Ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Ռուսաստանի արևմտյան հատվածում գտնվող լոգիստիկ կենտրոնում 8 մարդ է զոհվել, ևս 24-ը՝ վիրավորվել, այսօր հայտնել է տարածաշրջանի նահանգապետը։
Ուկրաինան հարվածներ է հասցնում Ռուսաստանում գտնվող տարբեր թիրախների՝ հայտարարելով, որ դրանք պատասխանն են Մոսկվայի կողմից Ուկրաինայի տարածքի դեմ ավելի քան չորս տարի շարունակվող հրթիռակոծություններին և հարձակումներին։
«Գիշերային հերթափոխի 7 աշխատակիցներ զոհվել են, երբ հակառակորդի ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի լոգիստիկ կենտրոնին», - հայտարարել է Տամբովի շրջանի նահանգապետ Եվգենի Պերվիշովը։
«Նախնական տեղեկությունների համաձայն՝ հարձակման հետևանքով, որը տեղի է ունեցել Կոտովսկ քաղաքում, 24 մարդ վիրավորվել է», - հավելել է նա։
Ռուսական Wildberries ընկերությունը հայտարարության մեջ հայտնել է, որ հարձակման են ենթարկվել իր լոգիստիկ համալիրները Կոտովսկում և Մոսկվայի մարզի Էլեկտրոստալ քաղաքում։
Հաղորվում է, որ «Էլեկտրոստալ» պահեստում մեկ մարդ զոհվել է, 37-ը՝ վիրավորվել։
«Տամբովի շրջանում գտնվող օբյեկտում բռնկված հրդեհը մեկուսացվել է, իսկ Էլեկտրոստալում հրշեջները դեռ շարունակում են աշխատանքները», - հայտնել է ընկերությունը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի Մոսկվայի և Տամբովի շրջաններում գտնվող երկու խոշոր լոգիստիկ օբյեկտների, ինչպես նաև ռուսական նավթային օբյեկտի:
Զելենսկին հայտնել է, որ լոգիստիկ կենտրոններն օգտագործվում էին Ռուսաստանի կողմից՝ անօդաչու սարքերի արտադրության համար նախատեսված պատժամիջոցների ենթարկված բաղադրիչներ և նավիգացիոն սարքավորումներ մատակարարելու նպատակով։
Վերջին ամիսներին ԱՄՆ-ի գլխավորած դիվանագիտական ջանքերը՝ դադարեցնելու ռուս-ուկրաինական պատերազմը, կանգ են առել, քանի որ Վաշինգտոնը ուշադրությունը կենտրոնացրել է Իրանի հետ հակամարտության վրա։