Սահմանադրական դատարանը կքննի արտերկրում երկար ժամանակ ապրած Հայաստանի քաղաքացիներին քվեարկելու իրավունքից զրկող նոր կարգավորման սահմանադրականությունը։
ՍԴ-ն վարույթ է ընդունել նախորդ գումարման Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների դիմումը։ Գործը կքննվի դեկտեմբերի 22-ին՝ գրավոր ընթացակարգով, պատասխանող կողմը Ազգային ժողովն է։
Խոսքը հուլիսի 3-ին ընդունված փոփոխությունների մասին է, որոնցով ընտրելու իրավունքից զրկվում են այն քաղաքացիները, որոնք ընտրացուցակների հրապարակմանը նախորդող երկու տարվա ընթացքում առնվազն մեկ տարի Հայաստանում չեն գտնվել։ Բացառություն է նախատեսված արտերկրում սովորողների և պետական գործուղման մեկնածների համար։
Փոփոխություններն ընդունվել էին հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից մի քանի շաբաթ անց՝ հրատապ կարգով։ Իշխանությունը նախաձեռնությունը հիմնավորում էր վերջին ընտրությունների ժամանակ արձանագրված դեպքերով, այդ թվում՝ Ռուսաստանից քվեարկելու նպատակով մեծ թվով քաղաքացիների Հայաստան գալու մասին տեղեկություններով։ Ընդդիմությունը, մինչդեռ, պնդում էր, որ այս կարգավորումը հակասահմանադրական է և անհամաչափ սահմանափակում է քաղաքացիների ընտրական իրավունքը։
ՍԴ դիմելու նախաձեռնության մասին դեռ փոփոխությունների ընդունումից հետո հայտարարել էր նախորդ գումարման «Հայաստան» խմբակցությունը։ Դիմումին միացել էին նաև «Պատիվ ունեմ»-ի և նախկին ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը։
Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Արթուր Վաղարշյանը։