շարունակում է լռել
Արտախորհրդարանական ընդդիմադիրներից համայնքային իշխանության պայքարում ակտիվ կլինի Մանե Թանդիլյանի գլխավորած «Ապրելու երկիր» կուսակցությունը: Կմասնակցեն Մեղրիում, Գորիսում, Ջերմուկում, Դիլիջանում, Մարտունիում ու Արթիկում: «Ապրելու երկիր»-ը նախորդ ընտրություններում Փարաքարում ու Նոյեմբերյանում հաղթել է իշխող ՔՊ-ին:
Կալանավորված Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան»-ից են շարունակում լռել: Կոտայքի Գառնի, Ծաղկաձոր, Հրազդան համայնքներում էլ են ընտրություններ ու մինչև այս պահը հայտնի չէ՝ որևէ տեղ թեկնածու ԲՀԿ-ն կառաջադրի՞ են, թե՞ ոչ: Ծառուկյանի մամուլի խոսնակն ամբողջ օրը չպատասխանեց մեր հարցին: Համայնքային ընտրություններ կլինեն նաև նոյեմբերին ու դեկտեմբերին: