Նոր Ազգային ժողովի նախագահի պաշտոնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Ռուբեն Ռուբինյանը ընտրվելու դեպքում չի շարունակի լինել Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատոիկ ներկայացուցիչ: Այդ մասին գործող խորհրդարանի փոխխոսնակը հայտնեց այսօր լրագրողների հետ զրույցում:
«Քանի որ ես Ազգային ժողովի նախագահի թեկնածու եմ ընտրվել, ընտրվելու դեպքում ակնհայտորեն ես չեմ շարունակելու Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ լինել», - հայտարարեց Ռուբինյանը:
«Որքանով տեղյակ եմ, դեռ հայտնի չէ, թե ով կփոխարինի ինձ՝ որպես հայկական կողմի բանագնաց, բայց վարչապետն ու կառավարությունը կքննարկեն», - ասաց ԱԺ փոխնախագահը:
Հայ-թուրքական բանակցություններում Հայաստանի բանագնաց 36-ամյա Ռուբեն Ռուբինյանին «Քաղաքացիական պայմանագիր»-ը հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ձևավորվող Ազգային ժողովի նախագահի թեկնածու ընտրեց անցած շաբաթ:
Թեկնածու ընտրվելուց հետո «Ազատության» հարցին, թե քանի որ նա ներգրավված է հայ-թուրքական բանակցություններում, հնարավո՞ր է այստեղ որևէ բան փոխվի, թե՞ ոչ, Ռուբինյանն արձագանքել էր. - «Չգիտեմ, չեմ մտածել, որովհետև հինգ րոպե առաջ է այդ որոշումը կայացվել, հինգ րոպեում չենք հասցրել այդ հարցին անդրադառնալ»:
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել էր 2022 թվականի հունվարին Մոսկվայում։ Բանագնացները պարբերաբար հանդիպում են, սակայն գլխավոր խնդիրը՝ 30 տարուց ավելի փակ սահմանի վերաբացումը, մնում է չլուծված։