Ընտրությունների արդյունքները ուժի մեջ չմտած՝ գործող խորհրդարանն արդեն հաջորդ ընտրությունների համար խստացնում է խաղի կանոնները։
«Քաղաքացիական պայմանագիր»-ը դրական եզրակացությամբ վաղվա արտահերթ նիստին միանգամից երկու նախագիծ ուղարկեց։ Առաջինով կառավարող թիմի անդամներն առաջարկում են քվեարկելու իրավունքից զրկել Հայաստանի այն քաղաքացիներին, որոնք նախընտրական ցուցակները հրապարակելուց առաջ վերջին մեկ տարվա առնվազն կեսը հայրենիքում չեն եղել։ Բացառություն կսահմանվի միայն ուսման մեկնածների և պետական գործուղումների համար։
Պատգամավոր Լիլիթ Մինասյանը չթաքցրեց՝ Ռուսաստանից ընտրողներ բերելու ահազանգերն են հաշվի առել:
«Մեր ստեղ ապրող քաղաքացիներից ահռելի ծավալի բողոք ենք ստացել, թե՝ «ինչի՞ ես պիտի ստեղ ապրեմ, իմ երեխաներին մեծացնեմ, հարկ տամ, մեր ապագային միտված, պետության ապագային միտված քայլեր իրականացնեմ, և իմ տեղը որոշում կայացնեն անձինք, որոնք որ Հայաստանի Հանրապետության հետ էականորեն կապ չունեն», - հայտարարեց իշխանական պատգամավորը:
Կառավարությունն էլ է դրական եզրակցություն տվել, բայց առաջարկում է բացակայելու ժամկետը երկարացնել՝ ընտրելու հնարավորություն տալով վերջին երկու տարվա առնվազն կեսը՝ մեկ տարին Հայաստանում ապրած քաղաքացիներին։
Օրինագծի հեղինակները չառարկեցին, փոփոխությունները, ամենայն հավանականությամբ, առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ կարվեն։
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը համաձայն չէ, թե սահմանափակվում է մարդկանց ընտրական իրավունքը;
«Հակառակը՝ թույլ ենք տալիս, որպեսզի մենք իրական ժողովրդաիշխանության տրամաբանություն ունենանք Հայաստանի Հանրապետությունում, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքը ի վերջո ծավալվում է Հայաստանի Հանրապետության տարածքում», - ասաց նախարարը:
Նախագծի քննարկմանը ընդդիմությունից մասնակցում էր միայն երկու ամիս առաջ «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր դարձած Գագիկ Համբարձումյանը, որը հայտարարեց, թե այս սահմանափակումը հակասում է Սահմանադրությանը, որտեղ նշվում է՝ 18 տարին լրացած Հայաստանի քաղաքացիներն ունեն ընտրելու իրավունք։ Բացառություն Մայր օրենքը չի սահմանում:
«Խախտվում է անհատի ազատ տեղաշարժի իրավունքը, տո չգիտեմ էլ որ մի հազար սահմանադրական իրավունքներ: Դուք գոնե գիտակցո՞ւմ եք, որ էս փոփոխությունը պարզապես հակասահմանադրական փոփոխություն է: Հարյուրավոր պետությունների մեջ հանկարծ գտել եք մի քանի պետություն, որը էս նման կարգավորում է եղել, և դա էլ արդարացնելու հանգամանքով», - նշեց ընդդիմադիր պատգամավորը:
Համատեղ հայտարարությամբ նախագիծը խիստ քննադատել են քաղհասարակության մի շարք կազմակերպություններ, որոնք պնդում են, թե օրենսդրական այս փոփոխությունները հակասահմանադրական են ու ընտրական իրավունքի անօրինական և անհամաչափ սահմանափակում՝ վտանգելով ժողովրդավարական սկզբունքները և խախտելով քաղաքացիների քաղաքական իրավունքները։ Իրավապաշտպանները հիշեցնում են, որ նախագիծն առանց հանրային քննարկման անմիջապես դրվել է հրատապ ընդունման։
Ընդդիմության փաստացի բոյկոտի պայմաններում իշխանության նախաձեռնությանն աջակցում էր Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» խմբակցությունից հեռացած Գեղամ Նազարյանը:
«Չցանկանալով կրել դժվարություններ՝ գնացել են արտերկիր, մոռացել են էս երկրի մասին և հանկարծ ինչ-որ մի պահի հիշում են և ուզում են գան քվեարկեն: Մենք պե՞տք է էդ մարդկանց թողնենք քվեարկել, իհարկե՝ ոչ, մենք պետք է ավելի խիստ լինենք», - հայտարարեց Նազարյանը:
Օրենսդրական մյուս նախաձեռնությամբ էլ իշխանություններն առաջարկում են մեկից երկու տարով երկարացնել ընտրակաշառքի հետ կապված հանցագործությունների պատժաչափը, իսկ դրա համար դատվածներին անգամ պատիժը կրելուց հետո տևական ժամանակ զրկել պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։
Այստեղ Գեղամ Նազարյանն ավելի հեռուն գնաց. - «Էն քաղաքական ուժը, որը իհարկե դատարանով կապացուցվի, որ համակարգված ձևով զբաղվել է փողաբաժանությամբ, համամասնական ցուցակի առաջին 50 համարները 30 տարով զրկվեն այ ձեր թվարկած պաշտոնները զբաղեցնելուց»:
«Հա, շատ դուրեկան ու շատ գրավիչ է թվում այդ առաջարկը», - արձագանքեց «Քաղաքացիական պայմանագրից» Վահագն Ալեքսանյանը:
Վաղն առավոտից օրենքները կդրվեն պատգամավորների սեղանին՝ արտահերթ լիագումար նիստում։ Ինչո՞վ է պայմանավորված այս շտապողականությունը, արդյո՞ք իշխանությունները պատրաստվում են արտահերթ ընտրությունների, այսօր բացառեց ներքին գործերի նախարարը, վարչապետն էլ օրերս ասել էր, թե դեմ է եղել, որ փոփոխություններն արվեին ընտրություններից առաջ։