Մատչելիության հղումներ

Օմանը Իրանին է ներկայացրել Հորմուզի նեղուցի համար տարածաշրջանային մեխանիզմ. Reuters

Օմանը Իրանին առաջարկել է Հորմուզի նեղուցը կամավոր վճարներով կառավարելու համատեղ տարածաշրջանային մեխանիզմ ստեղծել, հաղորդում է Reuters-ի աղբյուրը։

Աղբյուրը հավելել է, որ Օմանի առաջարկը, որն աջակցություն է ստացել տարածաշրջանի մի շարք երկրների կողմից, նախատեսում է, որ Իրանը չի ունենա նեղուցի նկատմամբ միանձնյա վերահսկողություն։

Առաջարկը հիմնված է Մալակկայի նեղուցի կառավարման մոդելի վրա, որտեղ նեղուցից օգտվողները կամավոր ներդրումներ են կատարում՝ ֆինանսավորելու նավարկության անվտանգությունը, շրջակա միջավայրի պահպանությունը, ինչպես նաև որոնողափրկարարական աշխատանքները։

Միացյալ Նահանգները շաբաթավերջին անսպասելիորեն դադարեցրել է Իրանի դեմ իրականացվող օդային հարվածները, ինչը մեծացրել է դիվանագիտական լուծման հասնելու հույսերը։ Նման համաձայնության դեպքում հնարավոր կլինի վերականգնել նավագնացությունը Հորմուզի նեղուցում, որով մինչ հակամարտությունը տեղափոխվում էր համաշխարհային էներգակիրների մոտ մեկ հինգերորդը։

Նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «լավ բանակցություններ» է վարում Իրանի հետ, և համաձայնության հասնելու հնարավորություն կա։ Սակայն Թրամփը զգուշացրել է, որ եթե բանակցություններն արդյունք չտան, ԱՄՆ-ն կվերսկսի Իրանի դեմ հարվածները։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին երկուշաբթի Հորմուզի նեղուցի հարցը քննարկել է Օմանի և Սաուդյան Արաբիայի իր գործընկերների հետ։

Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն. «Նա ընդգծել է տարածաշրջանում կայունության հաստատման, համագործակցության ամրապնդման և համատեղ դիվանագիտական ջանքերի առաջմղման անհրաժեշտությունը, ինչպես նաև Հորմուզի նեղուցում Միացյալ Նահանգների ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված անապահովության վերացման կարևորությունը»։


XS
SM
MD
LG