Մատչելիության հղումներ

«Ցածրորակ և դեղին մամուլի հրապարակում». եկեղեցու դեմ զեկույցը քննադատում են իրավապաշտպանները

Էջմիածնի Մայր Տաճարը, արխիվ
Էջմիածնի Մայր Տաճարը, արխիվ

Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին վերագրվող արարքների վերաբերյալ Կառավարության հրապարակած զեկույցը հայտնվել է իրավապաշտպանների քննադատության կենտրոնում։ Նրանց գնահատմամբ՝ զեկույցը չունի հավաստի ապացուցողական բազա, հիմնված է տարբեր տարիներին մամուլում տեղ գտած հրապարակումների վրա: Իսկ որպեսզի այն լիներ արժանահավատ, դրա հեղինակները հրապարակելուց առաջ պետք է պնդումների իսկությունը ստուգեին:

«Քանի որ ակնհայտ է, որ այդ տեղեկություններին տիրապետել են ավելի վաղ ժամանակներից, այսինքն՝ նոր տեղեկություններ չեն, ինչո՞ւ մինչ օրս չկա քրեական վարույթ: Այսինքն՝ եթե արժանահավատ էր, և եթե առերևույթ առկա էին հանցակազմի ինչ-որ տարրեր որևէ վկայություններում կամ որևէ հրապարակման մեջ, ինչո՞ւ ընթացք չի տրվել», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց իրավապաշտպան Աննա Մելիքյանը՝ հավելելով. - «Այսինքն, սա հենց առաջին հարցը հեղինակը այդ զեկույցի պետք է տար և փորձեր ստուգել՝ արդյոք որևէ քայլեր ձեռնարկվե՞լ են, արդյոք արժանահավա՞տ է նման մեղադրանքը, թե՞ ոչ»:

Շուրջ 80-էջանոց այս փաստաթղթում ներառված տեղեկությունների գերակշիռ մասի հիմքում տարբեր տարիների մամուլի հրապարակումներն են։ Օրինակ՝ Կաթողիկոսին ուղղված առանցքային մեղադրանքներից մեկի՝ կուսակրոնության ուխտի խախտման վերաբերյալ որպես հիմնավորում ներկայացված են «Հրապարակ» օրաթերթի ավելի քան տասնամյա վաղեմության հոդվածը, ինչպես նաև իշխանական լրատվամիջոցներում տեղ գտած մի քանի հարցազրույցներ, որոնք պարունակում են նույն պնդումը։ Հղում է կատարված անգամ Mamul.am կայքում զետեղված մի հրապարակման, որի հեղինակն անհայտ է:

«Զեկույցը գրված է բավական ցածր որակի, և զարմանալի է իհարկե, որ պետական մարմնի կողմից հրապարակված փաստաթուղթը կարող է ունենալ այսպիսի բառապաշար, այսպիսի կառուցվածք կամ այսպիսի շարադրանք», - իր հերթին, ասաց իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը, - «Խնդիրը, իհարկե, միայն ոճականը չէ, այլև՝ փաստաթղթի լեզուն, հիմնականում հիշեցնում է դեղին մամուլի հրապարակումներ կամ շատ հաճախ նաև տարբեր տեղեր հնչող ասեկոսեներ»:

Զեկույցի հեղինակները շեշտում են, որ փաստաթղթի պատրաստման համար օգտագործել են «միայն բաց աղբյուրներում առկա և օրինական ճանապարհով հասանելի հանրահայտ տեղեկություններ»՝ ներկայացնելով դրանց պատշաճ հղումները։ Կառավարության կազմում պետական ֆինանսավորմամբ գործող ՊՈԱԿ-ի տնօրենը Ֆեյսբուքում պարզաբանել է, թե իրենք պարզապես խմբավորել ու համակարգել են մամուլի հրապարակումները և դրանք համադրել եկեղեցական կանոնական փաստաթղթերի հետ։ Իրավապաշտպանները, սակայն, հակադարձում են՝ բաց աղբյուրների և մամուլի հրապարակումների հավաքագրումն ինքնին չի երաշխավորում տեղեկատվության հավաստիությունը։

«Բաց աղբյուրներից իրականացվող հետազոտությունների կամ ուսումնասիրությունների կամ հետաքննական նյութերի արժանահավատ լինելու սկզբունքներից մեկը այն է, որ ստուգված և ստուգելի պետք է լինի այդ ինֆորմացիան, որ ցանկացած մարդ կարողանա նույն այդ ինֆորմացիան ստուգի: Ոչ թե ուղղակի բացի հղումը և կարդա, որ ինչ-որ ԶԼՄ ինչ-որ բան է տվել, այլ՝ վստահ լինի, որ այդ գրվածը համապատասխանում է իրականությանը, արժանահավատ է, այսինքն՝ պետք է աղբյուրները լինեն, առաջնային աղբյուրները, և այլն, որ մարդը համադրելով՝ համոզմունք ունենա, որ այդ տեղեկությունները ճշգրիտ են», - նշեց Աննա Մելիքյանը:

