Մինչև տարեվերջ կհրապարակվի նոր Սահմանադրության նախագիծը, և կսկսվի լայն հանրային քննարկում, հայտարարեց «Քաղաքացիական պայմանագրից» Արուսյակ Ջուլհակյանը:
Նոր Սահմանադրության նախաբանը չի պարունակում հղում Անկախության հռչակագրին, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց իշխող ուժի կողմից Պետաիրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Ջուլհակյանը՝ արձագանքելով ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, ըստ էության առաջին անգամ պաշտոնապես հաստատելով այն դիրքորոշումը, որ ուներ վարչապետը:
Արուսյակ Ջուլհակյանը Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ է:
Բաքուն հստակ նախապայման է առաջադրել՝ խաղաղության պայմանագիրը կստորագրվի միայն Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և դրանից Անկախության հռչակագրի հղումը հեռացնելու դեպքում: Հռչակագրում տարածքային նկրտումներ են տեսնում: Նիկոլ Փաշինյանը նույնպես կողմ է այս փոփոխությանը՝ հռչակագիրը համարելով կոնֆլիկտածին և պնդելով, որ դրանից ազատվելը բխում է հենց Հայաստանի շահերից:
Փաշինյանի առաջնորդած ՔՊ-ին հունիսի 7 -ի ընտրություններում չհաջողվեց սահմանադրական մեծամասնություն ստանալ: Նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար պահանջվում է խորհրդարանի հավանությունը՝ պատգամավորների առնվազն 2/3-ի ձայներով: ՔՊ-ն ունի ընդամենը 64 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ է առնվազն 70 կողմ ձայն: