Մատչելիության հղումներ

«Ես վաղուց աճեցված ձուկ չեմ օգտագործում». Փաշինյանը դժգոհեց Հայաստանում արտադրվող ձկնամթերքի որակից

Հայաստանում աճեցված և վաճառվող ձկներ, արխիվ
Հայաստանում աճեցված և վաճառվող ձկներ, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում անդրադարձավ Հայաստանում արտադրվող ձկնամթերքի որակին՝ նշելով, թե ինքը վաղուց ձուկ չի ուտում:

«Ինչքանո՞վ են դրանք որակական ստանդարտներին համապատասխան: Պետք չի ամբողջացնել. կան արտադրողներ, որ այո, կան արտադրողներ, որ ոչ», - հայտարարեց Փաշինյանը՝ շարունակելով. - «Ես, օրինակ, իմ անձնական փորձը ասեմ, կրքեր կբորբոքեմ դրանով, բայց վաղուց աճեցված ձուկ չեմ օգտագործում, շատ վաղուց: Որովհետև իմ համար ակնհայտ է, որ էդտեղ խնդիր կա: Նախ պատահում է՝ անբնական, ինչ-որ, ճարպերը ... հոսում են վրայից, ինչ-որ տարօրինակ և անտրամաբանական»:

«Սրանք հարցեր են, որոնց պետք է անդրադառնանք: Եվ մենք, այո,Հայաստանի ներսում սննդի որակի հետ կապված խնդիրներին պետք է անդրադառնանք», - ասաց վարչապետը:

Այսօր Կառավարությունը հավանություն տվեց ձկնարտադրողներին աջակցություն տրամադրելուն, մասնավորապես՝ 2026 թվականի առաջին կիսամյակում ձեռք բերված կերերի արժեքի մեկ ամսվա միջին գնի 20 տոկոսի չափով։

Ըստ Կառավարության՝ «պետական աջակցության տրամադրման միջոցով հնարավոր կլինի որոշակիորեն ապահովել ձկնաբուծական տնտեսությունների արտադրական գործունեության շարունակականությանը և պահպանել ոլորտի արտահանման ներուժն ու մրցունակությունը»։

Ծրագրի շրջանակում աջակցությունը նախատեսվում է տրամադրել Արարատի և Արմավիրի մարզերում գործող արդյունագործական ձկնաբուծական տնտեսություններին։ «1 կգ ձկան արտադրության համար ծախսվում է միջին հաշվով 1,25 կգ կեր, ուստի 24,0 հազար տոննա ձկան արտադրության համար հանրապետությունում տարեկան օգտագործվում է շուրջ 30 հազար տոննա ձկան կեր։ Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հանրապետությունում 1 կգ ձկան կերի միջին արժեքը կազմում է շուրջ 900 ՀՀ դրամ։ Արդյունքում` տարեկան կերի ձեռքբերման արժեքը կազմում է շուրջ 27,0 մլրդ դրամ, որից ամսական՝ շուրջ 2,25 մլրդ դրամ։ Քանի որ ծրագրով նախատեսվում է փոխհատուցել 2026 թվականի առաջին կիսամյակի միջին ամսական ծավալով ձեռք բերված ձկան կերի փաստացի արժեքի 20 տոկոսը, ապա մեկ ամսվա պետական աջակցության անհրաժեշտ ֆինանսական միջոցները կկազմեն շուրջ 450 մլն դրամ», - մանրամասնում է Կառավարության լրատվականի հաղորդագրությունը:



XS
SM
MD
LG