Մատչելիության հղումներ

TRIPP համաձայնագիրը՝ վավերացման փուլում

Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև TRIPP-ի վերաբերյալ կնքված ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի վավերացման մասին օրենքի նախագծին։

Հաջորդ քայլով գործադիրը կդիմի ՍԴ՝ մայր օրենքին միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը որոշելու նպատակով: Եթե ՍԴ-ը միջազգային պայմանագրի պատրավորությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչի, այն կներկայացվի ԱԺ՝ վավերացման համար:

TRIPP-ի այս համաձայնագիրը նախաստորագրվել էր ԱՄՆ պետքարտուղարի՝ Երևան կատարած կարճատև այցի ընթացքում, իսկ վերջնական ստորագրումը կայացել էր հունիսի 4-ին։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը նշեց, որ «TRIPP զարգացման ընկերությունը» կստանա հողօգտագործման, կառուցապատման իրավունք այս գոտիներում, և այս իրավունքը կգործի նախնական 49 տարով. «Այս ժամկետում ընկերությունում բաժնեմասերը կբաշխվեն հետևյալ կերպ՝ ԱՄՆ-ին կպատկանի բաժնեմասերի 74 տոկոսը, Հայաստանին կպատկանի բաժնեմասերի 26 տոկոսը։ 49 տարին լրանալուց հետո հնարավորություն կա կողմերի համաձայնությամբ երկարաձգել համաձայնության ժամկետը ևս 50 տարով, և այս դեպքում կապահովվի, որ ՀՀ-ն ունենա ընկերության բաժնեմասերի 49 տոկոսը»։

Արտգործնախարարն ընդգծեց՝ «Հայաստանը կպահպանի իր լիարժեք ինքնիշխանությունն ու լիիրավ իրավազորությունը պետական սահմանի կառավարման, սահմանային վերահսկողության, մաքսային վարչարարության և ՀՀ տարածքում իրականացվող մաքսային բոլոր գործընթացների նկատմամբ»։

«Հայաստանն իր ներպետական օրենսդրությամբ, միջազգային համաձայնագրերին համահունչ, կշարունակի պատասխանատու լինել հետևյալի համար՝

  • Անվտանգություն և իրավապահ գործունեություն,
  • Սահմանային վերահսկողություն ու սահմանային անվտանգություն,
  • Մաքսային և միգրացիոն վերահսկողություն,
  • Հարկերի ու տուրքերի փոխանցում պետական բյուջե և պետական տեղեկատվական համակարգեր,
  • Պետական վարչական գործառույթներ և վերահսկողություն»,- ներկայացրեց Արարատ Միրզոյանը։

Նախօրեին էլ բրիտանական The Guardian-ը հայտնել էր, որ Հայաստանով անցնող TRIPP + առևտրային հիմնադրամը կղեկավարի ԽՍՀՄ-ում ծնված, Չիկագո տեղափոխված ամերիկացի ներդրող Կոնստանտին Սոկոլովը: Ըստ պարբերականի, ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է այս նշանակումը անցած ուրբաթ:


XS
SM
MD
LG