Մատչելիության հղումներ

Ռուսաստանի հարվածների հետևանքով Ուկրաինայում զոհեր կան

Հրշեջը մարում է բենզալցակայանում հրդեհը` Սումիի մարզում ռուսական հարձակումից հետո, 2026թ. հուլիսի 23
Հրշեջը մարում է բենզալցակայանում հրդեհը` Սումիի մարզում ռուսական հարձակումից հետո, 2026թ. հուլիսի 23

Զապորոժիեի մարզում գնդակոծության հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտնել է Զապորոժիեի մարզի ղեկավար Իվան Ֆյոդորովը։ Նրա տվյալներով՝ Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել մարզին՝ կիրառելով անօդաչու թռչող սարքեր և հրետանի։ Նա նաև հայտնել է ենթակառուցվածքային օբյեկտների ավերման վերաբերյալ 78 հաղորդման մասին։

Խարկովի մարզում ռուսական գնդակոծությունների հետևանքով տուժել է առնվազն 11 մարդ, հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ Նա նաև տեղեկացրել է, որ մարզում երկու երիտասարդ են զոհվել պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով։ Ռազմական գործողությունների պատճառով շուրջ 245 մարդ օգնության համար դիմել է տարհանման կետ։

Խերսոնի մարզում Ռուսաստանի զինված ուժերի գնդակոծությունների հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս 20-ը՝ վիրավորվել, հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը։ Նրա տվյալներով՝ հարվածների տակ են հայտնվել մի քանի տասնյակ բնակավայրեր։

Սումիի մարզում ռուս զինվորականները հարվածել են բենզալցակայաններից մեկին։ Հարվածների տակ է հայտնվել նաև Օդեսան, որտեղ վնասվել են ենթակառուցվածքային օբյեկտներ, մասնավոր տներ։

Անցած գիշեր, ըստ Ուկրաինայի զինված ուժերի օդային ուժերի տվյալների, Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռ, մի քանի թևավոր և կառավարվող հրթիռներ, ինչպես նաև ավելի քան 154 ԱԹՍ։

XS
SM
MD
LG