Հիմնականում մամուլի հրապարակումների հիման վրա պատրաստված այս զեկույցին ծանոթանալուց հետո վարչապետը եկեղեցում տիրող իրավիճակը որակել է «ճգնաժամային»։ Մինչդեռ երբ լրատվամիջոցների հոդվածները վերաբերում են իր թիմակիցներին, Նիկոլ Փաշինյանը դրանց այդքան էլ չի վստահում, ավելին՝ ամիսներ առաջ դրանք մի առիթով անվանել էր «թղթերի թափոն»:

«Մենք չունենք պարտավորություն ձեր ասածները ընդունել հալած յուղի տեղ: Ուղարկեք էդ փաթեթը, մնացած տոննաներով մակուլատուրան ուղարկեք իրավապահ մարմիններին», - հայտարարել էր վարչապետը:

«Ինչո՞ւ մինչ այժմ չի որևէ վարույթ բռնությունների և մանկապղծության դեպքերով հարուցված չէ»

Այն մեթոդաբանությամբ, որով պատրաստվել է փաստաթուղթը, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանի խոսքով՝ կարելի է ցանկացած քիչ թե շատ հանրային անձի կամ ինստիտուտի վերաբերյալ վարկաբեկող զեկույց պատրաստել։ Նա ընդգծում է՝ ՊՈԱԿ-ի կազմած փաստաթղթում բացակայում են ստուգված փաստերն ու վերլուծությունները, փոխարենը՝ շեշտը դրված է սենսացիայի, վարկաբեկման և էմոցիոնալ ֆոնի վրա: Ըստ Հովհաննիսյանի՝ թիրախավորվել են նաև անձինք, մարդկանց անուններ են հրապարակվել, անգամ՝ երեխայի:

«Այստեղ նաև այլ հարց է առաջանում. պետական մարմնի մոտ եթե առկա են այսպիսի տեղեկություններ, ինչո՞ւ մինչ այժմ չի հայտնվել իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, և որևէ վարույթ նմանատիպ բռնությունների և մանկապղծության դեպքերով հարուցված չէ: Ինչո՞ւ է այդ փաստաթուղթը հրապարակում նմանատիպ դեպքերը, ընդ որում՝ ոչ զգայուն ձևով», - ընդգծեց իրավապաշտպանը:

«Պարտադիր չէ՝ հրապարակվի զեկույցը, որ Դատախազությունը դրա մասին տեղեկանա, այսինքն՝ պետական համակարգում այլ կերպ պետք է այս ամեն ինչը աշխատի: Լուրջ հարցեր ունենք հենց իրավապահ համակարգին և դրա կողմից արձագանքին: Այսինքն՝ եթե տեղյակ են եղել, ինչո՞ւ չեն ստուգել, եթե չեն ստուգել, եթե ստուգել են, ուրեմն՝ պետք է մեկնաբանեն, որ ստուգել են, և հերքվել է», - իր հերթին, ասաց Աննա Մելիքյանը:

Ավելի քան մեկ տարի առաջ որոշ հոգևորականների մանկապղծության մեջ էր մեղադրել վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Դրանից հետո Գլխավոր դատախազությունն այդպես էլ չհայտնեց՝ հարուցվե՞լ է արդյոք քրեական վարույթ, և ի՞նչ է պարզվել։ Ընդ որում՝ շաբաթներ առաջ վարչապետ Փաշինյանը պնդում էր, թե իրավապահների շրջանում պետք է մշակույթ ձևավորվի ստուգելու այն հայտարարությունները, որոնք որևէ մեկին ուղղված մեղադրանք են պարունակում, ինչի արդյունքում էլ, ըստ նրա, «մարդ պետք է հայտնվի բանտում». - «Որ էդպիսի հայտարարությունների արդյունքում ինչ-որ մեկը հայտնվի բանտում: Ո՞վ: Ով որ մեղավոր է»:

Հարցին՝ արդյոք ուսումնասիրվե՞լ են մամուլի այն հրապարակումները, որոնք «Քաղաքացիական պայմանագիր»-ը վերջին մեկ տարում ակտիվորեն շրջանառում է, և ի՞նչ է պարզվել, Դատախազությունից առաջարկեցին հարցերն ուղարկել գրավոր։

Իսկ Հայ Առաքելական եկեղեցին «հակասահմանադրական, հակականոնական և անօրինական» է որակել զեկույցը՝ նշելով, որ անընդունելի են համարում «քաղաքական կամայական մոտեցումներով, մեքենայություններով ու պարտադրանքներով թելադրված բարենորոգման որևէ շարժում»։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG