Մատչելիության հղումներ

«Եդինայա Ռոսիա»-ն ստացավ Պետդումայի 450 մանդատից 349-ը

Ռուսաստան - Քվեարկությունը Սոչիի ընտրատեղամասերից մեկում, 20-ը սեպտեմբերի, 2026թ.
Ռուսաստան - Քվեարկությունը Սոչիի ընտրատեղամասերից մեկում, 20-ը սեպտեմբերի, 2026թ.

Սեպտեմբերի 18-20- անցկացված ընտրությունների արդյունքներով՝ Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» («Միասնական Ռուսաստան») կուսակցությունը ստացել է Պետդումայի 450 մանդատներից 349-ը, այսօր հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան:

Սա «Եդինայա Ռոսիա»-ի և որևէ քաղաքական ուժի ամենամեծ ցուցանիշն է Պետդումայի գոյության ընթացքում:

Նաև, Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատում տեղեր են ստացել Ուկրաինայում պատերազմի 46 մասնակիցներ, նշում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Current Time նախագիծը:

Ռուսաստանի կոմկուսը ստացել է 37, Լիբերալ դեմոկրատական կուսակցությունը՝ 23, «Նոր մարդիկ» կուսակցությունը՝ 19, «Սպրավեդլիվայա Ռոսիա» («Արդար Ռուսաստան») կուսակցությունը՝ 17 մանդատ: Բացի այդ, միամանդատ ընտրատարածքներից ընտրվել են «Ռոդինա» («Հայրենիք») կուսակցության մեկ ներկայացուցիչ և չորս ինքնառաջադրվածներ:

Ընտրությունների ընթացքում ընտրատեղամասերից հեռացրել են աննախադեպ թվով՝ 15 դիտորդների, որոնցից 6-ական՝ «Յաբլոկո» կուսակցությունից և կոմկուսից: Բացի այդ՝ դատարանի միջոցով ընտրատեղամասերից հեռացրել են ընտրական հանձնաժողովների 17 անդամների, որոնցից 6-ը՝ կրկին «Յաբլոկո»-ից:

Պաշտոնական տվյալներով՝ քվեարկությանը մասնակցել են ընտրողների 59.8 տոկոսը: Ընտրական գործընթացների փորձագետների կարծիքով, սակայն, այդ ցուցանիշի էական մասը ձեռք է բերվել վարչական ռեսուրսի օգնությամբ, իսկ իրական ակտիվությունը 35-40 տոկոս էր:

Ընտրություններին մասնակցած բոլոր կուսակցությունները այս կամ այն չափով սատարում են նախագահ Վլադիմիր Պուտինի արտաքին քաղաքականությունը և Ուկրաինայի դեմ պատերազմը: Հակապատերազմական կարգախոսներով հանդես եկող միակ կուսակցությանը՝ «Յաբլոկո»-ին, ընտրություններից դուրս թողեցին:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG