Մատչելիության հղումներ

Զելենսկի․ Ուկրաինան պատրաստ է փոխադարձ քայլերի՝ Ռուսաստանի հետ լարվածությունը թուլացնելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հարվածների հետևանքով Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության ոլորտի նկատմամբ և կրկին կոչ արել ավարտել պատերազմը։

«Ռուսաստանը, ցավոք, Ուկրաինայի հետ պատերազմի պատճառով կորցրել է վերահսկողությունը դիզելային արդյունաբերության նկատմամբ։ Դիզել արտադրող մեծ թվով ռուսական նավթավերամշակման գործարաններ պայթեցվել և առնվազն ժամանակավորապես շարքից հանվել են», - գրել է Թրամփը Truth Social-ում՝ պատերազմն անվանելով «անիմաստ և անվերջ»։

Վերջին ամիսներին ուկրաինական անօդաչուների հարվածներից Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարաններից մի քանիսը դադարեցրել կամ զգալիորեն կրճատել են արտադրությունը։ Ռուսաստանը նաև սահմանափակել է դիզելի արտահանումը։

Թրամփի հայտարարությանն արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ համաձայնելով, որ պատերազմը պետք է ավարտվի։ Նրա խոսքով՝ Կիևը պատրաստ է նաև փոխադարձ քայլերի՝ լարվածությունը թուլացնելու համար։

«Ուկրաինայի էներգետիկ ոլորտը, կարևոր ենթակառուցվածքներն ու պարենային արտահանումը պետք է դադարեն Ռուսաստանի թիրախը լինել, և դա կհանգեցնի նաև մեր կողմից համապատասխան քայլերի», - գրել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ հնարավոր լուծումները քննարկվում են ԱՄՆ-ի հետ, իսկ բանակցությունները կշարունակվեն Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։ Զելենսկին ու Թրամփը երեկ հեռախոսազրույցում պայմանավորվել են հանդիպել Նյու Յորքում։

Թրամփը մինչ այս կոչ էր արել Կիևին դադարեցնել Ռուսաստանի դիզելային ենթակառուցվածքներին հարվածները՝ պնդելով, որ դրանց հետևանքները զգում է նաև համաշխարհային շուկան։

XS
SM
MD
LG