Մատչելիության հղումներ

Կարգալույծ քահանա տեր Թադեն՝ ԱԺ առաջին նիստին մասնակցության մասին. «Այդ օրը պարզ կլինի»

Թալինի նախկին հոգևոր հովիվ, կարգալույծ քահանա Տեր Թադեն այսօր չպատասխանեց հարցին, արդյո՞ք ինքն է մասնակցելու իններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացմանը:

ՔՊ գրասենյակից դուրս գալուց հետո՝ լրագրողների հարցին՝ «ԱԺ նիստի առաջին օրը կաթողիկոսի փոխարեն Դո՞ւք եք գալու», նա պատասխանեց. «Այդ օրը պարզ կլինի: Պարզապես, չեմ ցանկանում որևէ ինֆորացիա ասել: Կարծում եմ՝ կարող եք հարցն ուղղել Ազգային ժողովի համապատասխան գրասենյակ»:

Կաթողիկոսն այս քահանային կարգալույծ արեց ամիսներ առաջ, երբ նա միացավ Գարեգին Երկրորդին գահընկեց անելու Փաշինյանի պահանջին: Նախկին հոգևորականը չի ընդունում կաթողիկոսի որոշումը և իրեն կարգալույծ չի համարում: Պատարագներ է մատուցում, որոնք Էջմիածինը որակում է անօրինական:

Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ են բացվել անկախ Հայաստանի Ազգային ժողովի առաջին նիստերը: Այդպես է եղել նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո, երբ Մայր Աթոռը Փաշինյանին հորդորում էր հեռանալ: 2021-ի արտահերթ ընտրություններով ձևավորված խորհրդարանի նստաշրջանը մեկնարկեց Վեհափառի աղոթքով:

Ամենայն հայոց կաթողիկոսի մասնակցության մասին նշված է Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում: Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահն ու կաթողիկոսը: Դրանից հետո պատգամավորները երդվում են:

Իններորդ գումարման Ազգային ժողովի նստաշրջանը կմեկնարկի օգոստոսի 2-ին:

Մինչ այժմ կաթողիկոսին հրավեր ուղարկելու մասին չի հայտարարվել:

Կաթողիկոսին գահընկեց անելու Փաշինյանի նպատակը ամրագրվել է նաև իր ղեկավարած կուսակցության ծրագրում: Նախընտրական ծրագրով խոստանում է մինչև 2031 թվականը հեռացնել Գարեգին 2-րդին: Մայր Աթոռի դեմ Փաշինյանի արշավը գագաթնակետին հասավ հատկապես վերջին մեկ տարում: Քրեական գործեր հարուցվեցին Կաթողիկոսի ու Մայր Աթոռին սատարող եպիսկոպոսների դեմ: Մի խումբ բարձրաստիճան հոգևորականներ ամիսներ շարունակ բանտում էին՝ տարբեր մեղադրանքներով:


XS
SM
MD
LG