Մատչելիության հղումներ

Համերաշխությո՞ւն, թե՞ պարտությունից խուսափելու միջոց. ինչո՞ւ է ՔՊ-ն միավորվել Առուշ Առուշանյանի հետ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» հարցումներ է արել ու պարզել՝ մեծ է հավանականությունը, որ ՔՊ-ն Գորիսի տեղական ընտրություններում նորից պարտվելու է, ու որոշել են դաշինք կազմել գործող համայնքապետի՝ Առուշանյանի հետ, որ վերջին անգամ Փաշինյանի ուժին հաղթեց բանտից: Վարչապետն այսպես է մեկնաբանում նախկին ՀՀԿ-ականի հետ միավորվելու որոշումը:

«Մեր հետազոտություններն էլ են ցույց տալիս, որ էլի նույն իրավիճակը կարող ենք ունենալ, երբ համապետական ընտրություններում քվեարկում է ՔՊ-ի օգտին, իսկ ՏԻմ ընտրույթուններում 180 տոկոս հակառակը: Եվ էս փաստը ինքնին լարում է առաջացնում, և մենք որոշել ենք գնալ համերաշխության ճանապարհով»:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ համապետական ընտրություններում գորիսեցիները ՔՊ-ին են ընտրում, տեղական ընտրություններում՝ մերժում ու հիմա որոշել են այս հակադրությունը հանգուցալուծել, միանալ հնարավոր հաղթողին: Իշխող ուժի ու նախկին ընդդիմադիր Առուշանյանի համերաշխությունը վերագրում է գորիսեցիներին, թե նրանցից անուղղակի ազդակ են ստացել:

«Եվ էս համերաշխության հեղինակը գորիսեցիներն են, որոնք, այո՛, և՛ մեզ, և՛ Գորիս համայնքի առաջնորդությանը, ըստ էության, անուղղակի․․․ ճիշտ է՝ մեզ չեն հարկադրել, բայց էդ ազդակը կա, լավ, ինչքա՞ն կարանք մենք մի ընտրություններում քվեարկել մի կերպ, մյուս ընտրություններում դրա 180 աստիճան հակառակը, և մի՛ տարեք մեզ անընդհատ էս հակադրության տրամաբանության։ Եվ մենք գնացել ենք էդ ճանապարհով», - ասաց Փաշինյանը։

Առուշ Առուշանյանը 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի թունդ քննադատներից էր, նրան մեղադրում էր հայկական հողերը Ադրբեջանին հանձնելու, Սյունիքի անառիկությունը խաթարելու համար, մարդկանց հավաքում էր Սյունիքի դարպասների մոտ, որ Փաշինյանին արգելեն մարզ մտնել։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դաշինքի թեկնածուներից էր, դրանից հետո կալանավորվեց ընտրակաշառքի մեղադրանքով։

Ընտրակեղծարար ու նախկին լինելու մեղադրանքներից բացի, Փաշինյանն իր ընդդիմախոսներին որակում էր «ռևանշիստ, հիբրիդային պատերազմի հրձիգ»։ Հնարավո՞ր է՝ Փաշինյանն իր որակումների հասցեատերերից Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ էլ դաշնակցի․ Փաշինյանն այս հարցին հստակ չպատասխանեց, բայց նշեց, որ էլի կլինեն համերաշխության այսպիսի դաշինքներ։

«Մենք մի շարք համայնքներում, այո՛, գնալու ենք էդպիսի որոշման, և «Համերաշխություն» անունով դաշինք է ձևավորվելու, որտեղ էդ հնարավորությունները կան», - ասաց նա։

Առուշ Առուշանյանը երեկ «Ազատության» հետ զրույցում էր բացահայտել ՔՊ-ի հետ դաշինք կազմելու ծրագիրն ու հիմնավորել կառուցողական համագործակցությամբ։ Փաշինյանի բացատրություններից բառ չկար։

Գորիսում ՔՊ-ի ու գործող քաղաքապետի միավորումից հետո ընդդիմադիր ուժերն այստեղ կմասնակցե՞ն հոկտեմբերի 25-ի ընտրություններին։ Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժից՝ «Ուժեղ Հայաստանից» պատգամավոր Մամիկոն Ասլանյանն ասաց՝ դեռ որոշում չունեն։

«Ուսումնասիրում ենք մեր ռեսուրսները, հանդիպում ենք տեղական ակտիվների հետ, և բնականաբար, երբ որ արդեն օրենքով նախատեսված ժամկետը կգա թեկնածուների, դաշինքների կամ կուսակցությունների թիմերի առաջադրման, մենք էդ ժամկետներում կունենանք։ Էս պահին տեղերում, մարզերում կատարվում են ակտիվ աշխատանքներ», - ասաց Ասլանյանը։

Թե ո՞ր համայնքում կպայքարեն, մի քանի օրից պարզ կլինի։ «Ազատության» տեղեկություններով՝ այս թիմում Գորիսում մրցակից թեկնածու չունեն։

«Հայաստան» դաշինքից պատգամավոր, դաշնակցական Իշխան Սաղաթելյանն ասաց՝ հաջորդ շաբաթ կամբողջացնենք քննարկումները։ Իրենց համար մասնակցությունը միայն հաղթանակի ակնկալիքով չէ, կարևոր է, որ ընտրողներն այլընտրանք ունենան։ Տեղական ընտրությունները հիմնականում հոկտեմբերին են. կանցկացվեն Հայաստանի 10 մարզի 20 համայնքներում:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG