Մատչելիության հղումներ

«ՀՀ-ում ՌԴ տնտեսական օպերատորների շահերի ոտնահարումը չի մնա առանց պատշաճ արձագանքի». Գալուզին

Հայկական երկաթուղին, արխիվ
Հայկական երկաթուղին, արխիվ

Հայաստանում Ռուսաստանի տնտեսական օպերատորների շահերի ոտնահարումը չի մնա առանց ռուսական կողմի պատշաճ արձագանքի, այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը:

«Հայաստանը հայտարարել է, թե հայրենական [ռուսաստանյան. - խմբ.] ներդրումներին հանրապետությունում ոչինչ չի սպառնում, բայց հայտարարությունները ամեն ինչում չէ, որ համընկնում են իրականության հետ», - ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է Գալուզինը:

Ուրբաթ օրը ավելի վաղ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովն էր հայտարարել, թե Հայաստանի իշխանությունները ցանկանում են արժեզրկել ռուսաստանյան ակտիվները՝ ստիպելու համար սեփականատերերին ազատվել դրանցից:

«Ֆիքսում ենք նախանշաններ, որ հաջորդ թիրախները կարող են դառնալ Հայաստանում ռուսաստանյան արդյունաբերական և ենթակառուցվածքային ձեռնարկությունները», - ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Շևցովը՝ չտալով Հայաստանում գործող ռուսական որևէ բիզնեսի անուն:

Նրա խոսքով՝ «շրջանառվում են թեզեր դրանց անբավարար ֆինանսավորման, ներդրումային մթնոլորտի վրա բացասական ազդեցության, դրանց գործունեության բնապահպանական վնասի, աշխատակիցների ցածր աշխատավարձի մասին»:

«Դա արվում է արժեզրկելու համար ռուսաստանյան ակտիվները և սեփականատերերին ստիպելու ազատվել դրանցից», - պնդել է ռուս պաշտոնյան:

Նման մարտավարությունը, Շևցովի համոզմամբ, «կդառնա ևս մեկ «կրակոց ոտքին» հայաստանյան տնտեսության համար՝ հաշվի առնելով, որ «ռուսաստանյան բիզնեսը տասնյակ հազարավոր աշխատատեղեր է ստեղծել և արդյունավետ կառավարում է իր ակտիվները օրինական հիմքերի վրա՝ նշանակալի ներդրում ունենալով Հայաստանի համախառն ներքին արդյունքում»:

Երկաթուղու հարցում «իրականությունը Երևանի հայտարարությունների հակառակն է»

Նախօրեին էլ ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն էր հայտարարություններ արել Հայաստանի վերաբերյալ՝ պնդելով, մասնավորապես, թե երկրի իշխանությունները ձգտում են խզել կապերը Ռուսաստանի հետ:

Անվտանգության խորհրդում Շոյգուի տեղակալն ակներևաբար նկատի ունի առաջին հերթին հայկական երկաթուղու շուրջ վերջին զարգացումները:

Այս ամսվա սկզբին Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետն առաջարկել էր քննարկել նաև ոչ շահութաբեր ռուսական ընկերությունների հարցը: Բայց արդյո՞ք այս ամիսներին հայ - ռուսական հրապարակային բանավեճի թեմա դարձած երկաթուղու ռուսական կառավարմանն էր վերաբերում, տեսախցիկների առջև Փաշինյանը չէր հստակեցրել:

Հայտնի է, որ «Հարավկովկասյան երկաթուղին» է հիմնականում վնասով աշխատում: Հայկական կողմը տարեսկզբից Մոսկվային առաջարկում է հայկական երկաթուղու 30-ամյա ռուսական կոնցեսիան վաճառել բարեկամական երրորդ երկրի՝ պնդելով, որ Արևմուտքի հետ թշնամական հարաբերություններ ունեցող Ռուսաստանի կառավարման պատճառով Հայաստանը տարածաշրջանում կորցնում է մրցակցությունը:

Ռուսաստանը, մինչդեռ, որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու շահագործման իր կոնցեսիոն իրավունքը որևէ մեկին փոխանցելու համար:

Մոսկվան նաև հայտարարել է՝ եթե Հայաստանը դադարեցնի իր դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն պայմանագիրը, ապա պետք է վերադարձնի բոլոր այն ներդրումները, որոնք ռուսական ընկերությունն արել է 2008 թվկականից մինչ այսօր: «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գործադիր տնօրենն անգամ կոնկրետ գումար էր նշել՝ շուրջ 400 միլիոն դոլար:

Այսօր ՌԴ ԱԳ փոխնախարար Գալուզինը պնդել է, թե երկաթուղու հարցում իրականությունը Երևանի հայտարարությունների հակառակն է, և «ռուսաստանյան ընկերությունը շատ տարիներ իր եկամուտները ներդնում է հայկական երկաթուղային ենթակառուցվածքի աջակցության, նորացման և զարգացման գործում»:

Հայաստանի նոր կառավարությունը նաև իր ծրագրով պարտավորվել է մինչև 2027 թվականի ավարտը կողմնորոշվել նոր ատոմակայանի կառուցման տեխնոլոգիայի հարցում։ Այս տարվա մարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե «Հայաստանը որոշում է կայացրել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ», բայց թե կոնկրետ որ երկրի հետ է մտադիր համագործակցություն կնքել, Երևանը դեռ չի հստակեցրել։

Երկու շաբաթ առաջ ճեպազրույցի ժամանակ, այդուհանդերձ, վարչապետն ասաց, թե անհնար չեն համարում «որևէ մոդելի ընտրությունը»: «Մեզ պետք է լավագույն առաջարկը, և մենք փնտրում ենք լավագույն առաջարկը: Մենք երբեք չենք ասել, որ ռուսականը չի կարող լինել լավագույն առաջարկ, այդ թվում՝ մոդուլյարների մասով, էնպես չի, որ Ռուսաստանը մոդուլյարների մասով առաջարկ չունի», - ընդգծեց Փաշինյանը՝ վստահեցնելով. - «Ատոմակայանի հարցը [...] մեզ համար աշխարհքաղաքական ընտրություն չի, մեզ անհրաժեշտ է գին-որակ լավագույն հարաբերակցություն. ով մեզ լավագույն առաջարկը անի, մենք գնալու ենք այդ առաջարկի հետևից»:

Հայաստանում ռուսաստանյան խոշորագույն ակտիվներից է նաև «Գազպրոմ-Արմենիա»-ն, որի շուրջ, սակայն, ներկայումս գոնե հրապարակային բանավեճ չկա: Ընկերությանը հայաստանյան վերլուծական և այլ շրջանակներն անդրադառնում են հիմնականում Հայաստանի համար բնական գազի շուկայական սակագին սահմանելու՝ Ռուսաստանից պարբերաբար հնչող սպառնալիքների ֆոնին:








Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG