Երևանի ընդհանուր իրավասության դատարանը պետական դավաճանության և ապօրինի ձեռք բերած պետական գաղտնիք պարունակող տեղեկությունը հրապարակելու հոդվածներով մեղադրվող ընդդիմադիր Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգեց երեք ամսով։
«Մայր Հայաստանի» մեկ այլ ներկայացուցիչ, նույն գործով է անցնող նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի կալանքն էլ երկարաձգվեց մեկ ամսով։
ԲՀԿ ընտրացուցակի երկրորդ համարը կալանավորվեց քարոզարշավի ամենաթեժ փուլում՝ պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով: Հիմա, սակայն, երբ գործը հասել է դատարան, պարզվում է՝ Քննչականը մեղադրանքից հանել է ամենաառանցքային դրվագները։ Հիմա մեղադրանքի հիմքում խոսք չկա ոչ ռուսական գործակալական ցանցի, ոչ էլ փոխանցված տեղեկությունների դիմաց ավելի քան կես միլիոն դոլար ստանալու մասին: Ի՞նչ փոխվեց այս ընթացքում, իրավապահները դեռևս չեն մանրամասնում:
Այս պահին հայտնի է, որ մեղադրանքի մեջ գործակալական ցանցը փոխարինվել է ինչ-որ հասարակական կազմակերպությամբ, որին, ըստ իրավապահների, Թևանյանը պետական գաղտնիք է փոխանցել: Իսկ 622 հազար դոլարն էլ գրանտային ծրագրում նշված նախահաշիվ է, որը Թևանյանի կազմակերպությունը, փաստաբանի պնդմամբ, չի էլ ստացել:
Թևանյանի կուսակից Արեգնազ Մանուկյանը, ով մեղադրվում է գաղտնի տեղեկությունները Թևանյանին փոխանցելու մեջ, ճաղերի ետևում է մոտ երկու ամիս: Երկուսն էլ մեղքը չեն ընդունում, գործը քաղաքական հետապնդում են համարում: