«Համաս»-ը հայտարարել է, որ շարունակում է հավատարիմ մնալ ԱՄՆ-ի աջակցությամբ ձևավորված Գազայի խաղաղության համաձայնությանը՝ այն բանից հետո, երբ Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները Իսրայելի հետ քննարկել է խմբավորման զինաթափմանն ուղղված քայլերը։
«Ակնհայտ է, որ մինչև այժմ իսրայելական կողմը միջնորդներին հստակ համաձայնություն չի հայտնել ճանապարհային քարտեզի վերաբերյալ», - France-Presse-ին ասել է «Համաս»-ի խոսնակ Հազեմ Քասեմը՝ հավելելով, որ կան ժամկետներ և ընթացակարգային քայլեր, որոնք պետք է մանրամասն մշակվեն, սակայն նախ անհրաժեշտ է Իսրայելի համաձայնությունը ճանապարհային քարտեզին։
Դոնալդ Թրամփի փեսա Քուշները կիրակի օրն էր Եգիպտոսում հանդիպել «Համաս»-ի ներկայացուցիչների, իսկ հաջորդ օրը Երուսաղեմում՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, որը հրապարակավ մերժել է համաձայնագրի վերջին փուլը։
Բանակցություններից հետո Fox News-ին տված հարցազրույցում Քուշներն ասել է, որ «Համաս»-ի զինաթափումը կարող է սկսվել մոտ 30 օրվա ընթացքում, իսկ Գազայի վերականգնման աշխատանքները չեն սկսվի մինչև զինաթափման գործընթացի մեկնարկը։
Քուշները նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի սահմանափակելու Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը, եթե Գազայում առաջանան որևէ անմիջական սպառնալիքներ։
Չնայած խաղաղության գործընթացի փորձերին՝ Իսրայելը շարունակում է օդային հարվածները Գազայում։