Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը հակասահմանադրական է որակում իշխանական պատգամավորների նախաձեռնությունը, որ ուզում են սահմանափակել Հայաստանում չբնակվող քաղաքացիների ընտրելու իրավունքը:
«Դա միանշանակ հակասահմանադրական նախագիծ է, որովհետև սահմանափակվում է մարդկանց ընտրելու իրավունքը, - ասաց սահմանադրագետը և նշեց, - Սահմանադրությունը շատ հստակ է, որ ասում է՝ պետք է 18 տարին լրացած լինի, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այդ դեպքում ունի ընտրելու իրավունք»:
Խորհրդարանական վերջին ընտրություններից մի քանի օր անց ՔՊ-ականները շրջանառության մեջ դրեցին օրենսդրական նոր նախագիծ, որ Ազգային ժողովի ընտրություններին և հանրաքվեին մասնակցելու իրավունք ունենան միայն նրանք, որոնք այդ տարվա ընթացքում շուրջ վեց ամիս ապրել են Հայաստանում:
Սահմանադրության 48-րդ հոդվածով արդեն սահմանափակում կա, թե Ազգային ժողովի ընտրությունների և հանրաքվեի ժամանակ Հայաստանի որ քաղաքացիները չեն կարող ընտրել: Ընտրելու իրավունք չունեն դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ծանր հանցանքների համար դատապարտված ու պատիժը կրող անձինք: Սահմանադրության համահեղինակը պնդում է՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությամբ չեն կարող ընդլայնել այդ սահմանափակումները:
«Եթե Սահմանադրությունը չի նախատեսում որևէ այլ սահմանափակում, ուրեմն Ընտրական օրենսգիրքը կամ ցանկացած որևէ այլ օրենք, տվյալ դեպքում միայն Ընտրական օրենսգիրքը կարող է այդ հարցին անդրադառնալ, իրավունք չունի Սահմանադրությամբ սահմանված սահմանափակումների շրջանակն ընդլայնել», - ասաց Վարդան Պողոսյանը:
Այս նախագիծը նոր են շրջանառության մեջ դրել ու մտադիր են մինչև նոր խորհրդարանի ձևավորումը անցկացնել: Դեռ պետք է քննարկվի հանձնաժողովում ու լիագումար նիստերում:
«Այս պահին նախագծի դրույքները ամեն դեպքում քննարկման ու առաջարկների ստացման փուլում են: Կհասկանանք՝ ընթացքում ոնց առաջ կգնանք», - նշեց նախաձեռնության համահեղինակ Ալխաս Ղազարյանն՝ ասելով՝ հարցեր կան, որ ավելի պետք է հստակեցնեն:
Իսկ Սահմանադրության հետ հակասությունը քննարկե՞լ են և ինչպե՞ս են պատկերացնում լուծումը. «Սահմանադրության հետ խնդիր չունի, որովհետև նմանատիպ կարգավորում ունենք ՏԻՄ օրենքում: Ընտրելու իրավունք ՏԻՄ օրենքում ունեն այն անձինք, ովքեր տվյալ տարածքային ինքնակառավարման մարմնում, հենց նույն հոդվածի մեջ է, Տարածքային ինքնակառավարման մարմնի ռեգիստրում վերջին մեկ տարում 6 մասով հաշվառված է»:
Իշխանական պատգամավորի մեկնաբանությամբ՝ իրենք առաջնորդվել են Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու օրինակով: Ըստ ընտրական օրենսգրքի՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն քվեարկության օրը 18 տարին լրացած ու մինչև քվեարկության օրն առնվազն 6 ամսվա հաշվառում ունեցող Հայաստանի քաղաքացիները:
«Եթե նման ձևակերում ունենք ՏԻՄ օրենքում, կարծում եմ, որ համապետական հանրաքվեների դեպքում ևս պետք է նման կարգավորում ունենանք», - նշեց Ղազարյանը:
Իշխանական պատգամավորը Սահմանադրությամբ ամրագրված սահմանափակումներն ընդլայնելու քայլը համեմատում է Ընտրական օրենսգրքով կարգավորվող դրույթի հետ: Եվ այս օրինակով համարում է, որ որևէ խոչընդոտ չկա: Մինչդեռ սահմանադրագետ Պողոսյանը պնդում է՝ մայր օրենքով ամրագրված դրույթը չես կարող փոխել Ընտրական օրենսգրքով: Պետք է այդ դրույթը փոխես, իսկ դրա համար անհրաժեշտ է հանրաքվե, հակառակ դեպքում, ըստ Պողոսյանի, ստացվում է՝ իշխող խմբակցության այս քայլը հակասում է Սահմանադրությանը:
«Քանի որ իրենք Սահմանադրական դատարանի կողմից որևէ վտանգ չեն զգում, քանի որ Սահմանադրական դատարանի կազմը գրեթե ամբողջությամբ իրենց նշանակած դատավորներն են, մտածում են, որ կարող են հանգիստ հակասահմանադրական օրենք ընդունել ու դա պահպանել ուժի մեջ», - ընդգծեց սահմանադրագետը:
Ալխաս Ղազարյանը օրեր առաջ լրագրողների հետ զրույցում չէր թաքցրել, որ ընտրելու իրավունքը սահմանափակելու այս առաջարկը բխում է իրենց այն պնդումներից, որ մարդիկ Ռուսաստանից եկել են ընդդիմադիրներին ընտրել ու վերադարձել: Համարում են, որ միայն քաղաքացիությունը բավարար չէ ընտրելու իրավունքի համար, պետք է բովանդակային կապ էլ լինի: Երկրի իշխանությունը ձևավորելու գործին մասնակցող քաղաքացիները վերջին 6 ամսում գոնե Հայաստանում պետք է ապրած լինեն:
Սահմանադրագետ Պողոսյանն էլ կարծում է, որ այս փոփոխությունը հեռահար նպատակ ունի, Սահմանադրական հանրաքվեի հետ է կապված. «Օրենսդրական փոփոխությունը նպատակ է հետապնդում հետագայում հանրաքվեների հետ կապված քվորումը փոքրացնել ու դրանով հասնել նրան, որպեսզի հնարավորինս հեշտանա հանրաքվեի դրած ակտի ընդունումը»: